Վաղը կլրանա ցմահ դատապարտյալի 55 ամյակը, կինն ու որդին նրան սպասում էին դատարանում

Վաղը կլրանա ցմահ դատապարտյալի 55 ամյակը, կինն ու որդին նրան սպասում էին դատարանում

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց։ Բանն այն է, որ իր իսկ բողոքի քննությանը Տեր-Սահակյանի ներկայությունը չէր ապահովվել։ Պաշտպանական կողմի դիրքորոշումը, որ դատապարտյալը պետք է ներկա լինի իր բողոքի քննությանը, բավարարվեց դատարանի կողմից, և նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 21՝ ժամը 16։00-ն․

«Անձի վերաբերյալ գործ է քննվում, դա կարգավորվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, և իր ներկայությունը պարտադիր է։ Մեր տեղեկություններով՝ իրեն ծանուցված է եղել դատի օրվա և ժամի մասին և իրեն պիտի բերեին, ուղղակի որ դատ շուտ ժամի էր նշանակված, իսկ այս ժամերին ընդհանարապես կալանավորներ չեն բերում, կարծում ենք՝ դա էր պատճառը։ Այսինքն՝ անկախ մեր բողոքի բովանդակությունից կալանավորին պիտի բերեին», - ասաց իրավապաշտպան Արտակ Գալստյանը։

Արմեն Տեր- Սահակյանի որդին՝ Աբգար Տեր- Սահակյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վաղը լրանալու է դատապարտյալի 55 ամյակը, և իրենք հույս ունեն, որ 56 ամյակը Տեր- Սահակյանը կդիմավորի ազատության մեջ․

«Շատ լավ եղավ, որ բավարարվեց, որովհետև իմ հայրիկին չէին ուզում բերեին։ Բողոքող կողմը ինքն է, ինքն էլ իր կարծիքը պիտի արտահայտի։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ նա դատարանում պետք է ներկա չլինի»։ 

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի գործով ցուցմունք չտալու համար Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել էր մահապատժի, ապա պատժամիջոցի վերնալուց հետ նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման։ Շուրջ 23 տարի է, ինչ Տեր- Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։ 

Մանրամասն՝ տեսանյութում։