Աշոտյանը  գուցե առաջադրվի՞ քաղաքապետ

Աշոտյանը  գուցե առաջադրվի՞ քաղաքապետ

Երեւանցիները սրան գուցե առանձնապես ուշադրություն չեն դարձնում, բայց հաջորդ ամիս` 2023թ. սեպտեմբերի 17-ին, կայանալու են Երեւանի ավագանու ընտրություններ, որից հետո մեծամասնություն կազմած խմբակցությունը ավագանիում կառաջադրի եւ կընտրի Երեւանի քաղաքապետ: Որքան էլ Երեւանի քաղաքապետը ընտրվում է միջնորդավորված, այդուհանդերձ` ավագանու ընտրությունները ընկալվում են գլխավորապես որպես քաղաքապետի ընտրություններ:

Օրինաչափորեն եւ դժբախտաբար, ինչպես Երեւանի ավագանու 2017-ի, 2018-ի, այնպես էլ ընթացիկ ընտրություններում չի երեւում անձ, որին ցանկալի լինի Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել: Դրա արդյունքում, ենթադրելի է, դարձյալ ընտրողների ցածր մասնակցություն կարձանագրվի, մեծամասնությունը կբոյկոտի եւ չի մասնակցի, ինչպես նախկինում: Մանավանդ, մինչ այժմ որեւէ լուրջ անձի անուն չի էլ շրջանառվել որպես Երեւանի քաղաքապետի թեկածու, շրջառվել են ծիծաղեցնող մի քանի անուններ (Ռոտենբերգ, Ավինյան, Թանդիլյան, Մարության եւ այլն), որոնք շոու-բիզնեսի մակարդակում են, ոչ թե` պետության եւ պետական կառավարման:

Այդուհադերձ, ունենք այն, ինչ ունենք, եւ դժբախտաբար արդեն մի քանի տասնամյակ (երեւի 2002-03-ից ի վեր) որեւէ արժանավոր անձ Երեւանի ավագանիում գրեթե չի լինում, առավել եւս` Երեւանի քաղաքապետի աթոռը չի զբաղեցնում: Առանձնապես հիմք կամ նախադրյալ չկա կարծելու, թե այդ ավանդույթը հաջորդ ամիս կխախտվի:

 Սակայն ծաղրածուներով, թե թեկնածուներով, միեւնույնն է, ավագանու ընտրությունները կայանալու են, եւ այդ մահացած գործընթացին ըստ իս՝ կյանքի նշաներ կհաղորդվեն, որոշ հետաքրքրություն, շարժում կառաջանա, եթե Արմեն Աշոտյանը համաձայնի գլխավորել ՀՀԿ ցուցակը եւ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

 Ինչո՞ւ հատկապես Արմեն Աշոտյանը

Այն եզակի հանգամանքի պատճառով, որ ներկա դրությամբ Աշոտյանը կալանավայրում է: Որքան էլ այլ անձինք` քաղաքական-կուսակցական գործիչներից մինչեւ իրավապաշտպաններ ու լրագրողներ գրեն, բարձրաձայնեն, աղմկեն, թե Աշոտյանը քաղբատարկյալ է, այդ իրողությունը այնքան ակնբախ չի երեւա եւ ուշադրություն չի գրավի, ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրություներին Աշոտյանի մասնակցության պարագայում, մանավանդ` կուսակցական ցուցակը առաջնորդողի դիրքից:

Հայաստանի նորանկախ շրջանի պատմության մեջ գոնե ես երկու նման դեպք մտաբերում եմ, երբ կալանավայրում, թե քրեական հետապնդման մեջ գտնվող թեկնածու է առաջադրվել ընտրություններում, բայց կարծեմ ԱԺ ընտրություններում` Վանո Սիրադեղյանը, եւ ուրիշ մի անգամ` Վահան Հովհաննիսյանը: Իհարկե, Աշոտյանը իր կալիբրով ոչ Սիրադեղյանի հետ համեմատության եզր ունի, ոչ էլ անգամ Վահան Հովհաննիսյան է, բայց ինքն էլ ունի այլ հմտություններ, որակներ` սոցցանցեր, սելֆիներ, անվերջ խոսել, որ հանրագումարում ողջ ընտրարշավի ուշադրությունը, լրագրողական լուսաբանումները իր անձի եւ կալանավայրում գտնվելու հանգամանքի շուրջ կսեւեռի: Եթե Աշոտյանը մասնակցի ընտրություններին, առավել ես` գլխավորի ընտրացուցակը, իշխանությունը, ԿԸՀ-ն իր համար պետք է ընտրարշավին թեկուզ համացանցով կալանավայրից մասնակցելու հնարավորություն ապահովի, իսկ դա անխուսափելիորեն եւ ինքնահոսով թիվ մեկ թեման կդառնա ընտրարշավի լուսաբանումներում: Մանավանդ, օտարերկրյա լրագրողերի լուսաբանումներում եւ դիտորդների զեկույցերում: Սա եզակի հնարավորություն է Աշոտյանի` քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը Եվրոպայով մեկ շեփորահարելու համար եւ հիմարություն կլինի այն չօգտագործել:

Երկրորդ նշանակությունը, որ Աշոտյանի առաջադրումը կունենա արդեն ոչ միայն անձնապես իր, այլեւ` ընտրական գործընթացի եւ երեւանցիների համար, Աշոտյանի` կալանավայրից առաջադրմամբ ՔՊ թեկածու Ավինյանը կդադարի լինել ընտրարշավի կենտրոնական ֆիգուր: Օպտիկական ֆոկուսը Ավինյանից կշեղվի, այն պարագայում, երբ ՔՊ-ի ողջ հաշվարկը անվերջ Ավինյանին էկրաններին պահելով մարդկանց ներշնչելն է, թե իրենց դեմ խաղ չկա եւ իրենք իշխանությունում վերարտադրվելու են: Մինչդեռ Աշոտյանի` կալանավայրից ընտրարշավ մղելը հանգամանքների եզակիության հաշվին Աշոտյանին կդարձի ընտրարաշավի կենտրոնական ֆիգուր` ստվերելով եւ Ավինյանին, եւ վերջինիս գլխավերեւում թեւածող Փաշինյանին:

Աշոտյանին կարելի է չընդունել ու մերժել, բայց Աշոտյանի արածերի ու ասածների վրա չես ծիծաղի, ինչպես ծաղրածուներից չտարբերվող Ռոտենբերգի, Թանդիլյանի Ավինյանի, Մարությանի, մյուսերի պարագայում: Իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր այլապես բոյկոտելու էին եւ չէին մասնակցելու ընտրություներին կամ քվեաթերթիկում ջնջելու էին բոլոր թեկնածուներին, կարող են Աշոտյանի եւ ՀՀԿ-ի մեջ  ՔՊ-ի հակակշիռ տեսնել եւ նրանց ձայն տալ, այդ թվում` ՔՊ-ին պատժելու համար:

2018-ից առաջ եւ հետո

Ես հիշում եմ, որ երբ Աշոտյանին Սերժ Սարգսյանը նշանակեց կրթության նախարար, 2009-ին, թե 10-ին, ես մի ռեպլիկ էի գրել, որտեղ Միացյալ Թագավորության 19-րդ դարի վարչապետերից Բենջամին Դիզրայելիի առնչվող հայտնի պատմությունն էի մեջբերել:

Դիզրայելին մի քանի անգամ է ՄԹ վարչապետի պաշտոնը զբաղեցրել, սակայն վերջին անգամ, երբ արդեն տարիքի եւ առողջության բերումով հեռանում է ոչ միայն վարչապետի պաշտոնից, այլեւ քաղաքականությունից, Վիկտորիա թագուհին հարցում է, թե բոլոր այն մեծ ծառայություների համար, որ Դիզրայելին մատուցել է Բրիտանական կայսրությանը եւ գահին, թագուհին ի պատասխան, որպես գնահատման ու հրաժեշտի նվեր` ի՞նչ կարող է անել իր սիրելի վարչապետի համար:  Դիզրայելին ոչնչի կարիք չուներ, որ թագուհուն խնդրեր, բայց մտածելով ի վերջո խնդրում է, որ եթե հնարավոր է, իր անձնական քարտուղարին պերի կոչում շնորհվի, եւ նա Լորդերի պալատի անդամ դառնա: Թագուհին, բնականաբար, խնդրանքը կատարում է:    Դրանից հետո Լորդերի պալատում բոլորը սկսում են չարախոսել, թե Կալիգուլայի նժույգից հետո (Կալիգուլան իր նժույգին կոնսուլի պաշտոն էր տվել) այդպիսի նշանակում չէր եղել:

Ես էլ գրել էի, որ Հայաստանի համար էլ Աշոտյանի նշանակումն է Կալիգուլայի նժույգի հետ համեմատելի: Այլ հարց, որ չգիտես ինքնահաստատման մղումից, մրցակիցներ չհանդուրժելուց, իրեն փադիշահ երեւակայելուց, կադրեր չունենալուց, թե ինչից Սերժ Սարգսյանը այնքան կալիգուլայի նժույգից չտարբերվող երիտհանրապետականներ, երբեմն էլ` ոչ ՀՀԿ-ականներ նշանակեց պետական պաշտոնների, մինչեւ վերջնահաշվում երկիրը հանգեցրեց 2018-ի ապրիլի օխլոկրատիկ ընդվզմանն եւ իշխանազավթմանը…

Սակայն 2018-ի մայիսից հետո, ոչ միայն աթիվ-անհամար Կալիգուլայի նժույգներ, այլեւ ավելի ստորադաս այնքան կենդանակերպեր են պետական պաշտոններ զավթել Հայաստանում, որ Աշոտյանը հաստատ որեւէ կերպ ու որեւէ առումով նրանցից մերժելի չէ, չասելու համար, թե` նախընտրելի է: Եվ վերջապես ինչ էլ լինի վերաբերմունքը Աշոտյանի անձի հանդեպ, որեւէ գիտակից մարդ չի կարող կասկած ուենալ, որ նա քաղբանտարկյալ է, բոլորովին անհիմն կերպով անազատության մեջ պահվող: Հետեւաբար, ամեն հնարավոր քայլ պետք է կատարել, այդ անօրինականությունը ուղղելու համար: Եվ ըստ իս, Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելը այդ ճանապարհին եղած քայլերից ամենաարդյուավետն է:  

Այնպես որ, գուցե, Աշոտյանը եւ ՀՀԿ-ն մտածեն Աշոտյանի առաջնորդած ընտրացուցակով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Առաջադրումները մեկնարկել են եւ մինչեւ օգոստոսի 13-ը, ժամը 18:00-ը ժամանակ կա առաջադրվելու:  Կարծում եմ` չառաջադրվելը ճիշտ չի լինի: