«Ամոթ» վանկարկելով ճանապարհեցին Օսիպյանին. նա առարկեց «Ծռերին» համաներելու դեմ

«Ամոթ» վանկարկելով ճանապարհեցին Օսիպյանին. նա առարկեց «Ծռերին» համաներելու դեմ

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով դատական նիստին որպես տուժող դատարանում ցուցմունք տվող Վալերի Օսիպյանին ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը հարցրեց՝ ինչպե՞ս է եղել իրենց վերաբերմունքը նրանց նկատմամբ, վերաբերվե՞լ են որպես արժանապատիվ սպաների: Օսիպյանը պատասխանեց. «Ուղղակի պիտի արտահայտվեմ, չեմ կարող չարտահայտվել. սպային վայել ձեւով դուք կազմակերպեցիք, դա շոու էր ընդամենը, ես տեսա հետեւեցի նկարահանում էի, ես պահանջեցի ՝ չնկարահանեն, ես մինչեւ այդ ձեզ խնդրեցի՝ թույլ տվեք իմ ընկերն ա, ես գնամ, մասնակցեմ հուղարկավորությանը, ես կվերադառնամ, դուք թույլ չտվեցիք: Վերաբերմունքը իմ հանդեպ վիրավորական չի եղել ձեր կողմից, վիրավորական եղել ա, բայց ոչ բոլոր տղաների կողմից»:

Պավլիկ Մանուկյանը հնչեցրեց հաջորդ հարցը. «Պարոն գնդապետ, մենք մտերմիկ զրուցել ենք, ձեր տեղեկություններով՝ Սաշիկը քցել էր ախպորդ, որ դուրս եկաք գնդից, քցածը ետ վերադարձրե՞ց»:

Դատավորը հանեց այդ հարցը, քանի որ այն չէր առնչվում քրեական գործին: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարց տվեց Օսիպյանին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հետ կապված, թե նրան որտեղի՞ց տեղեկություն, որ Տեփանոսյանին սպանել է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, ոստիկանապետն արձագանքեց. «Ականատես չեմ եղել, լրատվամիջոցներից, իրավապահներից, ովքեր խոսում էին, այնուհետեւ գործի հանգամանքներից»: Դատարանը նաեւ հետաքրքրվեց նրանից՝ թե արդյոք ի՞նչ դիրքորոշում ունի «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառելուն:

«Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլինեին կորցրած իմ գործընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը օրենքով նախատեսված իր պատիժը պետք է կրի, դատաքննությունը պետք է շարունակվի»,-եզրափակեց նա:

Դրանից հետո նիստի ներկաները «ամոթ» վանկարկեցին, այդպիսով Օսիպյանը հարցաքննությունն ավարտվեց: Իսկ արդեն դատարանի բակում նրան կրկին «ամոթ» վանկարկելով ճանապարհեցին: Ոստիկանապետը նաեւ չցանկացավ պատասախանել լրագրողների հարցերին, միայն կրկնեց, որ օրենքով խստագույնս պատիժ պետք է կրեն: