Բուհերի տեղափոխման հարցը չի առնչվում բարձրագույն կրթության որակի հետ 

Բուհերի տեղափոխման հարցը չի առնչվում բարձրագույն կրթության որակի հետ 

Իշխանությունները կրթության ոլորտում արմատական բարեփոխումները մեկնարկելու են բուհերի միավորմամբ, ապա շարունակելու են ակադեմիական քաղաքի ստեղծմամբ։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, իսկ կառավարության նախօրեի նիստում մանրամասնեց իր գաղափարը, ինչն աստիճանաբար միս ու արյուն է ստանում։

Անդրադառնալով բուհական համակարգին՝ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ, բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են, եւ պետական դիպլոմն էլ միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն։ «Այս ոլորտում մենք պատրաստ ենք գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես, որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված գիտահետազոտական պետական բուհ: Այդ բուհերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»,- ասել է Փաշինյանը կառավարության նիստում, ապա հավելել, որ կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում․ «Միավորվող եւ նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն ակադեմիական քաղաք»:

Բուհերի տեղափոխման հարցը, ըստ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Հայրապետյանի, չի առնչվում բարձրագույն կրթության որակի հետ։ «Վերջին տարիներին բարձրագույն կրթության որակը բարձրացնելու համար նույնիսկ ամենաչնչին պարզագույն գործողությունները չեն արվում, այն, ինչն ակնհայտ է, օրինակ՝ օրենքով պահանջվում է, որ մրցութային կարգով դասախոսների ընտրություն պետք է իրականացվի, ըստ այդմ՝ լավագույն դասախոսներն անցնեն աշխատանքի, դրա փոխարեն տարիներ շարունակ կոպտորեն խախտվում է այդ օրենքը, եւ դրա փոխարեն համալսարաններից հեռացվում են լավագույն մասնագետները՝ զուտ այն պատճառով, որ կարող է նրանք չեն կիսում համալսարանի ղեկավարության կարծիքը»։
Ակադեմիական քաղաք հիմնելու մասին զրույցները ճշգրիտ չեն, որովհետեւ «մենք ոչ թե ակադեմիական ավան ենք ուզում ստեղծել, այլ ուզում ենք ակադեմիական ավանը տեղափոխել, որովհետեւ, ըստ Թամանյանի նախագծի, Երեւանի կենտրոնում՝ Երիտասարդական մետրոյի շրջակայքում, ստեղծված է եղել եւ մինչեւ այժմ էլ գործում է ակադեմիական ավանը, քանի որ գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կենտրոնացված են այդտեղ»։

Ռ․ Հայրապետյանը նկատում է, որ աշխարհում բարձրագույն կրթության կազմակերպման տարբեր մոդելներ կան․ «Դրանց մի մասը ենթադրում է համալսարանների կենտրոնացվածություն հիմնական քաղաքներում, այլ մոդելներ ենթադրում են, որ համալսարանները քաղաքից հեռու են տեղակայված՝ առանձին ավանով։ Բոլոր մոդելների պարագայում հնարավոր է ունենալ բարձրագույն կրթության համապատասխան որակ եւ հնարավոր է նաեւ բոլոր մոդելների պարագայում ունենալ խայտառակ որակի բարձրագույն կրթություն, այն, ինչն այս պահին ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա առաջնային պարզ քայլերը կատարելու փոխարեն մենք կրկին ընկնում ենք վիրտուալ փոփոխությունների դաշտ, մի կողմ ենք դնում բարձրագույն կրթության ամբողջ բովանդակությունը, չենք ուզում նույնիսկ չնչին դիմադրություն ստեղծել իրական փոփոխությունների միջոցով, խուսափում ենք այդ դիմադրություններից, վախենում ենք դրանից։ Եվ որպեսզի մեր վախերը քողարկենք եւ չխոստովանենք, որ մենք ուղղակի պատրաստ չենք այդ բարեփոխումներն իրականացնելուն, զբաղվում ենք բուհերի տարածքի տեղափոխման հարցով, ընդ որում՝ խոսքը վերաբերում է թե՛ այդ առաջարկը կատարողներին, թե՛ այդ առաջարկը բուռն քննադատող այն մասնագետներին, ովքեր ուղղակի երբեք չեն անդրադառնում բարձրագույն կրթության բովանդակության իրական խնդիրներին, որոնք այս պահին Հայաստանի առջեւ ծառացած են։ Որովհետեւ, ինչպես կառավարության նիստի ընթացքում ասվեց, բոլոր խնդիրների հիմքը կրթությունն է, եւ քանի որ այդպես է, մենք պետք է գնանք վճռական քայլերի, եւ բացարձակապես անհասկանալի է, թե այս գիտակցության ձեւավորումն ինչու է տեղի ունենում նույն իշխանության կողմից իշխանության գալուց 4․5 տարի անց»։

Շատերի գնահատմամբ, ակադեմիական քաղաքի հիմնումը կեղծ օրակարգ է՝ մոռացության տալու Արցախի եւ անվտանգային այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առջեւ։ «Ես, ի տարբերություն շատերի, ենթադրություններով չեմ ուզում խոսել, մենք ունենք ակնհայտ խայտառակ վիճակ, կեղծ բարձրագույն կրթություն, եւ այս ուղղությամբ արդեն 30 եւ ավելի տարի ոչ մի քայլ չի արվում։ Իսկ թե ինչ ենթադրություններ կան այդ բուհերի տեղափոխման իրական քողարկված նպատակների հետ կապված, չեմ կարող ասել, որովհետեւ չունեմ համապատասխան տեղեկատվություն, որի հիման վրա էլ կատարեմ պնդումներ։ Ես առաջարկում եմ՝ այդ ենթադրությունների փոխարեն ուղղակի կենտրոնանալ փաստերի վրա, հասկանալ, թե մեր երկրում ինչ է կատարվում, ինչպիսի ողբերգական հետեւանքների դա կարող է բերել, եւ այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ, ինչպես ենք մենք էլ ավելի խորացնում ապագայի համար եւ փոխանցում մեր ապագա սերունդներին։ Ու եթե ոչ միայն կառավարությունը, իշխանությունը, այլեւ ամբողջ հասարակությունը հանդուրժում է այն, որ համալսարաններից հեռացվում են լավագույն մասնագետները՝ առանց որեւէ հիմքի, սկզբունքի, զուտ այն պատճառով, որ տվյալ դասախոսը համալսարանի ղեկավարության հայացքներն ամբողջությամբ չի կիսում, եւ դա նորմալ է ընդունվում հասարակության կողմից, ապա ես կարող եմ ասել, որ այստեղ արդեն կառավարությունն էլ մեղավոր չէ»։

Ամենաաղետալի իրականությունը, ըստ Ռ․ Հայրապետյանի, այն է, որ մինչեւ հիմա ոչինչ չի արվում, որպեսզի կեղծ բարձրագույն կրթությունը փոխվի, եւ մենք ունենանք իրական բարձրագույն կրթություն․ «Աղետալի հետեւանքների աղբյուրը սա է։ Բուհերի տարածքը կտեղափոխվի, թե չի տեղափոխվի, ցանկացած մոդելի դեպքում հնարավոր է բարձրագույն կրթության որակի հարցը լուծել։ Դրա համար ես այս խնդրին էական ուշադրություն չեմ դարձնում, մենք աղետալի հետեւանքներից մեկն արդեն ունեցել ենք, որը երկար տարիներ թույլ պետություն ունենալու հետեւանքն էր, իսկ թույլ պետություն մենք ունենք նաեւ այն պատճառով, որ մարդկային ռեսուրսների լրջագույն խնդիր ունենք, իսկ մարդկային ռեսուրսների այդ խնդիրը ձեւավորվում է հենց կրթության հետեւանքով, եւ մենք նույնկերպ շարունակելու դեպքում հետագայում եւս նմանատիպ աղետների ենք առերեսվելու։ Եվ դրա համար, բուհերի տեղափոխության հարցը, անկախ նրանից՝ դա Աշտարակում է լինելու, Գյումրիում, թե շարունակելու է մնալ Երեւանում, այդքան էական խնդիր չէ, քան այն, որ նույն բուհերը տեղափոխելու առաջարկ կատարողները եւ այդ առաջարկը քննադատողները շատ դեպքերում նույնիսկ թքած ունեն բարձրագույն կրթության որակի եւ դրա հետեւանքների ու այն ամենի վրա, ինչ կատարվում է այսօր, կատարվել է մինչ այժմ, բայց միայն սրերով է ընդունվում բուհերի զուտ ֆիզիկական տեղափոխման հարցը»։

Իշխանությունը կրթության բովանդակությանը միտված հայտարարություն էլ է արել, մասնավորապես այն, որ որդեգրել են տաղանդների բացահայտման եւ խրախուսման ռազմավարություն։ «Ես՝ որպես կառավարման եւ ռազմավարության մասնագետ, ուզում եմ ասել, որ ցանկացած ռազմավարություն ենթադրում էր գործողությունների համապատասխան ծրագիր, որոնք միտված են այդ ռազմավարական նպատակների իրականացմանը, եւ եթե մենք սահմանում ենք ռազմավարական նպատակներ՝ տաղանդների բացահայտման, բարձրագույն կրթության համապատասխան աճի հետ, որ առնվազն 5 համալսարան պետք է ընդգրկվի վարկանիշային ցուցակներում, բայց տեսնում ենք, որ համալսարանները ղեկավարում են մարդիկ, ովքեր նպատակ ունեն, որ համալսարանները միայն ազատվեն այն մարդկանցից, ովքեր ինչ-ինչ պատճառներով իրենց կարծիքը չեն կիսում, եւ մարդիկ, ում գործողությունները որեւէ կերպ միտված չեն այդ նպատակների իրականացմանը, ապա այստեղ կարելի է միայն ասել, որ այդ ռազմավարությունը չի իրականացվում։ Եվ, հետեւաբար, կարծում եմ, եթե մենք նույն ակադեմիական քաղաքի համար սահմանել ենք որոշակի նպատակներ, բայց շարունակվելու է նույն քաղաքականությունը, ապա դա ի սկզբանե ձախողված նախաձեռնություն է»: