Հայկ Սիրունյան․ Կծու արեւ

Հայկ Սիրունյան․ Կծու արեւ

***
Վարքս՝ խառը, ուղիս՝ շիտակ,
Կտրելուց առաջ չեմ էլ չափել-
Պապլավոկի պատերի տակ
Սիրունիս երեկ սեր եմ խաբել...
Ես քո առաջ, ես ձեր առաջ մի... 
Ո՞վ եմ - գուցե ինքս էլ չգիտեմ-
Սակայն կանչիր խնդության ժամին, 
Աշնան մառը մորմոք է կիտել։ 
Մոռացել եմ ես ամեն ինչ, 
Մոռացել եմ ես ամեն բան, 
Պապենական իմ սնդուկից
Ելավ միայն մի չարխափան։ 
Թափառեցի Երեւանով, 
Տվի քաղաքն իմ ոտատակ, 
Ինչի՞ց էի խենթացել, ո՞վ
Ո՞վ էր պահում ինձ կրծքի տակ... 
Այնժամ մռայլ էր, մուգ ու անձրեւ, 
Սրտումս՝ ճաք, շշում ինձ գտա։
Եվ ես չեմ հիշում - կյանք է անցել-
Սակայն բախտը ինձ նորից գթաց... 
... Հիշում եմ՝ գլխիս փափախ էր սեւ, 
Ես նագանով պաղ թոն էի ցրել, 
(Ես քո առաջ, ես ձեր առաջ ո՞վ), 
Պանդոկներում էի լուսացրել, 
(Մի չար տղա՝ խաժ աչքերով), 
Ցավեր պարպել, գավեր հարբել-
Մի բան ասեմ՝ հոգուդ չտաս, 
Կտրելուց առաջ չեմ էլ չափել-
Ինչ արել եմ՝ լավ եմ արել, 
Ինչ չեմ արել՝ գլուխը քար-
Սիրունիս երեկ սեր եմ խաբել... 
Պապլավոկի պատերի տակ։

ՈՒՂՂԱԿԻ ՏՈՂԵՐ

Ամենալավ լույսը՝ կծու արեւ, գլխիս վերեւ,
Ամենալավ անձրեւը՝ քորոցի պես սուրուլիկ,
Ամենալավ բառը մինչեւ օրս ինձ է փնտրել,
Որ երգ դառնա լո՜ւռ շուռումուռը հին օրերի։

Ամենալավ հույսը աղոթք է փակուղում,
Ամենալավ սիրտը՝ լարած զսպանակ,
Ամենալավ հոգին մոմ է տարուբերում,
Ամենալավ սերը՝ խոցոտող դանակ։

Ամենալավ շողը ճեղքն է իմ զնդանի,
Ամենալավ դողը՝ քեզ սպասելիս,
Ամենալավ հողը քոնն է, հայրենիք,
Ամենալավ քողը - դո՜ւ, չեղած նազելիս։

Ամենալավ աչքը՝ գալուս ճամփեքին մնաց,
Ամենալավ ընկեր, թեւդ թեթեւ է ուսիս,
Ամենալավ հոգսը՝ մայթեզրին ընկած,
Ամենալավ շշունջը՝ կաթնով լուսին։

Ամենալավ Աստվածը… որ պատժում է սեր,
Ամենալավ բեռը՝ ապրեցումի քաղց,
Ամենալավ դերը իմն է, որ տվել ես, Տե՛ր,
Սրանից լավ բախտի հերն էլ անիծած։

***
Աշխարհը այս խայտաբղետ մի խավար,
Կյանքս՝ շալ է գունավոր-
Ես տալիս եմ բոլոր նրանց,
Ովքեր դողում են գիշերի փոսում,
Ովքեր մենակ են ու չգիտեն,
Ովքեր չեն տապակվում այրումի բոցում։ 
Կյանքս շալ է գունավոր,
Ես տալիս եմ բոլոր նրանց,
Ովքեր գիտեն ծածկվել,
Ովքեր կապրեն իմ փոխարեն ինձնից լավ։
Ա՛ռ, վերցրո՛ւ, ընկերս,
Եղբայրս, բարեկամս,
Դու դողում ես գիշերի փոսում,
Դու մենակ ես ու չգիտես,
Ա՛ռ, վերցրո՛ւ, ջերմացիր,
Կյանքս շալ է գունավոր։
Քեզ եմ տալիս, ընծա քեզ
Բախտս, ուղիս, ողջը որ կա, որ ունեմ,
Հանում եմ ես մաշկս ահա
Ու թողնում եմ իբրեւ հագուստ,
Ինչպես Հովսեփն իր փոխարեն
Փալասները իր թողեց
Մելամաղձոտ պոռնիկին
Ու հեռացավ վարանումի գիշերով՝
Հոգում սարսուռ փշաքաղ։

***
Քեզնից լուր չկա, 
եւ իզուր է շրփում անձրեւը
ծանր ու դժվար,
իզուր է վայում քամին
դուդուկաձայն։
Իզուր են փախչում բոլորը
հրմշտոցից պարտադիր։ 
Իզուր է կանաչումը ծառերի, 
Իզուր է թատրոնը այս, 
թե իբր գարուն է... 

