Արթուր Շնիցլեր. Ամերիկա

Արթուր Շնիցլեր. Ամերիկա

Նավը մոտենում է ափին. ոտքս դնում եմ նոր աշխարհամաս…

Աշնանային գորշ առավոտը ստվերով ծածկել է ծով ու ցամաք. ամեն բան դեռ տարուբերվում է ոտքերիս տակ, դեռ զգում եմ ալիքների անհանգիստ ընթացքը… Մառախուղի միջից հառնում է քաղաքը… Կողքիս շտապում է բազմությունը՝ բաց աչքերով, կենսալի: Նրանք օտարություն չեն զգում, միայն՝ նորություն: Լսում եմ՝ ինչպես է ինչ-որ մեկը շշնջում՝ Ամերիկա. կարծես նա միայն ուզում էր հիշողության մեջ դրոշմել, որ ինքը հիմա, իսկապես, այստեղ է, այսքա՜ն հեռու…

Միայնակ կանգնած եմ եզրին: Նոր Ամերիկայի մասին չեմ մտածում, որից ես պետք է պահանջեմ այն բախտը, որ հայրենիքս պարտք է մնացել ինձ. միտքս այլ տեղ է:

Տեսնում եմ այն փոքրիկ սենյակը, այնքան պարզ եմ տեսնում, կարծես երեկ եմ լքել այն, ոչ թե այդքան տարիներ առաջ: Սեղանի լամպը՝ կանաչ գլխիկով, ասեղնագործ թիկնաթոռը՝ անկյունում: Պատից կախված են պղնձափորագրություններ. նկարները միաձուլվում են ստվերին: Աննան ինձ մոտ է: Հենվել է ոտքերիս՝ գանգրահեր գլուխը սեղմելով գլխիս. նրա աչքերը տեսնելու համար ես պետք է առաջ թեքվեմ:

Մենք դադարեցինք զրուցել. երեկոն շարունակվում է, եւ սենյակում լռություն է տիրում: Սկսեց անձրեւել, լսում ենք՝ ինչպես են կաթիլները հարվածում պատուհանին՝ դանդաղ, ծանր: Աննան ժպտում է, ու ես թեքվում եմ դեպի նրա բերանը: Համբուրում եմ շրթունքները, ճակատը, փակ աչքերը: Մատներս խաղում են նուրբ ոսկեգույն մազերի հետ, որոնք հյուսված են ականջի հետեւում: Նրան հետ եմ տանում ու համբուրում ականջի հետեւի քաղցր, սպիտակ մաշկը: Կրկին բարձրացնում է աչքերն ու ժպտում: 

- Ինչ-որ նոր բան,- շշնջում է նա՝ կարծես զարմացած: Շրթունքներս ամուր սեղմում եմ ականջի հետեւին: Ապա ժպտում.

- Հա՛, մենք նոր բան ենք հայտնաբերել:

Նա ծիծաղում է ու երեխայի պես ուրախ բացականչում.

- Ամերիկա…

Ինչքան զվարճալի էր դա այն ժամանակ: Այնքա՜ն խենթ ու խելառ: Նրա դեմքն աչքերիս առաջ է, ինչպե՜ս էր չարաճճի աչքերով նայում ինձ, եւ ինչպե՜ս նրա կարմիր շուրթերից հնչեց՝ Ամերիկա:

Ինչքան ծիծաղեցինք մենք այդ պահին, ու ինչպես էր ինձ արբեցրել բուրմունքը, որ նրա խոպոպներից տարածվում էր մեր Ամերիկայի վրա…

Եվ ականջի հետնամասը կոչվեց այդ մեծ անունով: Սկզբում միշտ բացականչում էինք, երբ անհամար համբույրներից մեկը մոլորվում էր այնտեղ, ապա շշնջում էինք բառը, հետո պարզապես ավելին էինք մտածում, բայց միշտ գիտակցություն կար:

