Հայ համայնքը ոչ թե Զելենսկուն է ձայն տվել, այլ Պորոշենկոյի դեմ է քվեարկել

Հայ համայնքը ոչ թե Զելենսկուն է ձայն տվել, այլ Պորոշենկոյի դեմ է քվեարկել
Նորիկ Գևորգյան

Կիևի հայ համայնքի ղելավար և պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյան ասում է, որ ուկրաինական ընտրություններում հայ համայնքը, որը կազմում է Ուկրաինայի բնակուչության մոտ 1․5 տոկոսը, որպես կանոն, չի առաջնորդվում թեկնածուների ծրագրերով։ Չնայած դրան, շատ ակտիվ է, և տարբեր հատվածներ՝ տարբեր թեկնածուների են պաշտպանել և քվեարկել։ Հարցին, թե դա պայմանավորված է ծրագրերո՞վ, ուկրաինահայն ասում է, որ՝ ոչ, որովհետև բոլոր թեկնածուներն էլ հայերի ու ազգային փոքրամասնությունների համար շատ լավ ծրագրեր են ունեցել և իրենց քաղաքական թիմերում էլ հայեր կան։ «Ոնց որ ընտրություններում, այնպես էլ հայերի շրջանում, ոչ մի տարբերություն, շատ մարդիկ Զելենսկու օգտին են քվեարկել, շատերը՝ Պորոշենկոյի, շատերը՝ Յուլիայի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Նորիկ Գևորգյանը։ Վերջինիս խոսքով՝ ինչպեսև՝ Ուկրաինայի բնակչության հիմնական մասը, այստեղ ապրող հայերին հետաքրքրում են թեկնածուների ուկրաինական ծրագրերը․ ո՞վ կբերի խաղաղություն, ով ավելի արդյունավետ կպայքարի կոռուպցիայի դեմ։ Հիշեցնենք, որ կիրակի Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների քվեաթերթիկները մշակելուց հետո երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին։ 
Այն անցկացվելու է գործող Նախագահ Պյոտր Պորոշենկոյի և դերասան Վլադիմիր Զելենսկու միջև։ Ի սկզբանե ընտրապայքարի ֆավորիտները, չնայած թեկնածուների առատությանը, 3 էին․ նրանք և «հյուսքով տիկինը»՝ Յուլիա Տիմոշենկոն։ Ուկրաինայում իրոք դժգոհ են Պյոտր Պորոշենկոյի իշխանությունից, չնայած որոշ դրական փոփոխություններին։ Հայ համայնքի ղեկավարն այս առնչությամբ ասում է․«Հայերի հիմնական մասը, որ ձայնը տվել է Զելենսկուն, ոչ թե նրա համար, որ տվել է իրեն, այլ որ դեմ է՝ Պորոշենկոյին, եղած իշխանություններին»։ Նշենք, որ ժողովրդավարություն չունեցող երկրներում ազգային փոքրամասնությունները սովորաբար կողմ են քվեարկում իշխող թեկնածուներին, կուսակցություններին։ Կիևի հայ համայնքի ղեկավարն ասում է, որ իրենց մոտ էլ մինչև Նարնջագույն հեղափոխությունն այդպես էր, հիմա արդեն՝ ոչ։ Նա նշեց նաև, որ հայերի այն մասը, որը բնակվում է Դոնեցկին ու Լուգանսկին մոտ, քվեարկել է պրոռուսական թեկնածուների օգտին, արևմտյան հատվածներում՝ հակառակը։