Լու՞րջ

Լու՞րջ

Ինչ-որ տեղ կարդացի՝ կառավարությունը 1991թ.-ից ի վեր ընտրական խախտումների բացահայտման ծրագիր ունի: 1991-ին տեղի է ունեցել անկախության հանրաքվե, ապա՝ նախագահի ընտրություն: Հարց է ծագում՝ կառավարությունը մտադիր է ընտրախախտումներ փնտրել որտե՞ղ, անկախության հանրաքվեի՞, թե՞ նախագահի ընտրության արդյունքներում: Սա ի՞նչ է, այսպես ու՞ր եւ ինչի՞ ենք ուզում հասնել: Վաղը եթե Հայաստանի կոմկուսը հարց բարձրացնի, որ կեղծվել են 1990թ. մայիսի 20-ի Գերագույն խորհրդի ընտրությունները, մի հանձնաժողով էլ այդ հարցո՞վ պիտի ստեղծվի: Չէ՞ որ չկա ոչ մի երաշխիք, որ այդ ընտրությունները լիովին ազատ եւ արդար ու թափանցիկ են եղել: Մեկը կարող է, չէ՞ հարց բարձրացնել, թե Արցախում մշտապես բնակվող մարդիկ օրենքի ո՞ր կետով են ՀԽՍՀ-ում պատգամավորի թեկնածու առաջադրվել, ընտրվել իշխանության բարձրագույն մարմնի անդամ:

Եղել են, չէ՞ նման դեպքեր, մարդը գրանցված էր Ստեփանակերտում, պատգամավոր է ընտրվել Չարենցավանից կամ Կիրովականից: Հիմա ի՞նչ, գնանք-ուսումնասիրե՞նք նրա՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր ընտրվելու օրինականությունը, գանք-հասնենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործընթացն ազդարարող Հռչակագրի ընդունմա՞նը: Ո՞վ է երաշխավորը, որ այդ փաստաթղթի քվեարկության արդյունքները չեն կեղծվել, էլեկտրոնային համակարգն այնպես չի ծրագրավորվել, որպեսզի ցուցատախտակին գրվի անհրաժեշտ թիվը: Ո՞վ է ստույգ երաշխավորը, որ 1990թ. օգոստոսի 3-ի՝ ԳԽ նախագահի ընտրության փակ-գաղտնի քվեարկության արդյունքները միանշանակ հավաստի են:

Գնանք-արխիվները բացենք, քվեաթերթիկները վերահաշվարկե՞նք՝ եթե նման պահանջ դնեն կոմունիստները՝ պնդելով, որ խորհրդային Հայաստանում ոչ մի համաժողովրդական շարժում չի եղել, մի խումբ էքստրեմիստներ պետական հեղաշրջում են իրականացրել եւ բռնությամբ յուրացրել իշխանությունը: Ծայրահեղությունների տրվելու ի՞նչ անհրաժեշտություն կա: 1996թ. –ի եւ հետագա բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկելի են որոշակի խմբերի, թող որ անգամ՝ քաղաքական ուժերի համար: Հասարակության մեծամասնության համար այդ բանավեճը ոչ մի հետաքրքրություն չունի:

(Մարտի 1-ն առանձին թեմա է) Մարդիկ ոչ թե քաղաքական հաշիվներ պարզելու, այլ՝ ավելի ապահով ու բարեկեցիկ ապագայի սպասումներ ունեն: Նրանց հուզում է պատերազմի եւ խաղաղության, իրենց զավակների ապագայի հարցը: Իշխանության առաքելությունն է գտնել եւ հիմնավորել իրատեսական պատասխան, առաջարկ, հայեցակարգ: Պատմությունը՝ պատմաբաններին, իշխանությունը կոչված է լուծելու օրվա հարցերը, ծրագրավորելու ապագան, ժողովրդին ներկայացնելու իր տեսլականը եւ գործելու ըստ այդմ ՝ ստացած վստահության քվեի ուժով: