Դուք ձեր երեխային թաշկինակ եք անում, կապում աչքներիդ․․․
Երբ ծնողը երեխայի փխրուն ուսերին դնում է իր ու ընտանիքի քաշի ողջ ծանրությունը, որպեսզի դրանից իր վիճակը թեթևանա, դա անչափահասի ողջ կյանքը ողբերգության է վերածելու։ Երեխան հետագայում չի կարողանալու դուրս գալ անգամ ամենափոքր բեռի տակից։ Վեց տարվա մեջ փաշինյանների կողմից սեփական երեխաներն օգտագործվել են որպես ինքնապաշտպանության զենքեր։ Ու քանի որ խոսքը երեխաներին է վերաբերվում, չեմ նշի այն միջոցները, որոնցով նրանք սեփական երեխաներին ներգրավել են քաղաքականության , իրենց խաղերի մեջ։ Այլ երկրներում դա ծնողների նկատմամբ լուրջ մեղադրանք կլինի։ Միայն վերջին դեպքին կանդրադառնամ, երբ Աննա Հակոբյանը փոքր աղջկան իր հետ Ծիծեռնակաբերդ էր տարել։ Տիկինը չգիտե՞ր հանրության վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը փոթորիկ է առաջացնելու։
Մի կողմ թողնենք մյուս ազգակործան արհավիրքները․ հենց երեկ են մեր աչքի առաջ «մորթել մեր գյուղերը», ոստիկանական կամ իշխանական ուժերով մարդկանց դուրս շպրտել իրենց հողից։ Մաթևոսյանն է լավ ասել․ «Հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել... »։ Տիկինը դա շատ լավ գիտեր, իսկ թե ինչու՞ է երեխային տարել, հենց իրենց ընտանեկան թերթն է բացահայտում․ «Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:
Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:
Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից»։
Մի՞ թե պարզ չէ, որ երեխային տարել է, ինքն էլ սրբի ճերմակ հագել, որպես իր միակ հենակետ։ Տարել է՝ մտածելով, որ հայը երեխա է սիրում ու ինքը պաշտպանված կզգա։ Ոստիկանական ուժերը, թիկնապահները նրա համար բավարար չէին։ Սեփական երեխային է գիտակցաբար թիրախ դարձրել։ Հիմա ո՞ւմ եք ուզում՝ երեխային օգտագործելով, ձերբակալել։ Չէ՞ որ սա առաջին դեպքը չէ։ Հրանտ Մաթևոսյանի բառերով կամփոփեմ․ «Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն»: Դուք ձեր երեխային թաշկինակ եք անում, կապում աչքներիդ․․․ Առանց գիտակցելու, որ երեխան հետագայում հասկանալու է, թե ձեզ ինչո՞ւ են այդպես կոչում, այդքան ատում․․․
Կարծիքներ