Ես չեմ օգտվում TikTok հավելվածից, բայց իսկը իր մակարդակին համապատասխան է

Ես չեմ օգտվում TikTok հավելվածից, բայց իսկը իր մակարդակին համապատասխան է

Երեկ գիշեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-ի իր էջում «դիմակազերծ» է արել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին: Նա իր և այն շրջանի պաշտպանության նախարարի մասնավոր նամակագրությունն է հրապարակել՝ «Արշակ Կարապետյանի ստի բացահայտումը» վերտառությամբ։ Հիշեցնենք, որ մարտի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն ասել էր, թե ինչու է Արշակ Կարապետյանն ազատվել պաշտոնից։ Արշակ Կարապետյանն էլ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նշել էր, որ ինքն այդ օրը երկրում չի եղել։

Նիկոլ Փաշինյանի տիկտոկյան էջում տեղադրվել է նրա և Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի սքրինշոթը, որից պարզ է դառնում, որ Արշակ Կարապետյանը Փաշինյանին հայտնում է, որ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն է գրում. «Ո՞ւր եք։ Անպատասխանատու բան ստացվեց»։ Բայց թե ինչի մասին է այս նամակագրությունն իրականում և առհասարակ իրակա՞ն է այն, թե՞ հնարովի, այս հարցի պատասխանը դժվար է տալ: Ամեն դեպքում, արտառոց փաստ է եւ բարոյականության սահմաններից դուրս է մասնավոր նամակագրությունը հրապարակելը, առավել եւս` երկրի առաջին դեմքերի նամակագրությունը: Այս տարրական բանը, թվում է` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է որ իմանար: Այս իրավիճակի մասին զրուցել ենք Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի և ռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ:

Թաթուլ Պետրոսյան

«Փաստորեն հիմա էլ մեղադրում է Արշակ Կարապետյանին: Ուզում է հավատացնել մարդկանց, որ նա իրեն չի զեկուցել` ինչ է կատարվում: Պարզ տրամաբանությամբ այս ազգակործան պատուհասն անվերջ մեղավորների փնտրտուքի մեջ է: Առաջ գլոբալ առումով մեղավորը միայն նախկիններն էին, հետո ռուսները, հետո պարզվեց մեղավորը բանակն է, հետո սկսեց մեղադրել ժողովրդին, հիշո՞ւմ եք, չէ՞, այն հայտարարությունը, որ մենք 12 հազար դասալիք ունենք, չնայած նրան, որ անգամ 100 հոգի չի դատապարտվել դասալքության համար: Մեղավորների գլոբալ փնտրտուքի մեջ է, քավության նոխազներ է փնտրում, անգամ իր թիմից այն խղճուկ էկոնոմիկայի նախարարին է անցել, հիմա էլ պարզվում է Արշակ Կարապետյանն է մեղավոր դարձել, քանի որ իրեն չի զեկուցել: Սա մանրախնդիր մարդու վարքագիծ է, սա վարչապետի պահվածք չէ, առանց ամաչելու էլ ասում է` ինձ չեն զեկուցել: Եթե դու երկրի ղեկավար ես ու քեզ ինչ-որ բան չեն զեկուցում, ուրեմն դու մեծ մեղքի բաժին ունես այդտեղ: Ղեկավար անձը ամենամեծ պատասխանատուն է, երկրորդ կարծիք այստեղ չի կարող լինել: Այդ մարդը երկիր ղեկավարելու հարցում անկարող է, հիմա իրեն սուբյեկտներ են հարկավոր` մեղքը նրանց ուսերին բարդելու համար: Վեց տարի է ասում էր նախկին իշխանություններն են մեղավոր, նրանք են թալանել և այլն: Հիմա հերթը իր «զինակիցներին» է հասել: Սրանք անգամ երկրի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր են հրապարակում, առանց խորշելու: Նման մի բան էլ Սասուն Միքայելյանն էր հրապարակել, թե քանի հոգի է դիրքերում գտնվում երկրապահից, այսինքն` այս մարդիկ կարևորը անկարևորից չեն էլ կարողանում տարբերել, մանրախնդիր մարդիկ են: Հիշեք Հրայր Թովմասյանի գրիչի պատմությունը`Սահմանադրական դատարանում և կպատկերացնեք մարդկային պրիմիտիվության և տգիտության աստիճանը: Շրիշակից էլ ցածր վարքագիծ ունեն: Եթե երկրի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ ես հրապարակում, դա լրիվ հերիք է քրեական հետապնդում սկսելու համար: Արագ պետք է պատժել սրանց, որովհետև օրենքն ու օրինականությունը ոչ մի արժեք չունեն սրանց համար: Անգամ իրենց խոսքի արժեքը չեն հասկանում: Ժամանակին էլ ԱԱԾ պետերի հետ գաղտնի նամակագրություն էին անում: Անպատժելիության զգացում է այս ամենի ետևում կանգնած: Վստահ են, որ ինչ էլ անեն, իրենց պատժող չկա, այ եթե գիտակցեն, որ մի օր պատժվելու են, իրենց այսպես չեն դրսևորի»:

Արշակ Զաքարյան

«Կլյաուզնիկություններ անելը վայել չէ տղամարդուն: Ամոթ է այս երևույթը, բայց խնդիրն այն է, որ այդ տարրն ինձ համար ոչ մարդ է, ոչ էլ տղամարդ: Զարմանալի ոչինչ չկա այդ կլյաուզնիկի արածի մեջ, թող զարմանան նրանք, ովքեր նոր են սրան ճանաչում: Այդ երևույթը դպրոցական տարիներից կլյաուզիայով է զբաղված, ի՞նչ սպասենք նրանից, ով նրան ընտրել է` հետը հույսեր կապելով, թող նա էլ զարմանա, ես չեմ զարմանում: Մարտի 1-ից սկսած սա հայտնի է իր տեսակով: Բոլորս էլ գիտենք, թե մարտի 1-ին ինչեր արեց: Նա զրպարտիչ, կլյաուզնիկ, խաբեբա, սուտասան, անբարո կերպար է, որին ոչ մի մարդկային բնութագիր չենք կարող տալ: 2008 թվականից սկսած ես դրանից ոչ մի լավ բան չեմ սպասել, ասել եմ` որտեղ դա կա, լավ բան չի կարող լինել: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչպես դրան իշխանություն վստահեցին: Երկիրը ծախում է, հողեր է հանձնում, արժե՞ նման մարդու արարքներից զարմանալ: Հասարակությունը բաժանվում է մի քանի մասի, Նիկոլին ընտրողներն իր նման են: Երկրին ոչ մի օգուտ չտված, փնովեցին ամեն ինչ…. բայց կան նաև մարդիկ, ովքեր այսօր դադարել են զարմանալ, քանի որ իշխանության է եկել աշխարհի մասշտաբով մի ինտրիգան, կլյաուզնիկ: Ես ինքս չեմ օգտվում TikTok հավելվածից, բայց կարող եմ ասել` իսկը իր մակարդակին համապատասխան հավելված է: Նրան միայն ստորաքարշություն և ստահակություն է բնորոշ, նա ապերախտ է, ստախոս, մուտիլովշիկ»: