Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն վարչապետ։
Ձեզ եմ դիմում և տեղեկացնում, որ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ունի կրթության իրավունք, զրկվել է այդ իրավունքից։ 

Բանը նրանում է, որ մենք պատշաճ տեղյակ չենք եղել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ընդունելության կարգից, մեզ ասել են, որ կոնսերվատորիա կարելի է ընդունվել միայն հանրակրթական դպրոցի ատեստատի առկայության դեպքում։
27.06.19թ. ստացել ենք ատեստատը, իսկ 28.06.19թ. դիմել ենք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Մեզ այնտեղ պատասխանել են, որ մենք ուշացել ենք։
Փաստորեն կոնսերվատորիայի ընդունելություը կատարվում է երկու փուլով։

Առաջին փուլը մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ն է, այս փուլում կարող են ընդունվել հանրակրթական դպրոցն ավարտած դիմորդները։

Երկրորդ փուլը, որը հունիսի 1-ից մինչև հուլիսի 2-ն է, կարող են դիմել, այլ երկրների քաղաքացիները, երկքաղաքացիները, բանակից նոր զորացրվածները և երաժշտական քոլեջն ավարտած դիմորդները։

Հունիսի 28-ին ես և այլ ծնողներ գրավոր դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանին, որի կողմից մերժում ենք ստացել։
Իմ տղան դաշնակահար է, 7 տարի է նվագում է, մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և գրավել է պատվավոր տեղեր։ Մյուս դիմորդների մեջ նույնպես կան օժտված երեխաներ, որոնք ապագայում Հայաստանը կարող են ներկայացնել աշխարհի բեմերում։
Բայց ցավոք սրտի ձեր և մեր ժողովրդի կերտած նոր Հայաստանում, ինչ-որ մեկի թեթև ձեռքով Հայաստանի ձեր խոսքերով ասած հպարտ քաղաքացին զրկվում է կրթության իրավունքից։
Հարգելի վարչապետ ակնկալում եմ, որ դուք կմիջամտեք և հնարավորություն կտաք մեր երեխաներին իրացնելու իրենց կրթվելու իրավունքը, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ։

Հարգանքներով Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Իլյա Թաթոսյան։