«Գարշափնթի կերպար»․ Էջմիածնի քաղաքապետը վիրավորանքների դեմն առնելու ելքը գտել է

«Գարշափնթի կերպար»․ Էջմիածնի քաղաքապետը վիրավորանքների դեմն առնելու ելքը գտել է
Դիանա Գասպարյան

Էջմիածնի  քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ում անձի շուրջ աղմուկները չեն դադարում եւ սոցիալական ցանցերում շարունակվում են նրա դեմ հայտարություններն  ու գրառումները, դրա դեմն առնելու ելքը գտել է․ դատի է տալու։
Առաջին անձն էլ, որը Գասպարյանի թեթեւ ձեռքով հայտնվելու է դատարանում, Կարինե Մարտիրոսյան անուն-ազգանունով ֆեյսբուքյան օգտատերն է։ 
«Պատվավոր էջմիածենցիներով» էջում նա գրառում է արել Գասպարյանի մասին՝ նրան անվանելով «գարշափնթի կերպար»,  «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ» եւ նմանատիպ այլ արտահայտություններ։ 

Գասպարյանը ՖԲ իր էջում դրա վերաբերյալ հայտնել է․ «Իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։

Հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում։ Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին։ Այսուհետ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության։ Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով»։

Գասպարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այդ թեմային, ասաց․ «Մենք այլընտրանքային մեթոդով  դիմել էինք տվյալ մարդուն՝ առաջարկելով հրապարակային ներողություն խնդրել, ինչի առաջարկը մերժվել է, հետեւաբար՝ մյուս քայլը դատական պաշտպանությունն է»։

Հարցին՝ ինչքա՞ն գումար է պահանջում, քաղաքապետը նշեց․ «Օրենքը սահմանում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։ Հստակ գումարի չափ որոշված չէ, որովհետեւ իրականում վիրավորական արտահայտությունները շատ են, հնարավոր է ամեն մեկի համար առանձին գումար սահմանվի»։