30 տարի շատ բան է պակաս եղել, բայց այսպիսի ստորացուցիչ վիճակ, այսպիսի ճգնաժամ չենք տեսել

30 տարի շատ բան է պակաս եղել, բայց այսպիսի ստորացուցիչ վիճակ, այսպիսի ճգնաժամ չենք տեսել

Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին ձնահյուսի տակ օրերս մահացավ ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանը, ով ավարտել էր պարտադիր զինծառայությունը եւ պետք է զորացրվեր: Դրանից օրեր առաջ էլ բանակում երկու զինծառայող ինքնասպան եղան: Ըստ վիճակագրական տվյալների` 2018-ից հետո զինված ուժերում` խաղաղ պայմաններում մահվան թվերը զգալիորեն աճել են: Փաստացի ստացվում է, որ Հայաստանի գործող իշխանությունների պաշտոնավարման ժամանակ եւ նրանց մեղքով 5 հազար եւ ավելի զոհերից բացի, որոնք տվեցինք 2020 թվականին, շարունակվում են բանակում՝ անհասկանալի հանգամանքներում մահերը, ողբերգական պատահարները: Նախորդ տարվա հունվարին էլ Ազատ գյուղի զորանոցում հրդեհ տեղի ունեցավ՝ շուրջ 15 ժամկետային զինծառայող մոխրացավ ինչ-որ մարդկանց անփութության պատճառով։ Դեպքից ուղիղ մեկ տարի է անցել՝ դեպքի հանգամանքները լիովին պարզված չեն, եւ մեղավորները դեռ չեն ենթարկվել պատասխանատվության, բացի մի քանի միջին օղակների պատասխանատուների պաշտոնանկությունից, որոնց մեղքի բաժինն էլ կասկածելի է: 

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ բանակում տեղի ունեցող այս ցավալի պատահարներն անկարգապահության եւ անտարբերության արդյունք են: Եղիազարյանը մտահոգված է․ «Ինչո՞ւ միլիոնատեր գեներալները չեն անդրադառնում այս թեմային»: Նրա կարծիքով` զինվորն այսօր չունի արժեք, իսկ սուտը դարձել է մերօրյա իրականության գլխավոր ցուցիչը։ «Այս ամենը նշանակում է, որ հայոց բանակում վերացել է կարգապահություն ասվածը, իսկ երբ բանակում վերանում է կարգապահությունը, բանակը դառնում է նախ հեշտ կառավարելի, թեական: Այ, երբ կարգապահություն հաստատվի բանակում, նման դեպքեր չեն լինի: Կարգապահությունը շարքն է, շարքը հաղթանակն է, իսկ հաղթանակի սկիզբը դնողը ղեկավարն է, որը պետք է լինի հոգով առյուծ, այլ ոչ թե` ոչխար: Հենց սա էլ պատճառն է, որ մեր երկրում չկա կարգապահություն, չկա նպատակ: Զինվորի մասին մտածող էլ չկա: Մենք մոռացել ենք հաղթանակների մասին, որովհետեւ մնացել ենք բախտի քմահաճույքին, մեր երկիրը, մեր պատիվն ու մեր ճակատագիրն անհայտ են, մեկին սպանում են, մեկը զոհվում է, որովհետեւ չկա կարգապահություն, չկա կարգուկանոն, չկա դիսցիպլինա, գոյություն չունի շարք: Այս մարդկանց սիրտը ոչ մի բանի համար չի ցավում: Վաղն ինչպե՞ս են դրանք ներկայանալու աշխարհի առաջ, երբ մեր բանակն այս վիճակի մեջ է հայտնվել: Պետք է մեր բանակի գաղափարախոսությունը լինի այն, որ պատվից վեր ոչինչ չկա այս աշխարհում` Աստծուց բացի, իսկ եթե պատիվդ չես պահում, Աստված քեզնից երես է թեքում: Սողունի նման պետք չէ սրա-նրա ոտքի առաջ վազվզել: Այսօր մի քոչվորի դեմ ծնկի ենք եկել, քոչվորի դեմ, որը չգիտի, թե որն է իր հայրենիքը: Տեսնո՞ւմ եք ինչեր է հոխորտում Ալիեւը, իսկ մենք չունենք հզոր պետություն, որը պետք է մտածի բանակի, զինվորի եւ ժողովրդի անվտանգության մասին»,- ասում է Եղիազարյանը: 

Բանակը ե՞րբ է նման վիճակում եղել, հիշո՞ւմ եք նման իրավիճակներ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Ես մի բան կարող եմ ասել` 30 տարի շարունակ շատ բան է պակաս եղել, շատ-շատ բան, բայց այսպիսի ստորացուցիչ վիճակ, այսպիսի ճգնաժամ երբեք չենք տեսել, չենք տեսել, որովհետեւ չի եղել: Մարդկանց սուտ կոչումներ են տվել, չգիտես ինչեր են արել: Հայրենիքին չի կարելի այդպես խաբել: Այսօր հայ զինվորը, հայ տղամարդը ստորացուցիչ վիճակում են հայտնվել: Պետք է հասկանալ` ստամո՞քսն է ավելի կարեւոր, թե՞ պատիվը: Շատ մարդիկ մկների պես պատի ծակերն են այսօր մտել, ոչ մի ձայն չեն հանում, իսկ մենք տարիներով տառապել ենք՝ մեր պատիվը, հայ տղամարդու պատիվը բարձր պահելու համար: Տարիներով խաբել են մեզ, իսկ սա հասցնում է վերջնակետին», - ասում է Մանվել Եղիազարյանը: