Պետք է գոնե մի 30-50 տարով կոնֆլիկտը սառեցվի

Պետք է գոնե մի 30-50 տարով կոնֆլիկտը սառեցվի

Հարցազրույց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ

- Մեզ հաջողվո՞ւմ է արդյունավետ գործել տեղեկատվական պատերազմում։

- Տեղեկատվական պատերազմը սովորական պատերազմի անբաժանելի մասն է, վարում են 3 ուղղությամբ՝ մի հոսքը գնում է քո ազգաբնակչությանը, մեկը՝ դեպի թշնամի պետություն, եւ երրորդը՝ դեպի միջազգային հանրություն։ Ես կարող եմ ասել, որ 3 բաղադրիչներով որոշակի առաջխաղացումներ, դրական արդյունքներ մենք, ամեն դեպքում, արձանագրում ենք։ Իսկ դրսի հետ կապված ասեմ, որ մեր բախտը բերել է, որ Ադրբեջանը փակել է սոցցանցերը, եւ ստացվել է այնպես, որ ովքեր հետաքրքրված են իրավիճակով, ինֆորմացիան ստանում են Հայաստանից։ Դա շատ լավ է։ Կարող եմ ասել, որ, օրինակ, ռուսալեզու դաշտը տեղեկատվությունն 95 տոկոսով ստանում է Հայաստանից եւ հայաստանանպաստ։

- Ասացիք՝ Ադրբեջանը փակել է սոցցանցերը, նման կոչեր այսօր հնչում են նաեւ Հայաստանում։

- Երկու ելք կա՝ ինֆորմացիայի հետ վարվելու, մեկը փակելն է, մյուսը՝ տեղեկատվական հոսքերը կառավարելը։ Իմ կարծիքով, Ֆեյսբուքում դեռեւս, թու-թու-թու, ստացվում է կառավարել էդ հոսքերը։ Ես դեմ եմ Ֆեյսբուքի եւ մյուս սոցցանցերի փակմանը, որովհետեւ հակառակ դեպքում մենք այստեղ կարող ենք խուճապ ստանալ։

- Մեր երկրում հակառուսական տրամադրություններ կան, բայց շատերը հայացքը հառել են դեպի Ռուսաստանը, ակնկալում են, որ նա կմիջամտի։

- Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանային ամենախոշոր խաղացողը, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում բավականին ուժեղ ազդեցություն ունեցող երկիր, իհարկե, իր խոսքը պետք է ասի։ Բայց այստեղ պետք է շատ լուրջ ու նրբանկատորեն շարժվել։ Ամեն դեպքում, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ Հայաստանը Ռուսաստանից ե՛ւ զենք է ստանում լավ գներով, ե՛ւ վարկային միջոցներով է զենք ձեռք բերում։ Եվ Հայաստանի անվտանգությունն ապահովող երկիրը էլի Ռուսաստանն է։ Ուստի, ներկա պահին հակառուսական տրամադրություններ զարգացնել եւ փորձել Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, շատ վտանգավոր միտում է, եւ, իմ կարծիքով, ազգային անվտանգության մարմինները պետք է շատ ուշադիր հետեւեն, թե ովքեր են Հայաստանում փորձում արթնացնել հակառուսական տրամադրություններ։ Երկրորդը․ եկեք հասկանանք՝ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանին տարածաշրջանային արբիտրի դերից տեղափոխի  ուղղակի հակամարտության մի կողմ, որ Թուրքիան էլ Ռուսաստանի հետ՝ որպես հավասարը հավասարի, փորձի հարցեր լուծել որպես Ադրբեջանի տեր-տիրակալ։ Արդյոք Հայաստանին եւ Ռուսաստանին դա պե՞տք է։ Ռուսաստանին ձեռք է տալիս՝ ունենալ «իտոգ տվողի» կարգավիճակ տարածաշրջանում, որ, ինչպես եղավ ապրիլյանի ժամանակ, կարողանա հարթել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններն ու ժամանակավորապես խաղաղություն հաստատել։

- Վարչապետը կարծես հակված չէ՝ դիմելու Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին։

- Եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում ՀԱՊԿ-ին դիմել։ Դա նշանակում է, որ ամբողջ զինվորական գործողությունների կառավարումը Հայաստանը հանձնելու է ՀԱՊԿ-ին։ Դա, կոպիտ ասած, Հայաստանի սուվերենության մի ամբողջ մասը դու տալիս ես ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ դեռեւս նախադրյալներ չկան։ ՀԱՊԿ-ին դիմելը, իմ կարծիքով, վերջին բանը պետք է լինի, որ Հայաստանն անի, մոտավորապես, եթե Երեւանի վրա հարձակում լինի։ Ուրիշ հարց կա․ այս հակամարտությունը պետք է լուծվի։ Եվ եթե հիմա ժամանակավորապես սառեցվի, դա կնշանակի, որ 3, 5, 10 տարի հետո Ադրբեջանը, վերականգնելով իր ծախսած ռեսուրսները, էլի կհարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն՝ պետք է գլոբալ հարց լուծվի․ կա՛մ աշխարհի մեծերով նստեն, բանակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, հասկանան, թե ինչ են ուզում, եւ այնպիսի մի որոշում ընդունվի, որ մոտավորապես գոնե մի 30-50 տարով այս կոնֆլիկտը սառեցվի, կա՛մ այս հակամարտությունը կարող է դառնալ անընդհատ ձգձգվող դիրքային հակամարտություն, որովհետեւ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը չեն հասել այնպիսի արդյունքների, որ մի կողմին կարողանա պարտադրել խաղաղություն։