Ինչպես 1918-ին, այնպես էլ հիմա խնդիր է դրված՝ չունենալ զինուժ
Օրեր առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առնչվում է 27 տարին լրացած եւ բանակից խուսափած անձանց։ Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։
Հայոց բանակի օրվան ընդառաջ գրող, հրապարակախոս Կարո Վարդանյանն իր մտահոգություններն է հայտնում օրինագծի հետ կապված, ու թե ինչպես այն կանդրադառնա բանակի վրա․ «Ինչպես տեսնում եք, այս ռեժիմը եկած օրվանից առաջիններից մեկը թիրախավորեց հենց բանակը, զինված ուժերը։ Սկզբնական շրջանում, նախ, ծաղրուծանակի ենթարկեցին բանակը, հիշում եք ելակի պատմությունները, դրան հաջորդեց պաշտպանական համակարգերի շարունակական ծախսերի կրճատումը, փոխարենը ոստիկանական համակարգն աներեւակայելի ձեւով ուռճացվեց։ Ի՞նչ է սա նշանակում՝ տկարացնել երկրի սահմանները, իսկ ոստիկանական համակարգի հզորացումը հասկանալի է, թե ինչու արվեց, որպեսզի ռեժիմին պաշտպանի, եւ հանկարծ որեւէ բան չխանգարի իրենց ստանձնած «առաքելության» մեջ»։
Կարո Վարդանյանն ասում է, որ 2 օր առաջ հրավիրված էր մի հանդիպման, որտեղ քննարկվում էր այս իշխանությունների կողմից առաջ բերված մեկ այլ նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ «Ես խոսեցի, թե ինչի կարող է հանգեցնել պատմության կեղծումը, բայց ցավալիորեն նկատեցի, որ մարդիկ պարզապես ցանկություն չունեն, այսպես ասած, «վատ» բաներ լսել։ Բայց տեսեք, նույն 1918-ին խայտառակ ու նվաստացուցիչ սահմաններով երկիր մեզ բաժին հասավ, ու այդ սահմանները գծեց թուրքը, ընդհանրապես Բաթումիի դաշնագիր կոչվածը նախապես թուրքն էր պատրաստել ու տվել մեր պատվիրակությանը, որ ստորագրեն, որում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում էր ունենալ 1200 հոգանոց բանակ, որը նույնիսկ մի ջոկատ էլ չէ։ Իսկ ո՞րն էր տրամաբանությունը, որ այդ նորաստեղծ հանրապետությունը չպետք է ունենար զինուժ։ Ու քանի որ դաշնագիրը կոչվում էր հաշտության ու բարեկամության, այդ 1200 հոգանոց զինուժը պարտավոր էր անհրաժեշտության դեպքում մշտապես համագործակցել թուրքերի հետ»,- ասում է Կ․ Վարդանյանն ու նկատում, որ մինչ օրս չի փոխվել այդ մտայնությունը, պարզապես հանգամանքների բերումով 100 տարի հետ ընկավ թուրքերի ծրագիրը, քանի որ պարտվեցին առաջին աշխարհամարտում եւ ստիպված եղան հետ քաշվել։
«Ու եթե 1918-ին պարտված, տկարացած Թուրքիան էր ամեն ինչ թելադրում ու երկրի սահմանները գծում, այսօր Թուրքիան ո՛չ պարտված է, ո՛չ էլ տկար, ավելին՝ տեսնում ենք, որ այսօր տարածաշրջանում Թուրքիան ինչ ուզում՝ անում է, ու նրա ձեռքը բռնող չկա։ Իսկ այդ քայլերի տրամաբանությունն այս է՝ կրճատել, բարոյալքել, որ մենք չպետք է ունենանք զինուժ, հատկապես որ հայ ծնողն էլ այսօր ամեն ինչ անում է, որպեսզի ազատի իր տղային բանակից, լինի 5 մլն, թե 15 մլն, ճարելու են այդ գումարն ու իրենց զավակին ազատեն բանակից։ Բայց այսպես չի լինի, քանի որ երկիրն ի վերջո մնում է անպաշտպան, իսկ սա հենց Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրանքն է, որպեսզի երբեւէ հայ ժողովուրդը չինքնակազմակերպվի, եթե սթափվի էլ, տեսնի, որ ինքն այլես չունի զինուժ՝ իր բզկտված սահմանները պատշաճ պաշտպանելու համար։ Սա է տրամաբանությունը, այսինքն՝ քանի մեր երկրի ներսում ունեն իրենց, մեղմ ասած, համախոհը, պետք է զուգահեռաբար տկարացնեն մեր բանակը, եթե խանգարող չեղավ, Սահմանադրությունն էլ շուտով կփոխեն։ Ես չգիտեմ, թե Ադրբեջանի վերջնական նպատակը որն է, ինչ թվաքանակով պետք է լինի մեր զինուժը, եւ եթե հասնեն իրենց ուզածին, ապա ինչ մարտունակություն է ունենալու մեր բանակը, բայց մի բանում ես 100 տոկոս վստահ եմ, եթե սրանց ձեռքը բռնող չեղավ կամ կանգնեցնող չեղավ, մենք պարզապես զինուժ չենք ունենալու, այլ միայն բանակի պատրանք, որը բարոյալքված կլինի ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես։ Չէ՞ որ այս ընթացքում մենք տեսնում ենք այդ ամենօրյա զոհերը, դժբախտ պատահարները, որոնք հիմնականում լինում են անկարգապահությունից, տնավարությունից, այսինքն՝ այլեւս պարտադիր չէ մարտական գործողություն լինի, որպեսզի զոհ տաս։ Այս վիճակին են բերել հասցրել մեր բանակը, եւ դա շարունակվելու է բոլոր առումներով, հատկապես որ այդ օրինագծի առաջարկները շատ գայթակղիչ են հայ ընտանիքների համար՝ վճարիր այսքան գումար, եւ զավակդ կազատվի պարտադիր զինծառայությունից»,-ցավով արձանագրում է Կ․ Վարդանյանը։
Կարծիքներ