Մարզերում մոլեգնում են թափառող կենդանիները

Մարզերում մոլեգնում են թափառող կենդանիները

Մինչ մայրաքաղաք Երևանում քիչ թե շատ կարգավորվում է թափառող կենդանիները խնդիրը, քանի որ աստիճանական ստերջացումից հետո նրանք երկրաչափական պրոգրեսիայով այլևս չեն բազմանում, մարզերում թափառող կենդանիների քանակը գնալով ավելանում է։ «Հրապարակը» մի ընթերցողից նամակ էր ստացել հոշոտված հավերի լուսանկարներով։ Նամակագիրը Դիլիջանի բնակիչ էր, ով հայտնում է, որ նույն վիճակն է նաև հարակից գյուղերում։

Կենդանապաշտպան Նարե Արամյանը մեր տեղեկությունը ոչ միայն հաստատեց, ասելով, որ մարզերում խնդիրը լուծելու հստակ ռազմավարություն չկա։ «Առավել ևս՝ մեծ քաղաքներում, որոնք, հասկանալի է՝ մեծ չեն, բայց բնակչության և կենդանիների խտության առումով խիստ խնդրահարույց են՝ Գյումրին, Վանաձորը Սիսիան,Ստեփանավան, և , այո, մեկ ընդհանուր ռազմավարություն չկա»։

Հարցին,թե ինչ են անում մարզերը կենդանիների բազմացման դեմն առնելու համար, նախկինում կրակում էին, հիմա սա չկա, ավելին՝ քրեական պատիժ է սահմանվում, Նարե Արամյանը պատասխանեց․ «Նման խնդիրները շարունակվում են  լուծվել հրազենային զանգվածային սպանդի միջոցով։ Ես գիտեմ քաղաքներ, որոնք հրաժարվել են, քանի որ, նախ, մենք ունենք քրեական պատասխանատվություն, բայց կան քաղաքներ, որոնք դեռևս նման գործողություններ իրականացնում են և օրինակ՝ վերջերս Գյումրին, Հրազդանը»։

Իսկ այն քաղաքներում ու համայնքներում, որոնք զերծ են մնում կենդանիների սպանությունից, թափառող կենդանիները, ըստ կենդանասերի,  սկսել են բազմանալ ահավոր քանակներով։
Սիսիանում էլ ըստ Նարե Արամյանի՝ կա նման խնդիր ու եղել են կծման ու հարձակման դեպքեր։ Սա վտանգավոր է նաև հիվանդությունների տարածման տեսանկյունից։

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հեռախոսն այսօր ողջ օրն անջատված էր, նրա հետ խոսել չհաջողվեց։ Փոխարենը խոսեցինք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Պատասխանելով հարցին, թե Տավուշում ինչպես են լուծում այս խնդիրը ,նա ասաց․«Այս ծառայությունը դրված է համայնքների վրա և ամեն մեկն իր միջոցներով այդ հարցը լուծում է։Այս հարցը բավականին ծանր է նույնիսկ մայրաքաղաքի համար, կարող եմ ասել, որ մասնագիտացված կառույցների միջոցով համայնքներն ամեն մեկն իր հնարավորոթյունների սահամններում էդ հարցերը լուծում են, բայց առանց սպանությունների»։

Նարե Արամյանն ասաց, որ խնդրի մասին նամակ են հղել վարչապետին և հույս ունեն, որ խնդիրը կլուծվի համակարգային և հանրապետության ողջ տարածքով լուծում կտրվի։

Առաջարկը մեկն է՝ զանգվածային ստերջացում և պատվաստում, քանի որ կենդանասերների ու կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների գնահատմամբ՝ այլ տարբերակ չկա։ Վաղուց հաստատված է, որ կենդանիներին սպանելուց տեսակը շարունակում է ավելի արագ բազմանալ ու ավելի ագրեսիվ սերունդ տալ։