Շոյգուն չգիտե՞ր, որ «սիրելի» տեղակալին կձերբակալեն․ ցմահ ազատազրկում է սպառնում 

Շոյգուն չգիտե՞ր, որ «սիրելի» տեղակալին կձերբակալեն․ ցմահ ազատազրկում է սպառնում 

Գրել ենք, որ ՌԴ-ում նախ ձերբակալել, ապա երկու ամսով կալանավորել են այդ երկրի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հրամանով Թիմուր Իվանովին ազատել է փոխնախարարի պաշտոնից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ինչպես գրում են ռուսական տելեգրամյան ալիքները, Իվանովը հրավիրվել է հանդիպման առանց անվտանգության և ձերբակալվել աշխատանքային օրվա վերջում։ Բացի այդ, նրա ընտանիքն ու օգնականները զրկվել են փոխնախարարի հետ կապից։

Ըստ լուրերի, Իվանովի ձերբակալության կազմակերպիչները հիանալի գիտեին Շոյգուի աշխատանքային ժամանակացույցը և որ նա մեկնել էր Արխանգելսկ։ Դա հնարավորություն է տվել արգելափակել նախարարի հաղորդակցությունը և ապահովել նրա տեղակալի ձերբակալությունը։

Միաժամանակ, տեղեկություններ կան, որ Իվանովը, ով կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, կարող է կասկածվել պետական դավաճանության մեջ, լրատվամիջոցներին հայտնել են ԱԴԾ-ին մոտ կանգնած երկու աղբյուրներ։

«Կաշառքը հանրության համար է. Առայժմ նրանք չեն ցանկանում հրապարակավ խոսել պետական դավաճանության մասին, դա մեծ սկանդալ է. ի վերջո, պաշտպանության փոխնախարարի մասին է խոսքը»,- ասել է աղբյուրը։ Հրապարակման մեկ այլ զրուցակից նշել է, որ Իվանովին կոռուպցիայի համար չէին ձերբակալի, քանի որ «բոլորը վաղուց գիտեին»։

Ըստ ԶԼՄ-ների՝ Ռազմական հակահետախուզության վարչությունը երկար տարիներ տիրապետում է Իվանովի վերաբերյալ կոմպրոմատներին: Նախկինում Ռուսաստանի ղեկավարությունը թույլ չէր տալիս իրացնել այդ նյութերը, իսկ Շոյգուն պաշտպանել է Իվանովին։

«Այժմ նրանք որոշում են՝ ինչ անել նրա հետ. կա՛մ կաշառքի համար կբանտարկեն, կա՛մ մեղադրանքը կվերորակեն որպես պետական դավաճանություն»,- պարզաբանել է հրատարակության աղբյուրը։

Ըստ ՌԴ ՔՕ-ի, պետական դավաճանության և լրտեսության գործերը դասակարգվում են որպես «գաղտնի», իսկ «հույժ գաղտնի» լսումները անցկացվում են դռնփակ։ Անցյալ տարվա ապրիլին ՌԴ նախագահը ստորագրել էր պետական ​​դավաճանության համար ցմահ ազատազրկման մասին օրենքը։ Մինչ այս պատիժը ներառում էր 12-ից 20 տարվա ազատազրկում։

Ի դեպ, Շոյգուի տեղակալի ձերբակալության պատճառը կարող է լինել ուկրաինական հատուկ ծառայությունների հաջող գործողությունը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Խոսքը Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մարտ ամսվա հաջող կիբերհարձակման մասին է, որի արդյունքում Կիևը հասանելիություն ստացավ փոխնախարարի գաղտնի տեղեկատվությանը և պաշտոնական փաստաթղթերի զգալի քանակին։