Մանկատները փակել պատրաստվում էին նաև նախկինները, բայց․․․

Մանկատները փակել պատրաստվում էին նաև նախկինները, բայց․․․

Կառավարության որոշումը՝ փակել գիշերօթիկները, բավականաչափ քննադատվեց, այդ թվում՝ նաև նախկինների կողմից։ Իրականում նշենք, որ նախկին կառավարությունները ևս գնացել են այդ ճանապարհով։

Մասնավորապես, 2017 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ի պատասխան հարցի, որ պետությունը գնում է մանկատների փակման կամ վերակազմակերպման ճանապարհով և, մանկատների վերացումից հետո որտե՞ղ են հայտնվելու մեր երեխաները, ասել էր․«Մանկատները փակելն ինքնանպատակ գործընթաց չէ: Այն համալիր ամբողջական ծրագրի մի մաս է, որի հիմնական նպատակը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է: Անհրաժեշտ է իրականացնել մանկատներում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների կարիքների գնահատում, որպեսզի հասկանանք մանկատանը գտնվելու պատճառները, այսինքն, թե ի՞նչ ծառայությունների բացակայությունն է հանգեցրել նրան, որ այդ երեխաները հայտնվել են շուրջօրյա խնամքի հաստատություններում: Առաջին հերթին պետք է վերացնել դրանք ծնող պատճառները, նաև ստեղծել այլընտրանքային խնամքի ծառայություններ, որից հետո մանկատներն ինքնստինքյան կփակվեն: Մեր նպատակն է՝ երեխան պետք է ապրի ընտանիքում: Իսկ դա նշանակում է զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայությունները, որոնք, ըստ էության, կլինեն ընտանեկան պայմաններին մոտ»։

Իսկ այլընտրանքային ծառայություններն, ըստ սոցապ նախկին ղեկավարի՝ ցերեկային կենտրոններն էին, որտեղ տարբեր կարիքներ կամ խնդիրներ ունեցող երեխաները պետք է  ծառայություններ ստանային՝ փոքր տների գաղափարի իրականացմամբ։Արտեմ Ասատրյանը նշել էր, որ այլընտրանքային ծառայությունների տեսակին է պատկանում նաև խնամակալության ընտանիքի ինստիտուտը, որը մեր երկրում ներդրված է մոտ 12 տարի։

«Կարծում եմ, մանկատնից ավելի լավ է խնամատար ընտանիքում երեխայի խնամքի կազմակերպումը: Խնամատար ընտանիքը վճարովի ծառայություն է, պետությունը 137.000 դրամ է վճարում քաղաքացուն, որպես աշխատավարձ խնամքի համար։ Փաստորեն, ի տարբերություն նախկինների, ներկաները գտնում են այդ երեխաներին ոչ թե խնամատարերին հանձնել, այլ կենսաբանական ընտանիքի՝ դրա համար գումար չվճարելով։ Եվ, իհարկե, հաշվի չառնելով, որ այդ երեխաները լավ օրից չեն հայտնվել գիշերօթիկում կամ մանկատանը։

«Հրապարակը» զրուցեց մեկ այլ սոցապ նախկին նախարարի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի հետ, ով ասաց․«Ես կողմնակից եմ, որ երեխան մեծանա ընտանիքում, բայց էն ընտանիքները, որոնք խիստ կարիքավոր են և սոցիալական փաթեթային աջակցության կարիք ունեն, պետք է այդ ընտանիքների երեխաներին, որոնք գիշերօթիկներում են, նրանց առավել բարձր ուշադրության կենտրոնում պահեն՝ սոցիալական աջակցության տեսանկյունից, որպեսզի  մի «լեվըլ» ավելի ցածր վիճակում չհայտնվեն, քան մանկատներն են»։

Նշենք, որ մի շարք ԲՀԿ-ականներ առաջարկել էին, որ փակված գիշերօթիկների երեխաներին գումար հատկացվի նվազագույն սպառողական զամբյուղի չափով, մասնավորապես՝ 50 -60 հազար դրամի սահմաններում։