Ես կարծում եմ՝ պարոն Միքայելյանը փոխաբերական իմաստով է ասել

Ես կարծում եմ՝ պարոն Միքայելյանը փոխաբերական իմաստով է ասել
Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե մեր զինվորներն առաջին գիծը հազիվ են պահում ու գրեթե չեն հերիքում։ Դավիթ Տոնոյանը փորձեց արդարացնել Միքայելյանի հայտարարությունը կամ գոնե չցանկացավ որեւէ թթու խոսք ասել պատերազմով անցած ու վերջերս ԵԿՄ նախագահ ընտրված պատգամավորի անզգույշ հայտարարության մասով, որը բուռն քննադատությունների արժանացավ։ «Երեւի թե պարոն Միքայելյանը փոխաբերական իմաստով է օգտագործել։ Խոսքը գնացել ա որոշ կարողությունների վերաբերյալ»,- ասաց նա։

- Պե՞տք էր նման հայտարարություն անել, առհասարակ, պարոն Տոնոյան։

- Չմեկնաբանեմ, հա՞, տենց բաները։

- Բայց ճի՞շտ է թեկուզ ծանր իրավիճակում հայտարարել, որ ծանր է վիճակը, թեպետ Դուք ասում եք, որ ծանր չէ։

- Ընդհանրապես ծանր չէ վիճակը։ Նորից կրկնում եմ՝ պարոն Միքայելյանը, ես կարծում եմ, փոխաբերական իմաստով է ասել, որ էդ խնդիրը չբարձրացվի՝ հավելյալ ռեսուրսներ զինված ուժերից տանելու կամ փոխելու։

- Բայց նախկինում նման «փոխաբերական իմաստով» հայտարարություններ կարծես թե չէին արվում կամ զգուշավոր էին արվում։

- Միշտ էլ եղել է, ուղղակի ուշադրություն չի գրավել այդպիսի։

- Իսկ ի՞նչ կասեք ԲՀԿ-ականների այն նախաձեռնության մասին, որ առաջնագիծը պետք է պայմանագրայինները պահեն։ Սա պոպուլիստական որակվեց իշխանության կողմից։

- Տեսեք, թե ինչն է խնդիրը։ Արդեն մոտավորապես 10 տարվա ընթացքում առնվազն 6 անգամ ավելացել է պայմանագրայինների թիվը՝ առաջնագծում ընդգրկված լինելու առումով։

- Այսինքն՝ նման օրենսդրական նախաձեռնության կարիք չկա՞։

- Նախաձեռնության կարիքը չկա, որովհետեւ որտեղ որ անհրաժեշտ է, դա կատարվում է։

- Դժգոհություն կա նաեւ զինծառայողների աշխատավարձի հետ կապված, որ ցածր է, եւ շատերը նաեւ դրա պատճառով չեն ցանկանում մնալ եւ աշխատել զինված ուժերում։

- Աշխատանք է տարվում, որպեսզի բարձրացնենք աշխատավարձը, եւ բարձրացվելու է, ինչպես վարչապետը նշել է, մենք հունիսին կբարձրացնենք դա։

- Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու հարցը եւս շատ քննարկվեց եւ քննադատվեց, որ դա կարող է լարվածություն առաջացնել ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում։

- Չեմ կարծում եւ չեմ հավատում, որովհետեւ դա մարդասիրական առաքելություն է։

- Պարզապես նախկինում չէր եղել նման բան։

- Բայց նախկինում էդպիսի իրավիճակ էլ չի եղել Սիրիայում։

- Նաեւ դժգոհություն կա, որ, ի տարբերություն Սիրիայի, Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր զինվորները շատ ավելի լավ պայմաններում են ծառայում, իսկ Սիրիայում պայմանները շատ վատ են։

- Ես չեմ կարծում, որ մեր կոնտինգենտն էնտեղ հանգստանալու է գնացել։ Մեր կոնտինգենտն էնտեղ գնացել է մարդասիրական առաքելություն իրականացնելու, այլ ոչ թե իրենց հանգիստն անցկացնելու։

- Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի տրամադրած պայմանները շատ ավելի լավն են, քան Սիրիայում։

- Ես կարծում եմ՝ մեր կոնտինգենտի անդամներն ավելի քիչ են բարձրացնում էդ հարցը, քան թե լրատվական միջոցները։

- Նաեւ նրանցից են այդ դժգոհությունները գալիս։

- Ես շատ ցավում եմ, որ էդպիսի դժգոհություններ կան, ուրեմն չեն գիտակցել, թե ուր են գնում եւ ինչ առաքելություն են իրականացնում։

- Աշխատավարձը նո՞ւյնն է Սիրիայում, ինչ Աֆղանստանում, օրինակ։

- Ոչ, իրենք հավելավճար են ստանում։