Ադրբեջանում լռության օր է․ փետրվարի 7-ին Բաքվի բռնապետը կվերընտրվի

Ադրբեջանում լռության օր է․ փետրվարի 7-ին Բաքվի բռնապետը կվերընտրվի

Այս շաբաթ՝ փետրվարի 7-ին, Ադրբեջանում նախանշված են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք կանցկացվեն այդ երկրի երկարամյա ղեկավար Իլհամ Ալիեւի 2023 թ․ դեկտեմբերին ստորագրած հատուկ հրամանագրով։

Համապետական քվեարկության կազմակերպումը, ըստ Բաքվի բռնապետի, պայմանավորված է մի քանի գործոնով, որոնցից կարեւորագույնը, ըստ նրա, «2023 թ․ Լեռնային Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում երկրի տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնումից հետո իրական համընդհանուր ընտրությունների անցկացումն է» (իրականում խոսքն Արցախի դեմ ռազմական ագրեսիան ու էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության մասին է, որի հետեւանքով ավելի քան 100 հազար արցախցի բռնի տեղահանվեց, իսկ հայկական երկրորդ հանրապետությունը հայաթափվեց՝ խմբ․)։

Մյուս կողմից, ինչպես վկայակոչում է 63-ամյա Ալիեւը, ընտրությունները պատեհություն են՝ վերիմաստավորելու իր՝ ավելի քան 20-ամյա (հոր՝ Հեյդար Ալիեւի մահից հետո 2003 թ․ ժառանգաբար ստացել է իշխանությունը) ղեկավարման շրջափուլը։ Իլհամը, իհարկե, նախկին երիտասարդը չէ, եւ բացառված չէ, որ ընտանեկան՝ սուլթանա-բռնապետական ավանդույթների ոգուն հավատարիմ, աստիճանաբար պատրաստվում է իշխանությունը փոխանցել զավակներից մեկին (եթե ոչ որդուն, ապա հնարավոր է նաեւ դուստրերից մեկին՝ այս անգամ էլ գենդերային հավասարության ու ժողովրդավարության արեւելյան հեքիաթը հրապարակ նետելու համար)։ Այս ծրագրի տրամաբանության մեջ միանգամայն տեղավորելի է նաեւ նրա կինը՝ Մեհրիբանը, ով նաեւ երկրի փոխնախագահն է։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա Ադրբեջանի ԿԸՀ-ի փոխանցմամբ, արտերկրում երկրի դիվանագիտական ներկայացուցչություններում Ադրբեջանի քաղաքացիների քվեարկության գործընթացը կսկսվի նախ Կորեայում Ադրբեջանի դեսպանատանը եւ կավարտվի Լոս Անջելեսում՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունում։ Նշվում է, որ արտասահմանյան երկրներում քվեարկությունը կսկսվի ժամը 08:00-ին եւ կավարտվի տեղական ժամանակով 19:00-ին: Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքն ապահովելու համար աշխարհի 37 երկրում ստեղծվել է 49 ընտրատեղամաս։

Ինչպես ավելի վաղ պնդել են Ադրբեջանի ԿԸՀ-ում, արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ Արցախի օկուպացված տարածքներում եւս ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հրաժարվել է դիտորդներ գործուղել Ադրբեջան, իսկ ՌԴ Պետդուման հայտարարել է, որ իր ներկայացուցիչները կհետեւեն ընտրությունների ընթացքին։ Բաքվում, ի թիվս այլոց, դիտորդական առաքելություն կանցկացնի նաեւ ԱՊՀ պատվիրակությունը։ Բացի այդ, Ադրբեջանում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ավելի քան 6 հազար ներկայացուցիչ ստացել է առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների դիտորդների վկայական։ Սա մոտավորապես 4 անգամ ավելին է, քան 2018 թվականի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ ներկայացուցիչների թիվը։ Առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ներկայումս գրանցված են 78 հասարակական կազմակերպությունների դիտորդներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին կայանալիք Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածություն է առաջադրել 7 գործիչ․ նրանց թվում է հանրապետության գործող նախագահ Իլհամ Ալիեւը, ում թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան՝ խմբ.) կուսակցությունը։ Գրանցումն անցել են նաեւ ադրբեջանական խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը (ինքնառաջադրված), Ռազի Նուրուլաեւը («Ազգայնական ճակատ» կուսակցության առաջնորդ), Գուդրաթ Հասանգուլիեեւը («Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ), Ֆազիլ Մուստաֆան («Մեծ արարում» կուսակցության նախագահ), ինչպես նաեւ «Մեծ Ադրբեջան» կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաեւն ու ինքնառաջադրված Ֆուադ Ալիեւը։

Դատելով սույն ցանկից եւ դրանում տեղ գտած անձանց իշխանամետ, ինչպես նաեւ հակահայկական դիրքորոշումներից, միանգամայն պարզ է դառնում, որ նրանք ոչ թե ինքնուրույն, անկախ եւ այլընտրանքային գործիչներ են, այլ քաղաքական գործիքներ, Ալիեւի «սազանդարները», որոնք այս փուլում անհրաժեշտ են աշխարհի աչքին ընտրական մրցակցության, ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու համար։