Մեկ-երկու ամսում այսքան քաղբանտարկյալ ունենալը մեծ հարված է մեր երկրի վարկանիշին

Մեկ-երկու ամսում այսքան քաղբանտարկյալ ունենալը մեծ հարված է մեր երկրի վարկանիշին

Մոտ երկու ամիս տեւած դիմադրության շարժման ժամանակ շարժումը ճնշելու նպատակով իշխանությունը մոտ 4 տասնյակ ակտիվիստների ձերբակալեց եւ կալանավորեց։ Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Նրանք դեռ նստած են, իսկ ընդդիմադիրներին մեղադրում են ոչ միայն իրենց նպատակին չհասնելու, այլ իրենց կողմնակիցներին «փուռը տալու» համար։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են կալանավորվածները, ինչ է անում ընդդիմությունը նրանց պաշտպանելու համար։

«Պարբերաբար այցելություններ ենք իրականացնում տարբեր քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են «Դիմադրության շարժման»  գործողությունների ժամանակ ձերբակալված և կալանավորված անձիք։ Երեկ՝ Լիլիթ Գալստյանի հետ եղել եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Այնտեղ գտնվող քաղբանտարկյալներից 18-ին այցելել ենք և զրուցել նրանց հետ։ 4-ի հետ տեսակցություններն արգելված էր։ Չկարողացանք տեսակցել Գերասիմ Վարդանյանին, Արմեն Գրիգորյանին և մյուսներին։ Բոլոր նրանց, ում հետ, որ մենք խոսել ենք, գտնում ենք, որ նրանք քաղբանտարյալներ են, որովհետև մեծամասնության նկատմամբ կարված գործեր են և իրենք կալանքի տակ են գտնվում մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն՝ որևէ այլ փաստ չկա, տեսագրություն չկա, և նույնիսկ մարդ կար, որ ընդհանրապես հունիսի 3-ի դեպքով կալանավորել էին, բայց ինքն այդ օրը, բողոքի ակցիայի ժամանակ Դեմիրճյան խաչմերուկում չի էլ գտնվել»,-մեզ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը նկատում է, որ իշխանությունները քաղաքական բռնաճնշումների միջոցով փորձում են վախ տարածել հանրության մոտ և հակազդել համապետական շարժմանը։ «Բոլորի տրամադրությունները նորմալ էր։ Որևէ կերպ ընկճված չէին, և հստակ մեզ հորդորում էին, որ պիտի պայքարը շարունակվի մինչև հաղթանակ։ Այս կարճ ժամանակահատվածում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ունենք, անկախացումից հետո նման նախադեպ չի եղել։ Սա շատ մեծ հարված է նաև մեր երկրի վարկանիշին։ Որքան էլ, որ իրենց այդպես կոչող իրավապաշտպանները, մարդու իրավունքներով զբաղվող անկախ կազմակերպությունները, մեղմ ասած, ոչ համաչափ են դրան արձագանքում; Բայց և այնպես սա իրենն արդեն արել է։ Եվ առաջնային հարվածը հենց մեր երկրի հեղինակության վրա է ազդել։ Սա, իմ խորին համոզմամբ, ոչ թե բռնատիրության տանող ճանապարհ է, այլ՝ կոնկրետ փաստ։ Մարդը փաստացի իր իրավունքը և քաղաքական դիրքորոշումը, իր բողոքի անհնազանդությունը արտահայտելու համար կարող է ամենատարբեր ձևերով ենթարկվել քաղաքական բռնաճնշումների, բանտարկությունների»։ 

Ընդդիմության ներկայացուցիչները բոլորն էլ անցնում են քրեական այս կամ այն գործով, հիմնականը՝ զանգվածային անկարգություններին մասնակցությունն է։ Իսկ կալանքի միակ հիմքը՝ քաղաքական դրդապատճառն է։ «Տեղեկատվություն կա, որ օրինակ պետական աշխատողների նկատմամբ ևս տարբեր ձևերով փորձում են ազդել ընդհուպ մինչև աշխատանքից ազատումներ, սպառնալիքներ։ Դրանով են փորձում հետ պահել մարդկանց իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց։ Մարդկանց վախեցնում են՝ ցույց տալով այս դեպքերը՝ որ տեսեք, եթե հանկարծ իշխանությունների դեմ թեկուզ խաղաղ անհնազանդություն անեք, առնվազն կալանավորվելու եք և տևական ժամանակ հայտնվելու եք բանտում։ Սա է իրողությունը։ Հեշտ գործ չի այդ իշխանությունն անում՝ փաստացի հայրենիք է հանձնում, օրը ցերեկով, մեր բոլորի աչքի առջև։ Եվ դրա դեմ բողոքողներին ճնշելու համար օգտագործում են իրենց կեղտոտ զինանոցի ողջ ծավալը»,-ասաց պատգամավորը։ Ավետիսյանն  ընդգծում է՝ մարդկանց անազատության մեջ պահողները ոչինչ են, նույնիսկ զրո չեն։

Տարբեր կալանավայրերում գտնվող անձինք հիմնականում հունիսի 3-ի դեպքերից հետո են հայտնվել այնտեղ։ Պատգամավորն ասում է․ «Խնդիրը կարևոր է նրանով, որ այնտեղ ակնհայտ կալանավորված մարդիկ կան, որ ընդհանրապես որևէ  գործողություն չեն արել, բացի նրանից, որ միացել են պայքարին և իրենց անհնազանդությունն են արտահայտել՝ երթերով, հանրահավաքին մասնակցելով, կոչեր հնչեցնելով։ Սա բռնատիրության սահմանումն է։ Յուրաքանչյուրի հետ աշխատում է փաստաբան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ցուցաբերում են փաստաբանական, իրավական աջակցություն՝ հասկանալով, որ այդ մարդիկ քաղաբանտարկյալներ են, իսկ իրենց պայքարը հանուն հայրենիքի է։ Ասեմ, որ ցանկացած փաստ, փաստական հանգամանք այսօր անտեսված է, որովհետև կա մեկ մարդու իշխանություն, այդ մեկ մարդը արտահայտում է իր ցանկությունները և իրավապահ համակարգը հետևողականորեն կատարում է այդ մարդու ցանկությունը։ Սա է մեր երկրի գոյության հիմնական սպառնալիքներից մեկը»։