Աբրահամ Լինքոլն. «Գետանցման ժամանակ ձիեր չեն փոխում»

Աբրահամ Լինքոլն. «Գետանցման ժամանակ ձիեր չեն փոխում»

Թե՛ «Հրապարակ»-ի էջերում և թե՛ ֆեյսբուքում բազմիցս եմ հիշատակել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ասույթը գետանցմանը ձիեր փոխելու անթույլատրելիության մասին: Բայց այն մնացել է ձայն բարբառո հանապատի, քանի որ, ինչպես մեր ժողովուրդն է ասել, ասողին լսող է պետք: 1861-65 թթ-ի ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի՝ ԱՄՆ նախագահ Լինքոլնի ասույթի իմաստն ավելի քան հստակ է: Այն է՝ խառը ժամանակներում սովորական ու ավանդական կարգ ու կանոնը չպետք է փոփոխել, քանի որ դա չի բերի հաջողության: Մեր ժողովրդի միամտության՝ մեղմ ասած, պատճառով մենք վարչապետ կարգեցինք մեկին, որ ծրագրել էր «արցախյան բեռից» ազատվելու ճանապարհով հայաստանյան «սերգոջաների» համար ապահովել «երջանիկ ապագա»: Ինչը ենթադրում էր նաև անջատում ռուսական տնտեսական և անվտանգության համակարգերից: Դրա վկայությունը ոչ միայն 2008 թվականի նրա «գլուգործոցն» էր, այլև 2017 թվականի աշնանը, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, կազմակերպած խորհրդարանական լսումները ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգով:

2000-ականնների սկզբին առաջինի առումով գործուն քայլեր էր ձեռնարկել ԿԲ նախագահ, իսկ հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դա ենթադրում էր ահռելի թղթաբանական և ինստիտուցիոնալ նախապատրաստություն: Ինչպես նաև հայկական ընկերությունների՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովում: Սակայն դա ավարտվեց անհաջողությամբ՝ Հայաստանին պարտադրեցին անդամակցել Մաքսային միությանը, իսկ այնուհետև ԵԱՏՄ-ին: Չգիտեմ, որպես օրաթերթի գլխավոր խմբագիր, իսկ այնուհետև ընդդիմադիր պատգամավոր, Նիկոլը տեղյակ էր արդյոք կատարված և դեռևս կատարվելիք հսկայական աշխատանքին: Քանի որ առաջին անհաջողությունից և ԵԱՏՄ մուտքից հետո, բնականաբար, արվելիք գործն ավելի ծավալուն էր լինելու: Բայց ներպետական մակարդակում երբեմնի «դուխով» Նիկոլն իրեն այդպիսին պատկերացրեց նաև արտաքին գործընկեր պետությունների առումով: Եվ որոշեց, որ ինքը պակաս չէ Ալեքսանդր Մակեդոնացուց, որը թրի մեկ հարվածով քնդեց «գորդյան հանգույցը»: Եվ մինչև 44-օրյա պատերազմը դա դեռևս կարելի էր գոնե հասկանալ՝ բնականաբար, չընդունելով: Իսկ նույն այդ սխալի կրկնությունը խայտառակ պարտությունից և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հայտնվելուց հետո հավասարազոր է դավաճանության: Եթե նույնիսկ չլիներ էլ դավաճանության վերաբերյալ հիմնավոր կասկածը՝ մեծաքանակ զոհերի գնով ժողովրդին շոկի մեջ գցելու եղանակով Արցախի խնդիրը մոռացության տալու վերաբերյալ: 

Արևմուտքը, բնականաբար, պետք է ընդուներ Նիկոլի հակառուսական նվերը: Հատկապես որ Ռուսաստանի դեմ ողջ արևմտյան աշխարհը համախմբած ԱՄՆ-ը բախվել է աշխարհում իր գերիշխանությունը կորցնելու սպառնալիքին: Մնացյալը՝ Ուկրաինայի ժողովրդավարության, անկախության ու ինքնիշխանության պահպանման առումով պայքարն ընդամենը մարդկանց աչքին թոզ փչելու հեքիաթների շարքից են: Ուկրաինան ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Դեռևս նախքան 2014 թվականին Ղրիմը կորցնելը հակառուսականությունը դարձել էր այդ երկրի գաղափարախոսությունը, իսկ մարդու իրավուբնքների ոտնահարումը էթնիկ սկզբունքով հաստատ ժողովրդավարական նորմերի ցանկում չէ: Իմիջիայլոց, այդ առումով առկա չէ որևէ տարբերություն այդ երկրի և հայատյաց Ադրբեջանի միջև: Իսկ ասենք կոռուպցիայի դեմ պայքարելու առումով նրա առաջամարտիկ լինելը ևս բլեֆ էր: Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտեց Արևմուտքից ստացված թե՛ նյութական (անհատական զինատեսակների առումով) և թե՛ ֆինանասկան ռեսուրսների գծով անհամար կոռուպցիոն գործարքների հանգամանքը:    
Մի խոսքով, ժողովրդավարության և այլ սկզբունքների անվան ներքո գնում է ընդամենը հեգեմոնիան պահպանելու կատաղի պայքար: Այն ավելի անհաշտ է դառնում ընդդեմ այդ հեգեմոնիայի՝ ԲՐԻՔՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստանի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության անգլերեն անվանումների հապավումը) երկրների համագործակցության ի հայտ գալով: Հատկապես ԲՐԻՔՍ-ին միանալու՝ բազմաթիվ երկրների դիմումների առկայության պարագայում: Հիշեցնեմ՝ դրանք միմյանց հետ առևտուր են անում ազգային արժույթներով, ինչը ծանր հարված է արդեն ամերիկյան դոլարի տիրապետությանը: Ու այսօր արդեն պարզ է, որ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո առաջացած աշխարհակարգն այլևս գոյություն չունի: Այդ փաստն ընդունել են նույնիսկ Միացյալ Նահանգներում: Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ձևավորում է ստանալու նորը: Բայց ինչպիսին էլ այն լինի՝ նախկինն այլևս չի լինի: Ու այդ պայմաններում Հայաստանի վարչապետի պաշտոնին կառչած անձը փորձում է թշնամանալ Ռուսաստանի հետ ու դեպի Արևմուտք փոխել արտաքին քաղաքականության ուղղությունը:  

Հետևանքներն արդեն ակնհայտ են. 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո  ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողության արդյունքում Արցախի վերջնական կորուստ: Ինչին, բնականաբար, հետևելու է հայաթափումը: Դրան էլ հետևելու է Սյունիքի հանձնումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տեսքով: Այնուհետև Սևանա լճի հյուսիսային, արևելյան և հարավային ափերի հանձնումը թշնամուն: Եվ թուրքական վասալական կախման տեսքով Արևմուտքի հովանավորություն: Կարևորը, որ Ռուսաստանին դուրս են հրավիրելու Հարավային Կովկասից: Իսկ հայաստանի ու հայ ժողովրդի վրա՝ թքած:  

Վերջաբանի փոխարեն՝ վերջին 3 տարում Նիկոլն էնքան ասաց, որ ինքը լիազորություն չունի Արցախի հարցում, որ վերջին հրադադարի առումով իրեն իսկապես բանի տեղ չեն դրել: Բայց դրանից ինքն իրեն վատ չի զգում՝ վերջապես ազատվեց «արցախյան բեռից»: Մնում է, որ մենք էլ ազատվենք մեկ այլ բեռից՝ իր ներկայությունից: