Պատմության մեջ չկա մի կերպար, որն իր կարճաժամկետ նպատակների համար պետությունը զիջեր թշնամուն

Պատմության մեջ չկա մի կերպար, որն իր կարճաժամկետ նպատակների համար պետությունը զիջեր թշնամուն

ՔՊ-ականները իրենց ձախողված, պարտվողական, հանձնվողական քաղաքականությունն արդարացնելու համար սկսել են պատմական զուգահեռներ անցկացնել Փաշինյանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվլի Չեմբեռլենի միջեւ, ով պաշտոնավարել է 1937-40 թվականներին եւ խաղաղության, հաշտության, Հիտլեի հետ պայմանավորվելու կողմնակիցն է եղել: Որքանո՞վ է ճիշտ Չեմբեռլենի «խաղաղասիրական» քաղաքականությունը Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» հետ եւ այդ երկու անձին միմյանց հետ համեմատելը։

Զրուցել ենք ԵՊՀ պատմության դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Գևորգյանի հետ։ 

- Արդյոք կարելի՞ է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան» բացելու քաղաքականությունը համեմատել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Արթուր Նևիլ Չեմբեռլենի վարած քաղաքականության եւ Հայաստանի առաջիկայում կնքվելիք «խաղաղության պայմանագիրը»` Գերմանիայի հետ այդ ժամանակ կնքված խաղաղության համաձայնագրի հետ։

- Բնականաբար՝ ոչ։ Չեմբեռլենը համաձայնագիր չէր կնքում Անգլիայի տարածքների հաշվին, այլ համաձայնում էր,որ Գերմանիան տարածքներ գրավի երրորդ երկրների հաշվին՝ Չեխոսլովակիայից կամ Ավստրիայից։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կարելի է համեմատել Չեխոսլովակիայի ղեկավարության քաղաքականության հետ, որոնք առանց դիմադրության իրենց տարածքները տվեցին Գերմանիային, և հետո պարզվեց, որ սեփական սահմանները պահելու հնարավորություն չկա` երբ հանձնվել էին լեռնապատ տարածքները։ Չեխոսլովակիայի ղեկավարության հանձնողական քաղաքականության արդյունքում գերմանացիները Չեխոսլովակիայի սահմանային բարձր լեռներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել։ 

- Չեմբեռլենի քաղաքականությունն ինչպես ազդեց այն ժամանակ Եվրոպայում խաղաղություն հաստատելու եւ ֆաշիստական ուժերին զսպելու վրա։ Ի՞նչ հաջորդեց այդ համաձայնագրի կնքմանը:

- Հանրահայտ փաստ է՝ այդ համաձայնագրին հաջորդեց երկրորդ համաշխարային պատերազմը։ Այսինքն՝ Չեմբեռլենի և այն ժամանակվա Ֆրանսիայի ղեկավարի՝ Էդուարդ Դալադիեի քայլերը հանգեցրեցին նրան, որ պատերազմը սկսվեց ոչ թե 1938-ին, այլ 1939-ին։ Պատերազմը հետաձգվեց ընդամենը մեկ տարով, որը գերմանացիներն օգտագործեցին ամրապնդվելու, իրենց բանակը կատարելագործելու՝ պատերազմին պատրաստվելու համար։ Այսինքն՝ Գերմանիային տրվեց ժամանակ, որ սկսի համաշխարհային պատերազմ։ 

- Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, պառլամենտը, հասարակությունը այդ լարված շրջանում փոխեցին վարչապետին եւ այդ պաշտոնին նշանակեցին Ուինստոն Չերչիլին: Ինչպես էր գնահատվում Չեմբեռլենի խաղաղասիրական քաղաքականությունն այդ շրջանում պատերազմի մեջ ներքաշված Բրիտանիայում։

- Ակնհայտ է՝ բրիտանական հասարակությունը փոխեց վարչապետին, երբ պարզ դարձավ, որ Չեմբեռլենը չի իրականացնում իր խոստացած խաղաղասիրական քաղաքականությունը, և Գերմանիան գրավել էր արդեն մի շարք երկրներ, չէր պատրաստվում կանգ առնել, և խաբեց նաեւր Մեծ Բրիտանիային, որի արդյունքում նրան հեռացրեցին պաշտոնից, և նշանակեցին մի մարդու, ով առաջնորդվում էր մինչև վերջ պայքարելու, մինչև հաղթանակ պայքարը շարունակելու գաղափարով` Չերչիլին, ով մի քանի տարի անց հաղթեց պատերազմը։ 

- Ինչպես են համաշխարհային պատմության մեջ մնացել Չեմբեռլենն ու Չերչիլը: Ի՞նչ դրական հետք է թողել Չեմբեռլենը եւ ինչո՞ւ են այսօր ՔՊ-ականները հիշում նրան: 

- Ես կարծում եմ, որ նրանք Չեմբեռլենին հիշատակում են տգիտությունից ելնելով։ Չեմբեռլենին այսօր ոչ մեկը, եթե չհաշվենք նացիստներին և նրանց աջակիցներին, դրական չի գնահատում։ Նրան ոչ միայն համարում են սխալ քաղաքականություն վարող, այլեւ անհաջողակ, որը հիմարությունների պատճառով լուրջ սխալներ է թույլ տվել, և ոչ միայն նրա վարած քաղաքականությունն են բացասական գնահատում, այլ նաև անձնական հատկանիշները՝ քաղաքական հեռատեսության տեսանկյունից։ Նրան իշխանությունում փոխարինած անձին՝ Ուինսթոն Չերչիլին էլ լուրջ չէին ընդունում, բայց կարծ ժամանակում հասկացան, որ էապես տարբերվում է իր հաջորդից։ Նա երկիրը տարավ հաղթանակի, և արդեն նրա թշնամիներն էլ էին նրա նկատմամբ հարգալից։ 

- ՔՊ-ականները սկսել են պատմական կերպարներ փնտրել Փաշինյանի հետ համեմատելու համար՝ նպատակ ունենալով արդարացնել նրա վարած քաղաքականությունը։ Ձեր հետ զրույցից հասկանալի է դառնում, որ Չեմբեռլենի հետ համեմատվելը չի մեղմում իրենց վարած քաղաքականությունը։ Այդ դեպքում, ինչ պատմական կերպար, քաղաքական գործիչ կա, որի հետ Փաշինյանը կարող է համեմատվել, որ արդարացնի իր քաղաքականությունը։ 

- Ես տպավորություն ունեմ, որ շաբաթը մեկ մի նոր կերպարի մեջ են իրենց տեսնում, և կարող են Պապ թագավորից մինչև եսիմ ում հետ համեմատվեն։ Բայց, անձամբ իմ կարծիքով՝ չկա ինչ-որ կերպար, որի հետ կարող են համեմատվել, և փորձեն արդարացնել իրենք վարած քաղաքականությունը։ Պատմության մեջ չկա աչքի ընկած մի կերպար, որը պատրաստ լիներ իր կարճաժամկետ նպատակների համար պետությունը զիջել թշնամիներին։ Անգամ բացասական կերպարի հետ համեմատել չի կարելի՝ որովհետև, բացասական կերպարները կարող են վնաս տված լինեն մարդկանց, բայց ազդեցություն են ունեցել աշխարհի վրա։ Նույն Չեմբեռլենը, որի հետ ուզում են համեմատվել, ով տապալեց երկրի արտաքին քաղաքականությունը, նրա ազդեցությունը կասկածի տակ չէին դնում, և մտածում էին նրանից շատ բան է կախված, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը ներկայացնողից ոչ մի բան կախված չէ, բայց ունեն մեծ մեծամտություն։