Մանվել Գրիգորյանի հիվանդություններին ավելացել է 4-5 նոր հիվանդություն

Մանվել Գրիգորյանի հիվանդություններին ավելացել է 4-5 նոր հիվանդություն
Մանվել Գրիգորյան

«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը եղած հիվանդությունների մասով ոչ միայն ծանրացել է, այլև եղածներին  ավելացել է 4-5 նոր, բայց ծանր հիվանդություն․ ուղեղի քրոնիկ իշեմիա, աթերոսկլերոզ, ողնաշարի կրծքային հատվածի օսթեոպորոզ։ Տեղեկությունը Hraparak.am-ին փոխանցեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ։

Մասնագիտական եզրակացությունը հայաստանյան մի քանի բժիշկներին է։ 

«Եվս մեկ անգամ հավաստում է, որ Գրիգորյանը  կալանավայրում ոչ միայն հաշմվեց, այլև վերջինիս նկատմամբ իրականացվեց դասական խոշտանգում՝ իր բոլոր հետևանքներով»,-ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ  ապրիլի 3-ին կառավարությունը պատասխանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցադրումներին, որոնք վերաբերում էին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին: ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ  չէր բացահայտե;․ թե ինչպես է ՄԻԵԴ ուղարկված փաթեթում գնահատվել Գրիգորյանի առողջական վիճակը․-«Չեմ կարող մանրամասները բացահայտել պատասխանների: Մենք, հարցադրումներից կախված, ուղարկել ենք ըստ իրավասու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարություն, վարույթն իրականացնող մարմնին, քրեակատարողական վարչություն, դատախազություն, և իրենցից ստացել ենք պատասխաններ: Եվ ամփոփված վիճակում արդեն ներկայացնում ենք դատարանին»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Կիրակոսյանը։

Մանվել Գրիգորյանի փաստաբանն ասում է, որ տեղակատվությունը իրենց պետք է տրամադրեն, բայց վստահ է, որ հերթական  «կիսահղի եզրակացությունն է լինելու»։ Այսինքն, մոտավորապես, որ կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է  կյանքին վտանգ սպառնալ։ 
Նշենք, որ այս ընթացքում, մոտ մեկ շաբաթ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով «Նաիրի» ԲԿ-ում հրավիրվել է կոնսիլիում՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու և բուժման տակտիկա  որոշելու նպատակով։ 

Արսեն Թորոսյանը նաև շրջաբերական էր իջեցրել, որ  ԵԿՄ նախկին նախագահի  առողջական վիճակի գնահատումը պետք է իրականացվի դրան կցված հրամանին կցված հարցաթերթիկի  համաձայն և 2-րդ կետով էլ՝ առաջացած լրացուցիչ հանգամանքների մասին 1-օրյա ժամկետում տեղեկացնել  Առողջապահության նախարարությանը։

Մանվել Գրիգորյանի փաստաբանները չեն մասնակցել այդ փորձաքննությանը, ուստի, Բաղդասարյանը չի կարող ասել՝ ինչպես է գնահատվել Գրիգորյանի առողջական վիճակը։
Միայն կարող է ասել, որ եթե մեկ շաբաթ առաջ իր պաշտպանյալը ստանում էր օրական  100 միավոր ինսուլին, ապա հիմա արդեն՝ 100-ից ավել։

Ինչևէ․ինչ եզրակացության է եկել վերջին մասնագիտական կոնսիլիումը։ 
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Ենգիբարյանն ասաց, որ այդ հարցերով՝ պետք է դիմենք կամ կամ նախաքննարական մարմնին կամ  փորձագիտական կենտրոն։

ՀՔԾ-ից նշեցին՝ Արդարադատության նախարարություն, այստեղից՝ ԱՆ ու այսպես շարունակ։  Ի վերջո, նշված 3 գերատեսչություններից մեկից հայտնեցին, որ չեն կարող ոչինչ ասել, քանի որ, նախ, տեղեկությունները անձնական կյանքին՝  վերաբերող են, պարունակում են բժշկական գաղտնիք։ Արդարադատության նախարարությունից պնդեցին, որ  ինֆորմացիայի տիրապետողն իրենք չեն։ Ասվեց նաև, որ երբ լինի եզրակացությունը, այն փոխանցելու է Գրիգորյանի փաստաբաններին, որոնք Գրիգորյանի համաձայնությունն ունենալու դեպքում կհրապարակեն եզրակացությունը։

Նշենք, որ կոնսիլումին մասնակցել են Բժշկական համալսարանի թոքաբանության ամբիոնի վարիչ, բուհի նախկին ռեկտոր  և Գարեգին Բ-ի նախկին անձնական բժիշկ, թոքաբան  Միքայել Նարիմանյանը, Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ինստիտուտից քիմիաթերապևտ  Հասմիկ Պետրոսյանը և թոքաբան Հայկազ Զաքարյանը,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ » ԲԿ-ից՝ Հովհաննես Սարկավագյանը։

Նրանցից կապ հաստատել հաջողվեց միայն Միքայել Նարիմանյանի հետ, ով ասաց, որ ոչինչ չի կարող հայտնել՝ բժշկակական գաղտնիք է։ Մյուս կողմից սակայն, պարոն Նարիմանյանն իր կցկտուր խոսքում մեկ անգամ օգտագործեց «ռեմիսիա» բառը։ Հիշեցնենք, որ ռեմիսիան քրոնիկ հիվանդության ժամանակավոր նահանջն է։

Անուշ Դաշտենց