2021-ի խորհրդարան՝ ծեծող ու դակող մարմին

2021-ի խորհրդարան՝ ծեծող ու դակող մարմին

Նախորդ բոլոր խորհրդարաններից 8-րդ գումարման Ազգային ժողովը գործունեության չորս ամիսների ընթացքում տարբերվեց իր ագրեսիվությամբ: Օրինաստեղծ մարմինը իշխանությունները վերածել են ռինգի դաշտի եւ քաղաքական հակառակորդների դեմ պայքարում են ձեռնամարտի կամ մարտարվեստի այլ տեսակի միջոցով։ Արդյունքում տուժում է օրինաստեղծ աշխատանքը, քաղաքական ուժերը, ավելի ճիշտ՝ իշխող խմբակցությունը ԱԺ բարիկադներում մեկ խնդիր է լուծում՝ ինչպես շշպռել ընդդիմադիրներին, փակել նրանց բերանները եւ թույլ չտալ իշխանություններին քննադատել: Հանրությունը քանիցս հնարավորություն է ունեցել ըմբոշխնելու խորհրդարանական մարտերը, իսկ թե ինչպիսին են նրանք օրինաստեղծ աշխատանքում, փորձենք հասկանալ խորհրդարանական գործունեության վերլուծությամբ: 

Ի տարբերություն նախորդ գումարման, այս խորհրդարանն ընտրությունների արդյունքում չստացավ սահմանադրական մեծամասնություն, միայն իշխանության համառ ջանքերի արդյունքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս եկավ խմբակցությունից, եւ եթե նա որոշի քվեարկել իշխող ՔՊ-ին համահունչ, կապահովվի այդ մեծամասնությունը: 

Այսպիսով՝ ընդունվող օրենքներ հեղինակելու հարցում խորհրդարանի մասնակցության տեսակարար կշիռն էականորեն նվազել է։ Եթե նախորդ գումարման խորհրդարաններում ընդունվող օրենքների 80 տոկոսի հեղինակը կառավարությունն էր, 20 տոկոսինը՝ ԱԺ-ն, ապա նոր խորհրդարանի 4 ամսվա ընթացքում ՔՊ-ականները երկու ձեռքի վրա հաշված նախագծեր են ներկայացրել, եւ այդ հարաբերակցությունը լավագույն դեպքում 95/5 է: Այնինչ նախորդ գումարման խորհրդարանը վերջին շնչում ընդունեց պատգամավորների գործունեության համար նախատեսված գումարի չափը հնգապատկելու մասին նախագիծ՝ այն հիմնավորմամբ, որ հայրենի օրենսդիրներն այնքան շատ են աշխատում, որ 50 հազար դրամն ընթացիկ ծախսերի համար քիչ է, հարկավոր է 250 հազար դարձնել: 

Իսկ ՔՊ-ականների եւ կառավարության նախագծերի բովանդակության, իրականության հետ աղերսի մասին ավելորդ է խոսելը, տպավորություն է, որ Հայաստանում ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ էլ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորումներ:

Ընդհանուր առմամբ, 8-րդ գումարման խորհրդարանը 4 ամսվա ընթացքում ընդունել է 130 նախագիծ՝ ներառյալ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների, ԱԺ փոխնախագահների եւ ընդհանրապես՝ խորհրդարանի ձեւավորման փուլին առնչվող մոտ մի քանի տասնյակ նախագծերը՝ քննիչ հանձնաժողովի ձեւավորում, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի, ԿԲ, ԲԴԽ անդամների ընտրություններ եւ այլն։

130-ից ընդամենը 2 օրենսդրական փաթեթն են ՔՊ-ականները հեղինակել՝ երեքական օրենքում փոփոխությունների մասին: Մեկը ԶԼՄ-ների մասին տխրահռչակ նախագիծն է, որը հեղինակել էին դեռեւս նախորդ գումարման Ազգային ժողովում, համահեղինակներ՝ Արթուր Հովհաննիսյան, Վահագն Հովակիմյան, Սարգիս Խանդանյան, Թագուհի Ղազարյան։ Առաջին երեքը նախկին լրագրողներ են, որոնք պատգամավորի պաշտոնում դարձել են մամուլի թիվ մեկ թշնամիները: Նախագծով առաջարկում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել: Երկրորդը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծն է, կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել են Վահագն Հովակիմյանն ու Վլադիմիր Վարդանյանը, եւ որը հոկտեմբերին ընդունվեց ամբողջությամբ: Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները 20-ի փոխարեն դարձնել 30։

