Ինչպե՞ս էին քաղաքական ուժերը «սիրում» հայրենիքը 2021 թվականին

Ինչպե՞ս էին քաղաքական ուժերը «սիրում» հայրենիքը 2021 թվականին

Հետպատերազմական 2021 թվականը Հայաստանի քաղաքական դաշտում անցավ հայրենիքի հանդեպ սիրո տարբեր դրսեւորումներով։ Որոշ ուժեր եւ գործիչներ որոշեցին, որ հատկապես հունիսյան ընտրություններից եւ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելուց հետո հայրենիքը պետք է հեռվից սիրել, եւ անհետացան քաղաքական ասպարեզից։ Իշխանություններն ամրապնդեցին իրենց մոտեցումները, որ ընտրություններում վերարտադրվելուց եւ ժողովրդի քվեն ստանալուց հետո հայրենիքը պետք է սիրել էլ ավելի մեծ էնտուզիազմով՝ այն հանձնելով թշնամուն։ Դրանց առընթեր որոշ ուժեր էլ հասկացան, որ իրենք ինքնուրույն չեն կարող սիրել կամ չսիրել հայրենիքը, դրա համար պետք է ընդամենը աջակցել հայրենիքը հանձնողների «սիրուն»։ Իսկ քաղաքական ուժերի մի մասն էլ՝ ընդդիմադիրներ եւ կիսաընդդիմադիրներ, որոշեցին, որ հայրենիքը պետք է սիրել հայրենիքը հանձնողների «սերը» քննադատելով, բայց հընթացս նրբորեն հայրենիքը փրկելու իրենց ստանձնած առաքելությունից ձեռքերը լվանալով։

Տարին հայրենասիրության, հայրենիքը հանձնելու եւ այն փրկելու տարատեսակ դրսեւորումներից զատ՝ քաղաքական դաշտի համար բուռն էր նաեւ աշնանային ՏԻՄ ընտրություններով։ Իշխանությունները տարվա ընթացքում նախաձեռնեցին եւ իրականացրին համայնքների անտրամաբանական եւ չհիմնավորված խոշորացում, որի միակ նպատակն այդ համայնքներում նոր ընտրություններ անցկացնելն ու դրանց միջոցով որոշ համայնքներում իշխանությունը լիարժեք իրենց ձեռքը վերցնելն էր։ Դա, բնականաբար, իշխանություններին չհաջողվեց, փոխարենը որոշ նորահայտ քաղաքական ուժերի հաջողվեց մտնել ակտիվ քաղաքական պայքարի մեջ եւ, ինչու ոչ, հասնել նաեւ հաջողության որոշ համայնքներում։ Անցնենք հերթով՝ բոլոր քաղաքական ուժերի «վրայով»։

Իշխանություն՝ իր ՔՊ-ով

Իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա «ուսապարկերի ֆաբրիկան» ամբողջ տարին, իսկ հունիսյան ընտրություններից հետո՝ ավելի եռանդուն կերպով, շարունակեցին իրենց հակաարցախյան քաղաքականությունը։ Փաշինյանն այլեւս չէր հայտարարում, որ սիրում է ժողովրդին, հպարտանում է նրանով եւ պատրաստ է մատաղ լինել այդ ժողովրդի ոտքերի տակ կամ կանգնել գնդակահարության պատի տակ՝ նրա դատաստանին հլու-հնազանդ։ Հակառակը՝ նա իր ձախողումների, դավաճանության, պատերազմում պարտության եւ Արցախը հանձնելու ամբողջ մեղքը, նախկիններին զուգահեռ, սկսեց կամաց-կամաց բարդել նաեւ ժողովրդի վրա։ Նրա «ուսապարկերն» էլ՝ խորհրդարանական եւ կառավարական, ծափ էին տալիս ու «Անասնաֆերմայի» բնակիչների նման՝ գլուխները տմբտմբացնում «ընկեր Նապոլեոնի» ամեն մի ասածի վրա։ Հայրենիքը հանձնելու Փաշինյանի «անզիջում» քաղաքականության վերջին ակորդը դեկտեմբերի 24-ին նրա տված առցանց ասուլիսն էր, որտեղ նա բացահայտ հայտարարեց, որ մտադիր չէ Արցախի անկախության եւ արցախցիների ինքնորոշման իրավունքի համար պայքարել, եւ հասարակությանը պատրաստեց, որ այն շուտով լինելու է Ադրբեջանի կազմում։ Այդ ընթացքում նա հասցրեց նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին գահընկեց անել՝ նրան նախկինների «գրպանը» գցելով ու տեղը նոր՝ անդեմ ու անհայտ մեկին քաղաքապետ դարձնելով։

Խորհրդարանական ընդդիմություն՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ»

Այս երկու խորհրդարանական խմբակցությունները շատ բուռն եւ դրամատիկ ամիսներ անցկացրին նոր ձեւավորված Ազգային ժողովում։ Նախ նրանք ընտրություններին մասնակցեցին՝ խոստանալով հաղթել եւ Փաշինյանին վռնդել իշխանությունից՝ զուգահեռաբար նրան դատելով, պատժելով եւ այլն։ Հետո, ի զարմանս իրենց եւ բոլորի, պարտվեցին եւ ստիպված եղան ԱԺ գնալ ընդդիմության կարգավիճակում ու խոստացան, որ օր ու արեւ չեն տալու իշխանություններին եւ խորհրդարանի ամբիոնը եւս օգտագործելու են Փաշինյանի եւ ուսապարկերի կյանքը դժոխք դարձնելու, նրանց օր առաջ հեռացնելու համար։ Բայց այս վեց ամիսները ցույց տվեցին, որ ոչ թե նրանք, այլ իշխանությունները սկսեցին օր ու արեւ չտալ ընդդիմադիրներին՝ շաբաթը մեկ նրանց, նրանց օգնականներին հայհոյելով, ծեծելով, ամբիոնից ու դահլիճից ուժով դուրս հանելով, նրանց բերանը փակելով, ընդդիմության ազատ խոսքը լռեցնելով ու ընդդիմադիր պատգամավորներին բանտարկելով։ Եվ իշխանության քոքը մաշեցնելու փոխարեն ընդդիմության ռեսուրսները սկսեցին մաշվել, դիմադրողականությունն ընկավ, եւ մարդիկ սկսեցին ծաղրել ընդդիմադիր երկու դաշինքներին, հիասթափվել նրանցից ու մեղադրել իրենց խոստումները չկատարելու համար։ Եթե «Հայաստան» դաշինքի դեպքում իշխանությունները կարողացան որոշակի «հաջողության» հասնել՝ նրանց տարբեր մեթոդներով ճնշելով ու նվաստացնելով, այդ թվում՝ Արթուր Ղազինյանին Քոչարյան Անդոյի տեղակալ պարբերաբար չընտրելով, ապա «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում այլ՝ ավելի գործնական հաջողությունների հասան։

Նիկոլ Փաշինյանն իր օլիգարխների միջոցով կարողացավ «Պատիվ ունեմ» խմբակցության յոթ պատգամավորներից մեկին՝ Իշխան Զաքարյանին, պոկել խմբակցությունից, դարձնել անկախ պատգամավոր՝ այդպիսով պառակտելով ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության ձեւավորած խմբակցությունը եւ իր 77 հոգանոց թիմին ավելացնելով մեկ լրացուցիչ ձայն, որը վճռական պահերին կարեւոր դեր կխաղա։ Ընդդիմադիր երկու դաշինքների ֆորմալ եւ ոչ ֆորմալ առաջնորդները տարեվերջին հրապարակային միջոցառումներ անցկացրին։ Մեկը դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 17-րդ համագումարն էր, որտեղ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ ելույթ ունեցավ «կապիտուլյանտի» վարած քաղաքականության վերաբերյալ՝ խոստանալով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մյուսը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դեկտեմբերի 27-ին տված ամփոփիչ ասուլիսն էր, որտեղ նա Արցախի հարցում որեւէ բան չխոստացավ՝ հասկացնելով, որ «վարչապետ Փաշինյանի» սկսածն այլեւս անհնար է կանգնեցնել։

Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի դե յուրե առաջնորդ, ԱԺ-ում նույնանուն խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այս ամիսներին գնալով պասիվացավ՝ «տեղավորվելով» սպասման ռեժիմի մեջ (On hold): Վանեցյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին էլ գրեթե չէր հաճախում, ելույթ չէր ունենում, կառավարության հետ հարցուպատասխանին առհասարակ չէր մասնակցում՝ Նիկոլ Փաշինյանին զրկելով իր աչքերին ուղիղ նայելով՝ իրեն վիրավորելու կամ մեղադրելու հնարավորությունից։ Վանեցյանի կուսակցության ակտիվությունը դրսեւորվեց Վանաձորում՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքում Մամիկոն Ասլանյանի հետ դաշինք կազմելու եւ Ֆեյսբուքում ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարության ու քայլի վերաբերյալ գրառումներով հանդես գալու եղանակով։

Արտախորհրդարանական ուժեր

Քաղաքական դաշտի այս հատվածը հիմնականում զբաղված է Նիկոլ Փաշինյանի հակահայկական օրակարգը սպասարկելով։ Որոշները պասիվ աջակցի դեր են ստանձնել, օրինակ՝ ԲՀԿ-ն, որի Երեւանի ավագանու անդամները միացան Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին՝ այդպիսով սպասարկելով Փաշինյանի քաղաքական օրակարգը։ Մյուս ուժերը, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, նրա երբեմնի դաշնակիցներ Արման Բաբաջանյանն ու Լեւոն Շիրինյանը՝ հանրությանը դեռեւս անհայտ իրենց կուսակցություններով, Սամվել Բաբայանի «Ազատություն» կուսակցությունը, ստանձնել են օրվա իշխանությունների սազանդարի դերն ու, Փաշինյանի բառապաշարով ասած, հետեւից «բրթելով խոդի գցողի» ֆունկցիա են իրականացնում այս իշխանությունների համար։

Այսինքն՝ որ հարցում որ Նիկոլ Փաշինյանն աջակցության կարիք ունի, որ կարողանա լեգիտիմացնել եւ ընթացքի մեջ դնել իր հակաարցախյան, պրոթուրքական եւ պրոադրբեջանական հայտարարությունները, նրան այդ հարցում օգնության են հասնում Արամ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արման Բաբաջանյանը եւ էլի մի քանի քաղաքական ֆիգուրներ։ Այ, հենց նրանք են «հրելով խոդի գցում» Փաշինյանի գործերն ու մտքերը։ Իսկ վերջին օրերին արդեն «պաշտոնապես» նրանց միացավ նաեւ ժամանակին ՀՀԿ-ի մոտ «ընդդիմություն» աշխատող Էդմոն Մարուքյանն ու նրա ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մարուքյանը հատկապես Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այնքան բացահայտ էր սպասարկում Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծ քաղաքապետ չդառնա հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը, որ անգամ Փաշինյանն էր զարմացել, որ իրեն այսպես հավատարիմ աջակցող ունի ու չգիտի դրա մասին։

Այս բոլոր ուժերը, բացի ԲՀԿ-ից, ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին հիմնականում իշխանություններին աջակցելու նպատակով, որպեսզի որտեղ ՔՊ-ն կեսից քիչ ձայն հավաքեր, իրենք միանային ՔՊ-ին եւ կոալիցիա կազմելով՝ զավթեին իշխանությունը, որ հանկարծ իրական ընդդիմադիրները տվյալ համայնքում չգային իշխանության։ Նրանց պլանները, սակայն, հիմնականում ձախողվեցին։ Որոշ համայնքներում անգամ տեղի ունեցավ հակառակը, ասենք՝ «Հանրապետության» թեկնածուները հրաժարվեցին Արամ Սարգսյանի ցուցումով, «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները՝ Արման Բաբաջանյանի ցուցումով կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ եւ տապալեցին իշխանական պլանները։

«Ապրելու երկիրը»՝ տարվա անակնկալ

Այս տարվա «քինդեր սյուրպրիզը», իհարկե, «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, որը ղեկավարում են Փաշինյանի կառավարության երկու նախկին սոցապնախարարները՝ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը։ Նրանք Նիկոլ Փաշինյանի վարած հակահայկական ու հակաարցախյան քաղաքականությանը երբեք որեւէ հարթակում առանձնապես դեմ չեն արտահայտվել, փոխարենը ակտիվ պայքար ծավալեցին ՏԻՄ ընտրություններում՝ գրեթե բոլոր համայնքներում առաջադրելով թեկնածուներ եւ որոշներում անգամ հաղթելով, կոալիցիա կազմելով կամ մինչեւ վերջ չզիջելով ամենափոքրիկ հաղթանակն իսկ։ Նրանք այնքան լուրջ էին տրամադրված, որ, օրինակ, Նոյեմբերյանում նրանց թեկնածուն, ենթարկվելով ամենատարբեր ճնշումների, այդուհանդերձ, չգնաց գործարքի եւ չզիջեց տեղը ՔՊ-ին։ Այսօր նա՝ Արսեն Աղաբաբյանը, ընտրված քաղաքապետ է։ Իսկ Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության անդամներն այնպիսի փողոցային պայքարի մեջ մտան ոստիկանության ու իշխանական թեւի ներկայացուցիչների հետ, որ նման թեժ ընդդիմացում օրվա իշխանություններին անգամ իրական ընդդիմության ակցիաների ժամանակ չէինք նկատել։ Այս ամենով հանդերձ, սակայն, նրանք դեռեւս վարանում են Փաշինյանին ուղիղ քննադատելուց եւ նրան թթու խոսք ասելուց։