Ինչ կա Բաքու այցելած Կիրիլ պատրիարքի քեյսում՝ ղարաբաղյան հարցի հետ կապված
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Ըստ ադրբեջանական պաշտոնական լրահոսի՝ բարիգալստյան արարողությունից հետո երկու լիդերների միջեւ տեղի է ունեցել առանձնազրույց։ Հիշեցնենք, որ հունվարի 30-31-ին Կիրիլ պատրիարքի պատրիարքական գահակալության 10-ամյակի հանդիսավոր միջոցառումներն էին ընթանում Մոսկվայում։ Հայ առաքելական եկեղեցին այդ հանդիսություններին թեեւ հրավիրված էր ամենաբարձր մակարդակով, սակայն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը չէր մեկնել Մոսկվա, այլ գնացել էր Ավստրալիա՝ հովվապետական այցի, իր փոխարեն Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի գլխավորությամբ ուղարկելով պատվիրակություն։
Հրավիրված է եղել նաեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն, ով մասնակցել է հանդիսություններին, ունեցել առանձին հանդիպում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի հետ, որի ընթացքում արծարծել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Այն, որ այս հանդիպումից ու Ղարաբաղի մասին հայտարարությունից հետո ռուսական եկեղեցու լիդերը մեկնել է Ադրբեջան, արդեն իսկ բավականին ենթադրությունների առիթ կարող է դառնալ, թեկուզեւ ղարաբաղյան կարգավորման մասով։ Հիշենք, որ հետսովետական տարածքում գործում է ԱՊՀ կրոնական առաջնորդների խորհուրդը, իսկ Հարավային Կովկասում՝ Կրոնական առաջնորդների կովկասյան քառյակ կոչված խորհուրդը, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր տարիներին ներկայացուցչական ժողովների կամ այլ առիթներով, երբեմն էլ հակամարտության գոտում սրացումների ժամանակ հանդես են եկել հայտարարություններով եւ խաղաղասիրական կոչերով։ Նման հայտարարություններ եղել են, երբ ադրբեջանական ծանր զինտեխնիկան չափազանց մոտեցել է առաջնագծին, կամ երբ դիպուկահարներ են տեղակայվել առաջնագծի երկայնքով։ Այս ձեւաչափերի շրջանակներում էլ մեկ անգամ Գարեգին Բ-ն է այցելել Բաքու եւ հրավիրել Ալլահշյուքյուր Փաշազադեին՝ պատասխան այց կատարել։
Սովորաբար այս բոլոր ձեւաչափերում էլ առաջնայնությունը պատկանում է Ռուսաստանին, եւ հիմնական տրամաբանությունը այս ֆորմատների գոյության ավանդական կրոնական կառույցների կողմից համամարդկային խաղաղասիրական առաքելությունն է նաեւ եւ քաղաքական գործիչներին խաղաղասիրությանն ու մարդասիրությանը տրամադրելը։ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում վերջին ակտիվացումները հաշվի առնելիս կարելի է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, Ռուս ուղղափառ եկեղեցին եւս, որ ըստ ամենայնի Կրեմլի քաղաքական գիծն է առաջ մղում եւ Կրեմլի շահերը կրոնական ոլորտում, որոշել է հանդես գալ որոշակի նախաձեռնողականությամբ, անշուշտ՝ Կրեմլի «օրհնությամբ», եւ փորձել նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման պրոցեսին։ Իհարկե, կարող են լինել նաեւ զուտ ներքին հարցեր՝ կապված Մոսկվայի պատրիարքության Բաքվի թեմի հետ, սակայն այն, որ ղարաբաղյան հարցը միշտ Կիրիլ պատրիարքի օրակարգում է, կարող ենք արձանագրել, որ որոշակի քննարկումներ այս առումով եւս կլինեն։
Կարծիքներ