ՔՊ-ականների հեղինակությամբ կան եւս մի քանի նախագծեր, որոնք դրված են շրջանառության մեջ, բայց օրակարգ չեն մտել։ Դրանցից է «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել են ՔՊ-ականներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը, Հռիփսիմե Հունանյանը։ Առաջարկում են թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծ են ներկայացրել Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը: Հետպատերազմական իրավիճակից բխող մի քանի նախագծեր եւս դեռեւս օրակարգ չեն մտել: 

Դրանցից մեկը ներկայացրել է հայտնի մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նա առաջարկում է՝ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում «ամուսին», «զավակ», «ծնող» բառերի շարքում ընդգրկել նաեւ «քույր», «եղբայր», «պապ», «տատ» բառերը, ինչպես նաեւ․ «Եթե զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, ապա այն անձը, ում հետ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնական հարաբերության մեջ, համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ է ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ եւ վերջինիս կողմից հաստատվելու պարագայում համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի շահառու։ Սույն կետի իմաստով տեղեկություններ կարող են հանդիսանալ համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները եւ այլ ապացույցներ»: Նախագիծը հիմնավորված է նրանով, որ «ունենք 16 դեպք, որտեղ օրենքում նշված շահառուները բացակայում են», ուստի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը չի տրամադրվում, մինչդեռ «բոլոր դեպքերում զոհված զինծառայողներն ունեն քույրեր, եղբայրներ, տատ կամ պապ»։ Եվ նախագծի հեղինակն առաջարկում է փոխհատուցում տրամադրել զոհվածների քույրերին, եղբայրներին, տատ ու պապերին:

Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է ԱԺ կանոնակարգի 138-րդ հոդվածում փոփոխություն կատարելու նախագիծ, ըստ որի՝ իրավասու խմբակցությունը մեկ անգամ կարող է ներկայացնել հանձնաժողովի նախագահի թեկնածուի: Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, առաջադրում է նոր թեկնածու: Այս նախագիծն ընդդիմության դեմ է, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի, որի թեկնածու Արթուր Ղազինյանին մի քանի ամիս է՝ ՔՊ-ն հրաժարվում է հանձնաժողովի փոխնախագահ ընտրել: Օրակարգում ՔՊ-ականների կողմից եւս 4-5 նախագծեր կան, որոնք վերաբերում են անշարժ գույքին, կրթությանը եւ այլն:

Ակնհայտ է, որ այսօր առավել, քան երբեւէ, ԱԺ-ն դարձել է կառավարության դակիչը, եւ տեղին է հիշել պատգամավորներից մեկի բնորոշումը՝ արված պատերազմից հետո․ խորհրդարանում ընդամենը շարքային ուսապարկեր են, որոնք պարտավոր են անել այն, ինչ «վոժդը» կհրամայի: Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունների հեղինակությամբ էլ ընդամենը մեկ նախագիծ է ընդունվել՝ Համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված քննիչ հանձնաժողովի մասին, չնայած ընդդիմությունը, հատկապես «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորներ, տասնյակ նախագծեր են առաջարկել աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների բարձրացման, գնումների համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դատական եւ այլ համակարգերի վերաբերյալ, որոնց մեծ մասն անգամ օրակարգում չի ընդգրկվել։ Եթե անգամ ընդգրկվեն, դատելով ՔՊ-ական մեծամասնության տրամադրվածությունից, ընդդիմադիրների հեղինակած որեւէ նախագիծ չի ընդունվի։ Կա՛մ կմերժեն, կա՛մ մի քանի բան փոխելով՝ իրենց անունից կներկայացնեն, որ հանրությանը ցույց տան, թե իրենք են բարի գործերի հեղինակը: