Սիամական զույգը

Սիամական զույգը

Մեր դժբախտությունը Նիկոլ Փաշինյանն ու նրա վարած քաղաքականությունը չեն, եւ մեր փրկությունը, ցավոք, նրանցից ազատվելու մեջ չէ։ Երբ հետեւում ես մեր հանրային մտքի դրսեւորումներին եւ ծանոթանում ես քաղաքական տարբեր շրջանակների հետ, հասկանում ես, որ իշխանափոխությունը կարող է ոչ մի հարց էլ երկրում չլուծել, որովհետեւ իշխանության մեջ գտնվող եւ իշխանության ձգտող խմբերն իրար նման են՝ ինչպես սիամական երկվորյակները։ Նույն հայացքներն ու աշխարհընկալումն ունեն, նույն սկզբունքներով ու ոճով են ապրում, նույնքան նեղմիտ են ու կաղապարված։ Բոլորն իրենց քաղաքական հակառակորդներին թշնամի են համարում եւ փորձում են ոչնչացնել։ Ունակ չեն երկրում հանրային համերաշխության մթնոլորտ ձեւավորել։ Անհանդուրժող են իրենց քննադատողների հանդեպ եւ անչափ սիրում են քծնանքը։ Բոլորն արագորեն կապվում են պաշտոններին եւ սկսում են սիրել իշխանական վայելքները։ Բոլորը մտածում են իրենց ապագան «ապահովելու» մասին, բայց ոչ ոք չի մտածում պետական բյուջեն խնայելու մասին։

Արտաքին քաղաքականության մեջ էլ են իշխանություն-ընդդիմություն իրար նման՝ դաշնակիցների հետ հարաբերությունները կառուցել չեն կարողանում եւ չեն գիտակցում, թե ով ինչ շահ ունի եւ մեզնից՝ ինչ ակնկալիք։ Ոչ մեկը զերծ չի մնում պոպուլիզմից ու էժան դիվիդենտներ շահելուց։ Բոլորն առանց քաշվելու կարող են շահարկել զգայուն թեմաներն ու օգտվել մարդկանց թուլություններից։ Իշխանություն-ընդդիմություն՝ առաջին հայացքից անհաշտ այս զույգը, իրականում, շատ ներդաշնակ է եւ անբաժան։ Պարզապես՝ այնպես է ստացվել, որ մարդկանց մի խումբը հայտնվել է իշխանության ղեկին եւ ավերում է երկիրը, մյուս խումբը փորձում է փրկել երկիրը։ Բայց երբ տեղերով փոխվեն, չկա ոչ մի երաշխիք, որ իրավիճակը կփոխվի։