Աչքաթարթի պես պարզ, 
հպումի պես իրական 
զգում եմ ես, որ դու չկաս, 
եւ մայթեզրի ակորդեոնը 
ճվում է ամենօրյա տակտով, 
ու երգվում է չքնաղորեն պայծառ
աղջիկը՝ խումար աչքերով, 
անկյունում փնթփնթում է
գրավաճառ Ռուբոն՝
նաղաշյան լավաշի պես ձգելով
փոշոտ կլինկորը՝ անգլերենից հայերեն... 
շփշփում են քամուց «շտապ վաճառքի» 
թերթիկները՝
սոսնձված սյուների վրա ու մեր հոգուն... 
Փախչում են հերթով ու կարգով 
թրջված մուկը՝ թրջված կատվից, 
թրջված կատուն՝ թրջված շնից, 
թրջված շունը՝ թրջված մարդուց։ 

Այս ամենը, սիրելիս, 
Ակներեւ է, քանզի դու չկաս... 

Աբովյանի մայթով 
սպառնալիքի պես հոսում է
մրմուռը իմ կարոտների՝
դառած սելավի հյութ, 
որից փախչում են մարդիկ՝
Մրջնաբնի տրորումի պես, 
եւ որ շրմփա պիտի ջուրն այդ 
ընդդիմադիր մեքենայի անիվին՝
կանչելու համար մարդկանց ավելի հուժկու  
բեւեռում-սեւեռումների, 
իսկ մարդիկ փախչում են
Մրջնաբնի տրորումի պես 
խուճապահար... 

Դու չկաս եւ իսկապես 
անհավատալի է գարնան թատրոնը, 
եւ ձանձրալի են անձրեւներն ու մեգերը՝
առանց այն էլ մգլած 
ու մոխրոտ քաղաքում։

***
Իրիկուն, մտիր թեւս ու գնանք,
ու գնանք ու անցնենք, 
ու անցնենք ու գնանք
թեթե՜ւ-թեթե՜ւ, սահո՜ւն-սահո՜ւն, 
երազներով, քամիներով,
հին օրերով բոլո՜ր-բոլո՜ր
անցնենք, գնանք, 
հին երգերով, հին սերերով, հուշերով հին,
պատրանքներով չնչի՜ն-չնչի՜ն
անցնենք, գնանք։
Ճամփաներով անտես
տար ինձ, իրիկուն
երազներից էլ անդին, 
քամիներից էլ այն կողմ, 
մշուշներից ու մեգերից, 
կյանքի կոչող
վառ լույսերից բոլո՜ր-բոլո՜ր 
անցնենք ու գնանք։ 
Ես հավատում եմ քեզ 
ինչպես հիվանդը դեղին, 
ես սպասում եմ քեզ 
ինչպես հիվանդը դեղին, 
ես կարոտ եմ քեզ
ինչպես... 
Տար ինձ, իրիկուն 
ձայներից, բառերից, ծխից այն կողմ, 
գույներից, բույրերից, մտմտանքից անդին, 
ցերեկվա բժժանքից զոռ ու զազիր
տար ինձ, իրիկուն։
Ես բաց եմ հեքիաթի առաջ, 
ես ափերս վեր
կանգնել եմ քո դեմ,
ուր որ կտանես
տար ինձ, իրիկուն։

***
Հայաստան, քո անունը հնչում է որպես
պղնձե անզգույշ արձագանք,
որպես ուժը կորցրած դրամի
բախումը թաց ասֆալտին։
Եվ մի՞թե դու արժան էիր սոսկ
այն բախտավոր թաթերին, 
որ գտան քեզ ջեբկիրի փութով
ու որ վատնեցին կոպեկին հասու
էժանագին առուծախում։
Հայաստան, քեզ որերորդ անգամ գտան
բոսյակներդ բամբակապորտ, 
եւ մի՞թե դու արժան էիր սոսկ
լուցկու, ծամոնի կամ անֆիլտր
գլանակի պատվանդանին։
Հայաստան, սիրելի՜ս, 
ահա, մեկն էլ տվեց քո անունը, 
ու զնգաց թաց ասֆալտին մի գրոշ
պղնձե բախումով զիլ, 
Եվ քեզ, անուշս, ցավոք, մեկն էլ կորցրեց։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Լուսանկարը` Արփինե Սիմոնյանի