Իմ մեջ հիշողությունների առատություն է առաջանում: Մի անգամ հայտարարությունների սյան վրա պատկերված մի մեծ նավ նկատեցինք, մոտենալով կարդացինք. Լիվերպուլից՝ Նյու Յորք, Բրեմենից՝ Նյու Յորք… Մենք ծիծաղում էինք փողոցի մեջտեղում, եւ նա բարձր ձայնով հավատացնում էր շուրջը կանգնած մարդկանց. «Այսօր երեկոյան մենք Ամերիկա ենք մեկնում»: Մարդիկ զարմացած նրան էին նայում, հատկապես՝ խարտյաշ բեղերով մի երիտասարդ տղամարդ, որ նույնպես ժպտում էր: Դա ինձ, իսկապես, բարկացրեց, ու մտածում էի, որ նա կցանկանար Աննայի հետ ճամփորդել…

Հետո գնացինք թատրոն, հիմա չեմ հիշում՝ որ ներկայացումն էր, ինչ-որ մեկը բեմի վրա խոսեց Կոլումբոսի մասին: Դա մի դրվագ էր յամբով, եւ ես նույնիսկ մտաբերում եմ հատվածը. «Եվ քանի որ Կոլումբոսը ոտքը դրեց կամրջին...»: Աննան թեթեւակի հրեց ինձ. ես նայեցի նրան ու ըմբռնեցի քամահրական հայացքը: Խեղճ Կոլումբոս. կարծես նա հայտնաբերել էր իրական Ամերիկան: Երբ ներկայացումից հետո նստած էինք գինետներից մեկում, անդադար խոսում էինք այդ հիանալի մարդու մասին, ով այնքան շատ էր երեւակայում թշվառ Ամերիկայի մասին: Իրականում մենք կարեկցում էինք նրան:

Երկար ժամանակ ես չէի կարողանում նրան այլ կերպ պատկերացնել, քան տխուր հայացքով իր նոր աշխարհամասի եզրին կանգնած, լայնեզր գլխարկով ու ամբողջովին նորաձեւ վերարկուով տարօրինակ կերպարանք ստացած եւ գլուխը հիասթափված տարուբերելով: Մի անգամ միասին նկարեցինք նրան սրճարանի մարմարյա սեղաններից մեկի վրա ու գտանք ավելի շատ մանրամասներ: Աննան պնդում էր, որ նա ծխելիս է եղել, բացի դրանից, մեծ հայտնագործողը մեր պատկերում ձեռքին նաեւ հովանոց ուներ, եւ լայնեզր գլխարկը ճզմված էր, իհարկե, խռովարարների պատճառով: Ահա այսպես Կոլումբոսը մեզ համար դարձավ ամենաերգիծական կերպարն աշխարհի պատմության մեջ: Ի՜նչ խելառություն: Ի՜նչ խենթություն…

Եվ ահա՝ ես կանգնած եմ մեծ, սառը քաղաքի կենտրոնում: Սխալ Ամերիկայում եմ ու երազում եմ իմ քաղցր, բուրավետ Ամերիկայի մասին… Եվ ինչքա՞ն ժամանակ է արդեն: Շատ, շատ տարիներ: Մի ցավ, խելացնոր մի բան է համակում ինձ, որ այդպիսի մի բան անդառնալիորեն կորած է: Որ ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղ մի լուր, մի նամակ կարող եմ գտնել, եւ ոչինչ, ընդհանրապես ոչինչ չգիտեմ այլեւս նրա մասին…

Ճանապարհն ինձ քաղաք է տանում, ու իմ բեռնակիրը հետեւում է ինձ: Մի ակնթարթ կանգ եմ առնում, փակում աչքերս, եւ զգացողությունների տարօրինակ ու խաբուսիկ խաղի միջով համակում է ինձ նույն բուրմունքը, ինչպիսին այն երեկո գալիս էր Աննայի խոպոպներից, երբ մենք նոր էինք հայտնաբերել Ամերիկան…

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