ՊԷՆ-ը դեռեւս չի զբաղվել Վանո Սիրադեղյանի հարցով

ՊԷՆ-ը դեռեւս չի զբաղվել Վանո Սիրադեղյանի հարցով

Թավշյա հեղափոխությունից հետո հասարակական-քաղաքական շրջանակներում հրատապ դարձավ 2000 թվականից վտարանդի դարձած ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի վերադարձի թեման։

Հաշվի առնելով ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վանո Սիրադեղյանի՝ նախկինում ունեցած մտերմությունը՝ գրողի համակիրները պահանջում էին, որ նոր կառավարությունը քայլեր ձեռնարկի նրա վերադարձն ապահովելու համար։

2017թ․ վերջերից ՊԷՆ (պոեզիա, էսսե, նովել) կենտրոնի նախագահ Արմեն Օհանյանից հետաքրքրվեցինք, թե վերջին ութ-ինն ամիսներին ի՞նչ քայլեր է ձեռնարկել իր ղեկավարած կենտրոնը Վանո Սիրադեղյանի վերադարձն ապահովելու համար, երբեւէ դիմե՞լ են այդ հարցով նոր իշխանություններին, թե՞ ոչ։

Մեր հեռախոսազանգին ի պատասխան՝ Արմեն Օհանյանն ասաց, որ ինքը հանդիպման է, երկար խոսել չի կարող։ Նա միայն հասցրեց ասել, որ Վանո Սիրադեղյանի հարցով այս ընթացքում չեն զբաղվել։ «Առաջիկայում ժողով կլինի, Ձեզ էլ կհրավիրենք, բոլոր հարցերին կպատասխանենք»,- մեզ հետ զրույցում նշեց ՊԷՆ նախագահը։

Հիշեցնենք, որ ՊԷՆ-ը 1921թ․ Լոնդոնում ստեղծված միջազգային կազմակերպություն է, որն աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացնում է իր ծրագրերը՝ «Գրողները՝ բանտում», «Գրողները՝ հանուն խաղաղության», «Թարգմանության եւ լեզվի իրավունք», «Կին գրողներ» կոմիտեների միջոցով։ Նրանք պաշտպանում են տարբեր երկրներում վարչակարգերի կողմից հալածված գրողներին։