Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլին․․․

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլին․․․

Հիվանդ ու ծեր մարդը ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր Կարմիր խաչի մեքենայից։ Ծայրահեղ ծանր վիճակում էր ու Հայաստան էին տանում բուժման նպատակով։  Այսօր տեսանյութն էի նայում․ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի խեղջացած վիճակը, արցունքները ինձ հեռուն են տանում։ 

Արցախյան առաջին պատերազմի տարիներին ևս գերիներ կային։ Մի նրբություն կար։ Ադրբեջանը հայ գերուն չէր փոխանակում զոհված ադրբեջանցու հետ։  Այդ պատճառով մերոնք ևս գերի էին վերցնում  կենդանի ադրբեջանցիների, որպեսզի կարողանային փոխանակել մեր կենդանի գերիների հետ։ Թե ինչպիսի դաժանությամբ ու վայրենությամբ էին վարվում նրանք մեր գերիների հետ, հազարավոր փաստեր կան։ Բայց դրանց չանդրադառնամ։ Արցախյան պատերազմի սկիզբն էր, այն պահը, երբ թուրքը Արցախի որոշ գյուղերում խաղաղ բնակիչների հետ անասնական դաժանությամբ էր վարվում: Ռազմական թղթակից էի, բոլոր իրադրություններին մոտ կանգնած մարդ: Բորիսովկայի հակամարդկային դեպքերից հետո անասելի չարությամբ էի լցված ադրբեջանցիների հանդեպ։ Այն ժամանակ՝  ի փառս մեր ոստիկանության, նրանք ևս ջոկատներ էին կազմել ու սխրագործություններ էին գործում: Գորիսի այն ժամանակվա ոստիկանապետին խնդրեցի.

-Եթե որևէ գերի բերեն ձեր մոտ,- խնդրում եմ,- ինձ կանչեք,- ես ուզում եմ սեփական ձեռքերով պատճառել նրանց այն ցավը, ինչ մեր գերիների նկատմամբ են անում: Ու ինքս ինձ արդեն պատկերացնում էի, թե ոնց կվարվեմ այդ գերու հետ:

Ոստիկանապետի կանչը չուշացավ՝ արի, գերի ենք բերել: Կին էր: Երբ ներս մտա, նա ոռնում էր ցավից: Ոտքը կոտրված էր, փախուստի ժամանակ էր եղել: Ծանր կոտրվածք էր ու չէր լռում, կատվի պես մլավում էր: Երբ մտա, սողեսող, չոքեչոք գրկեց ոտքերս ու լաց եղավ.
-Բաջի քյոմագ, աղրըյըր: /Քույրիկ, ցավում է, օգնիր ինձ/:

Գլխապտույտ ունեցա խղճի խայթից, ձեռքով թիկնեցի պատին ու ինձ ուղեկցողին կանչեցի.
-Խնդրում եմ ոստիկանապետին ասեք, մեղք է, մի ցավազրկող տա, մինչև բժիշկ կանչենք:
Ոստիկանապետը մտավ ու խորամանկ ժպտաց ինձ.
- Արի՜, արի՜, այդպես էլ գիտեի: Ա՜յ սա է հայի ու թուրքի տարբերությունը: - Մենք այս անասուններին բարությամբ ենք կոտրելու: Կենդանուն այլ կերպ պատասխանել չի լինի, որովհետև կենդանի՜ են ու չեն հասկանում, թե ինչ են անում…

Հիմա Ալիևին ուզում եմ ասել՝ մենք ձեր գերու հետ այսպես վարվեցինք, դուք ի՞նչ եք անում։  Դա էլ այն դեպքում, երբ այդ ժամանակ Բորիսովկայում ու այլ գյուղերում ձեր այլանդակ դիմագիծն էիք ցուցադրում՝ հոշոտելով մարդկանց: Այդքան չարությամբ հանդերձ՝ դուք պարտվեցիք: 

Պարտվեցիք, որովհետև Նիկոլ չունեինք։ Այսօր մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլին։ Ոնց ուզում եք հասկացեք։ Գողը որ տնից լինի, եզը երդիկով կհանեն։