Քաղաքականության մեջ точка невозврата երբեք չի լինում

Քաղաքականության մեջ точка невозврата երբեք չի լինում

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք Ադրբեջան–Եվրախորհուրդ հակասությունների, նոր Սահմանադրության եւ այլ թեմաներով: 

- Եթե մենք ունենայինք կոմպետենտ կառավարություն, ինչպե՞ս կարող էինք մեր օգտին խաղարկել ԵԽ որոշումը:

- Եթե ունենայինք նորմալ կառավարություն, այս վիճակում չէինք լինի և Արցախն Ադրբեջանի կազմում չէր հայտնվի՝ սա մեկ։ Դրա համար եթե-ով չքննարկենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջան–Եվրախորհրդարան հարաբերություններին, ապա այդ քայլը պատժամիջոց է Ադրբեջանի նկատմամբ, որը կիրառվեց այն պատճառով, որ Ադրբեջանը արդեն մեկ տարի է հրաժարվում է Արևմուտքի կողմից ընթացող Ղարաբաղյան հարցի գործընթացին մասնակցելուց և այլևս հաշվի չի առնում Արևմուտքի՝ տվյալ դեպքում Եվրամիության դիրքորոշումը։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի դեմ կիրառվեց առաջին պատժամիջոցը։ Չէի ասի, թե դա խիստ պատժամիջոց է։

- Իսկ մինչև ո՞ւր է Արևմուտքը պատրաստ գնալու։ 

- Պարզ է, որ Ադրբեջանի համար հասկանալի է, որ Արևմուտքն այսօր չունի այն հզորությունը, որ կարողանա ինչ-որ խիստ խնդիրներ ստեղծել իր համար՝ մեկ։ Երկրորդ, Ադրբեջանն ամեն գնով ժամանակ է ձգում, մինչև պարզ լինի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունները ինչ արդյունք կունենան։ Իսկ Արցախի կարգավորման ռուսական գործընթացը և արևմտյան գործընթացներն իրար հակադիր գործընթացներ են։ Եթե դու մասնակցում ես Արցախի հարցի կարգավորման արևմտյան գործընթացին՝ դա ինքնաբերաբար Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես թշնամական արարք, իսկ Ադրբեջանը չի ցանկանում թշնամանալ Ռուսաստանի հետ։ Եթե Ադրբեջանը մասնակցի Արևմուտքի հետ կապված գործընթացին և Արևմուտքի ձեռամբ խաղաղության պայմանագիր կնքի, իսկ Ռուսաստանն էլ Ուկրաինայում բավականին լուրջ հաղթանակ տանի, ապա չի բացառվում, որ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն՝ Ռուսաստանի աջակցությամբ և նոր իշխանությունն ունենալով, թե ՌԴ-ի, թե Իրանի աջակցությունը՝ հաշվի չառնի կնքված խաղաղության պայմանագիրն ու նորից Արցախի հարցը բարձրացնի ու այնտեղ հաջողություն ունենա՝ ռազմական կամ այլ միջոցներով տարածքները նորից ազատագրելու և հայկական վերահսկողության տակ վերցնելու։ 

- Այսինքն հայ-ռուսական հարաբերությունների «կամուրջները վերջնականապես այրված» չեն ու ՌԴ-ն կկանգնի՞ Հայաստանի կողքին, եթե իմանա, որ իր համար կանխատեսելի իշխանություններ են։

- Բնականաբար։ Իրենք ասում են, որ Հայաստանից ոչ մի տեղ չենք գնում, իրենք խնդիր ունեն իշխանության հետ, բայց ոչ Հայաստանի հետ։ Եթե Ռուսաստանի հաջողություններն Ուկրաինայում նկատելի լինեն, բավականին լուրջ ու շոշափելի լինեն, չի բացառվում, որ Ռուսաստանը աջակցի Հայաստանում իշխանափոխությանը, նոր իշխանության ձևավորմանը և այդ նոր իշխանությունը Ռուսաստանի աջակցությամբ ռազմական, քաղաքական, տնտեսական, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ... կարող է նորից Արցախի հարցը բարձրացնել ու բավականին լուրջ հաջողություններ ունենալ։ Ադրբեջանն ընդունելով արևմտյան դիրքորոշում, չի ստանա Ռուսաստանի և Իրանի աջակցությունն ու կընկնի այն վիճակում, որում հիմա Հայաստանն է: Դրա համար էլ Ադրբեջանը ձգում է ժամանակը։ Նրանք սպասում են և երբ Ռուսաստանը պարտություն չի ունենա, այն ժամանակ կթեքվի դեպի հարավ-արևմուտք, կընդունի արևմտյան խաղաղության ծրագիրը և իր վրայից այդ պատժամիջոցները դուրս կգան։ Իհարկե, այստեղ նավթային, գազային հարց կա, բայց դա այդքան մեծ դերակատարություն չի ունենում, որովհետև Հայաստանը մի քիչ գերագնահատում է Ադրբեջանի գազային հնարավորությունները։ Եվրոպան 450-500 միլիարդ խորանարդ մետր գազ է մեկ տարում օգտագործում, իսկ Ադրբեջանը միայն 10-12 միլիարդ գազ է մատակարարում։ Դե հիմա հաշվեք 450 միլիարդը որտեղ, 12 միլիարդը` որտեղ։ 

- Ադրբեջանի նախագահը բալանսավորված քաղաքականություն է վարում, ՀՀ իշխանությունները խոսում են Եվրոպայի հետ հարաբերությունների ամրացման ու խորացման գնալու մասին։ Այնինչ, նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում կարծես թե բոլորի համար հստակ է, որ Եվրոպան որպես համաշխարհային խաղացող՝ լուսանցքից դուրս է մնացել։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի հետ էլ չեն կարողանում համագործակցե՞լ։ 

- Երբ որ ասում են Եվրամիություն՝ նկատի ունեն Արևմուտք․ Արևմուտքի մաս է կազմում ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գործընթացներում Եվրամիության չեզոքացմանը, այդպես չէ, որովհետև մենք դեռևս չգիտենք՝ Ռուսաստանն ինչ հաջողություն կունենա ուկրաինական ռազմաճակատում։ Այս պահի դրությամբ դեռևս նկատելի չէ այդ հաջողությունը. պարտություն չէ, բայց հաջողություն էլ չէ՝ պատային իրավիճակ է։ Չի բացառվում, որ Եվրամիությունը կարողանա այդտեղ հաջողություն ունենալ: Քիչ հավանական է, բայց այնուամենայնիվ հավանական է։ Բացի այդ Հայաստանի իշխանությունները ինքնուրույն սուբյեկտ չեն, որ որոշեն դեպի Եվրոպա նայել, հյուսիս նայել, թե հարավ նայել։ 2018-ին իրենք բերվել են որպես խամաճիկային կառավարողներ՝ որոշակի խնդիրներ լուծելու համար։ Խնդիրներն էին՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, որով չեզոքացրին Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, տալ Զանգեզուրի միջանցքը, ինչը թույլ չտվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը և այդ կետը վերափոխվեց, և Հայաստանն ամբողջությամբ է վերածվում միջանցքի և հաջորդ հարցը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների չեզոքացման հարցն է։ Երբ դու դեպի Եվրոպա և ՆԱՏՕ ես նայում, երբ վարչապետը բանակի օրը նշում է, որ մենք բազմավեկտոր անվտանգային համակարգ պետք է ունենանք, տրամաբանական է, երբ դու այդ ուղղությամբ քայլեր ես անում և ոչ թե բավարարվում այդ մասին միայն հայտարարություններ անելով, ինչպես անում են Հայաստանի իշխանությունները։ Բնականաբար, երբ դու սկսում ես բազմավեկտորության մասին խոսել և անվտանգության այլ պլատֆորմներում ու համակարգերում քո հարաբերությունները ամրապնդել, դրանով դու փաստորեն չեզոքացնում ես ռուսական դիրքորոշումը։ Իրենց դրա համար են բերել, ոչ թե որովհետև իրենք արևմտամետ են՝ միգուցե արևմտամետ են, միգուցե արևմտամետ չեն, իրենք իզմեր չունեն։ Իրենք բերվել են այդ երեք խնդիրները լուծելու համար, որի համար պրեմիա են ստանում ՝ այսպես ասենք։ Եվ այդ երեք խնդիրներն էլ իրենք առաջ են տանում՝ իրենց միջոցով Արևմուտքն այդ խնդիրներն առաջ է տանում։ Իրենք պիտի իրականացնեն այն գիծը, ինչ-որ ասել է Արևմուտքը՝ անգլո-սաքսոնական աշխարհը։ Ես չեմ ասում լավ է, վատ է, ես ասում եմ ՝ դա է փաստը։

- Իսկ Սահմանադրության փոփոխությունը Փաշինյանին ի՞նչ կտա։

- Ոչ մի հնարավորություն չի տա։ Երկու խնդիր կա, երկու պատճառ։ Երկրորդ պատճառից սկսենք. Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրություն պետք է գրվի, որովհետև փոփոխելու դեպքում որոշ հոդվածներ հնարավոր չէ փոխել։ Իսկ նոր Սահմանադրության դեպքում դուք կարող եք նոր հոդվածներ ներառել։ Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրության նախաբանից և այլ կետերից պետք է դուրս բերվեն բոլոր տեսակի հղումները Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի, Արցախի հետ կապված հարցերը և փաստորեն, սա Հայաստանի Սահմանադրության ադրբեջանական տարբերակն է՝ ադրբեջանական Սահմանադրությունն է, որ ուզում են Հայաստանում անցկացնել։ Սրանք Ադրբեջանի պահանջներն են, հույս ունենալով, որ հետագայում ՀՀ իշխանություններն ինչ-որ չափով իրավական հիմք չեն ունենա ռևանշիզմի համար, բայց սա երկրորդ կետն է։ Պահանջի առաջին կետը ժամանակ ձգելն է, որովհետև Սահմանադրության փոփոխությունն իրենից ենթադրում է որոշ ժամանակ պահանջող գործընթաց՝ աշխատանքային գործընթաց, քարոզչություն, հանրաքվե և այլն։ 2 ամսվա չափ ժամանակ կգնա, իսկ այդ 2 ամիսը Ադրբեջանին ժամանակ կտա ձգելու գործընթացներն ու տեսնել, թե ՌԴ-ն Ուկրաինայում ինչ արդյունքներ է ունենում։ Երբ տեսնի, որ արդյունքները հստակ չեն, էլի պատճառ կգտնի, որ մի 2 ամսով էլ հետաձգեն, այսինքն, Ադրբեջանը հիմա ժամանակ ձգելու վրա է խաղում, մինչև կտեսնեն, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները ինչ սցենարով են գնում։ Սահմանադրության փոփոխություն կլինի, թե չէ, դժվար է ասել, որովհետև հասարակության մոտ բավականին մեծ ապատիա է, իսկ Սահմանադրության փոփոխությունը լեգիտիմ համարվելու համար պահանջվում է մասնակցության կոնկրետ տոկոս, իսկ այս ապատիայի պարագայում դա հարցական է։ Իսկ տոկոսները չապահովելու դեպքում այդ Սահմանադրությունը կհամարվի անվավեր։ 

- Կարող են, չէ՞ լցոնել։

- Տեսականորեն չի բացառվում, եթե իհարկե ընդդիմությունը կամ դրա մի մասը գոնե բավականին խիստ հսկողություն չիրականացնեն, եթե ընտրատեղամասերում խիստ վերահսկողություն իրականացվի, ապա լցոնումների փաստը շատ կպակասի։ 

- Եթե ադրբեջանական պահանջով Սահմանադրությունը փոխվի՝ դա կլինի точка невозврата-ն մեզ համար։

- Բացարձակ կապ չունի։ Սահմանադրությունը կարող է ընդունվել, հաստատվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ու եթե գա իշխանություն, որ Արցախի հարցով ինչ որ քաղաքականություն է իրականացնելու, ինքը չի նայելու, թե Սահմանադրության Ա կամ Բ կետերում ինչ է գրված՝ միանգամից ասելու է, որ Սահմանադրության այս կետերը համարում եմ անվավեր ու մի կողմ է դնելու և ուղղակի նոր հանրաքվե են անցկացնում՝ նորից վերականգնելով թե Ցեղասպանության, թե Արցախի մասին կետերը։ Քաղաքականության մեջ точка невозврата երբեք չի լինում։