Ինչ սովորեցրին մեզ եւ Ադրբեջանին իրանական հարվածները

Ինչ սովորեցրին մեզ եւ Ադրբեջանին իրանական հարվածները


Անկախ նրանից, որ մենք, մեր «հին ու բարի» սովորության համաձայն, Իսրայելին հասցված Իրանի պատասխան հարվածները գնահատելիս մեր գործն Իրանին «իր արածի լավ կամ վատ» լինելը հուշելով սահմանափակեցինք, միեւնույն է, Իսրայելին հասցրած Իրանի հարվածները «շատ ավելիի» եւ «շատ ավելի մեծ բաների» մասին էին:
Նախ, պետք է արձանագրենք, որ դրանց՝ այդ հարվածներին անդրադառնալը մեր վերլուծական եւ փորձագիտական շրջանակները չպետք է Իրանին հուշելու իրենց «կարողություններն ապացուցելու» համար անեին: Չպետք է միայն դրա համար անեին, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ դեռեւս այն ժամանակ, երբ Իրանն իրականացնում էր այդ հարվածները, նա այդ հարվածների հետեւանքների հաշվարկն իր համար չէր կարող չունենալ:

Դրանք՝ այդ հաշվարկները, իհարկե, եղել են եւ չէին կարող «ավելի»-ի մասին մեր փորձագիտական եւ վերլուծական շրջանակների ունեցած պատկերացումներից ավելին չլինել: Չէին կարող, որովհետեւ, ի տարբերություն մեզ, Իրանում լավ են հասկացել, որ դրանք՝ այդ հարվածները, ավելի շատ ոչ թե Իսրայելին հարվածելու Իրանի կարողությունը ցույց տալուն, այլ 21-րդ դարի պատերազմին ու 21-րդ դարում նոր տիպի եւ որակի պատերազմ վարելուն վերաբերող հարվածներ պետք է լինեն:

Այս առումով, մեր փորձագիտական եւ վերլուծական շրջանակները, թերեւս, շատ ավելի կարեւոր գործ արած կլինեին, եթե Իրանին կամ Իսրայելին ինչ-որ բան հուշելուց առաջ իրենք ժամանակին հասկացած լինեին եւ հետո էլ մեզ, որպես հասարակության եւ պետության, հասկացրած լինեին, որ Իսրայելի նկատմամբ իրականացված իրանական գործողությունները կարող են նաեւ մեր երկիրն այս վիճակից «դուրս բերող» գործողությունների նախատիպ դառնալ:
Բայց, չնայած վերեւում շեշտված հանգամանքին, միեւնույն է, իրանական այդ գործողությունները մեզ համար իրոք որ մեր երկիրն այս վիճակից «դուրս բերող» գործողությունների նախատիպ են դարձել: Դրանք այդպիսին են դարձել, որովհետեւ դրանց արդյունքների վերլուծությունը մեզ սովորեցնում է, որ 21-րդ դարի պատերազմներում պարտություններն ու հաղթանակները հաշվվում են ոչ միայն զենքով ու զինամթերքի քանակով, այլ նաեւ նրանով, թե ինչ եւ ինչքան կարող ես կորցնել այդ պատերազմում:

Դրանց՝ այդ գործողություններին, մեր երկիրն այս վիճակից «դուրս բերող» գործողությունների նախատիպ դարձնողը նաեւ այն է, որ դրանք մեզ սովորեցրին նաեւ, որ հավանական պատերազմի ժամանակ Ադրբեջանը մեզ համար ոչ թե որպես նավթ ու գազ ունեցող հարուստ երկիր պետք է դիտարկվի, այլ որպես նավթի ու գազի հանքահորեր ու նավթի եւ գազի արտահանման համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունեցող երկիր պետք է լինի:

Դրանք՝ այդ հարվածները, մեզ համար այս վիճակից «դուրս գալու» ճանապարհներ նախանշեցին նաեւ նրանով, որ դրանք մեզ սովորեցրին, որ մենք Ադրբեջանին ոչ միայն որպես նավթի ու գազի վաճառքից հարստացած երկրի, այլ պետության ներսում ազգային լուրջ հակասություններ ունեցող պետության նայենք, որ նրա հետ հարաբերվելիս կարողանանք նրան ոչ միայն որպես Թուրքիայի նման դաշնակից ունեցող, այլ նաեւ Իրանի նման հակառակորդ դիտարկել եւ, անկախ այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակից, նաեւ Ռուսաստանի վաղվա տարածաշրջանային նկրտումներին մարտահրավեր նետող երկրի վերաբերվենք:

Իրանի այդ հարվածները նաեւ Ադրբեջանին շատ բան սովորեցնող եւ հասկացնող հարվածներ էին: Դրանք ադրբեջանցիներին սովորեցնող հարվածներ էին, որովհետեւ, եթե մինչ այդ ադրբեջանցիներին ու անձամբ Ալիեւին թվում էր, թե Բաքուն ու իրենց հանքահորերը շատ հեռու են Հայաստանից, ապա այսօր նրանք արդեն համոզվեցին, որ հնարավոր պատերազմի ժամանակ ոչ միայն Բաքուն, այլ նաեւ իրենց հանքահորերն ու դրանց սպասարկող կոմունիկացիաներն են Հայաստանին այնքան մոտ դարձել, որ Հայաստանն ամեն օր կարող է մի քանի հարյուր հրթիռներով եւ անօդաչու սարքերով իրենց հանքահորերն ու դրանց սպասարկող կոմունիկացիաները գրոհելու ճոխություն իրեն թույլ տալ: Եվ քանի որ ո՛չ իրենք են Իսրայել եւ ո՛չ էլ իրենց դաշնակից Թուրքիան է այն դաշնակիցը, որն իրենց պաշտպանելու համար կկարողանա անել այն, ինչը որ Իսրայելի համար արեցին ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան եւ Հորդանանը՝ միասին վերցրած, ուրեմն այստեղ՝ Հայաստանում, մենք այլեւս պետք է վստահ լինենք, որ Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածներից հետո Ադրբեջանում կսկսեն ավելի շուտ ու ավելի հեշտ հասկանալ, որ 21-րդ դարի պատերազմներում վերջնագրերով չեն խոսում, որ 21-րդ դարում էյֆորիայով ու դիմացինին չհիմնավորված պահանջներ ներկայացնելով արտաքին քաղաքականություն չեն վարում, որ 21-րդ դարի պատերազմներում արդյունավետությունը ոչ թե պատահական հաղթանակներով, այլ առաջին հերթին սեփական կորուստների հաշվարկներով է հիմնավորվում:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