Հաթաթա է տալիս՝ էդ ո՞ր փաստաբանն է, որ պաշտպանում է ինձ համար անցանկալի մարդկանց

Հաթաթա է տալիս՝ էդ ո՞ր փաստաբանն է, որ պաշտպանում է ինձ համար անցանկալի մարդկանց

Երեկ ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Մասնագետներից շատերի պնդմամբ` Ալեքսանյանին կալանավորելու որոշումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ: Այդպես է կարծում նաև փաստաբան Վահե Եփրիկյանը: 

- Փաստաբան Ալեքսանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել, և ԱԱԾ-ն կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան։ Գործին ի՞նչ գնահատական կտաք: Ի՞նչ է սա նշանակում….

- Գործին ներգրավված պաշտպան չեմ, սակայն ճանաչելով Ալեքսանյան Էրիկին, կարող եմ ասել, որ տեղի է ունենում իրավաբանական փահլևանություն: Էրիկն իմ ընկերն է, սակայն ես սա չեմ ասում զուտ որպես Էրիկի ընկեր: Այս երևույթն արդեն զարգացած պրակտիկա է: Ալեքսանյանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և ընդդիմադիր գործիչների գործերը պաշտպանելով: Գուցե առկա են այնպիսի կնճռոտ պատճառներ, որոնք էլ օրվա իշխանություններին և իր կամակատարներին ստիպել են նախաձեռնել այս քրեական վարույթը: Բնականաբար, այս ամենն իրավաբանական տեսանկյունից խայտառակություն է, բայց մեծ ջանքեր և ժամանակ չեն պահանջվի` հասկանալու համար, որ սա անբարոյականություն է` բարոյական տեսանկյունից:

- Նման գործողությունները չե՞ն ազդի փաստաբանական հանրույթի անկաշկանդ աշխատանքի վրա:

- Հենց սրա վրա էի ուզում անել շեշտադրումը: Այո, հենց այս հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ: Ամիսներ առաջ էլ իմ նկատմամբ էին փորձում նյութեր նախապատրաստել: Իհարկե, վարույթ չիրականացվեց, սակայն այս երևույթը նորություն չէ և ունի մեկ հստակ միտում. մենք տեսել ենք, չէ՞, թե ինչպես են զանգվածային լրատվամիջոցների վրա իշխանությունները տարատեսակ ճնշումներ իրականացնում: Անհարկի խուզարկություններ, տանել-բերել լրագրողներին, վախեցնել: Սա է Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնը: Այժմ հերթն անկախ փաստաբաններինն է: Փաստաբանները հարաբերականորեն քչից-շատից կայացած են անկախության տեսանկյունից, իսկ այս իշխանություններն ատում են «անկախություն» բառն անգամ, հետևաբար , պետք է ամեն գնով, ամեն կերպ վերացնել նաև անկախ փաստաբանների ինստիտուտը, ստեղծելով վախի մթնոլորտ, որպեսզի այն մասնագետները, որոնք աշխատում են արդարության սկզբունքով, դառնան իրենց ձեռքի խամաճիկը:

- Նշում եք, որ Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելն իրավաբանական տեսանկյունից խայտառակություն է: Ո՞ր դեպքում կարող է փաստաբանը ձերբակալվել:

- Փաստաբանն անձեռնմխելի չէ, ինչպես, օրինակ, անձեռնմխելի չէ վարչապետը: Անձեռնմխելի են պատգամավորները, դատավորները: Եթե կան ձերբակալման հիմքեր, կարելի է ձերբակալել, այլ խոսք, որ չկան նման հիմքեր, և ձերբակալությունն անհրաժեշտ չէ: Խնդիրն այստեղ է: Եթե վարույթ իրականացնող մարմինն ունի որոշակի կասկածներ, կարելի էր վարույթ իրականացնել, քննել գործը, սակայն մարդուն ձերբակալել, կալանավորման միջնորդություն ներկայացնել և այլն, սա ինձ թվում է` խոսում է այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանի քաղաքական հայացքներն ու գործունեությունն են նման որոշման հիմք հանդիսացել:

- Այսինքն` իշխանությունները փորձում են փաստաբաններին ինչ-որ բա՞ն հասկացնել։

- Կարող եմ մի բան հստակ ասել` այս ամենն ուղղված է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի անձի և անկախ փաստաբանության դեմ: Հավանաբար, կհիշեք տխրահռչակ պարոնի 2018 թվականի օգոստոսի 17-ի ելույթը, որի ժամանակ հայտարարվեց, թե որ դատավորը չանի իր ասածը, ինչ կլինի: Հաթաթա էր տալիս դեռ 2018-ին Հանրապետության հրապարակից: Նույն անալոգիայով կարող ենք նաև հենց այս իրավիճակը վերլուծել, էդ ո՞ր փաստաբանն է, որ պաշտպանում է իմ կողմից անցանկալի մարդկանց….