Մեր քաղաքացիները ոչ մի այլ գնով չեն կարող հանդուրժել Մարտի 1-ի հեղինակներին կամ գոնսալեսների

 Մեր քաղաքացիները ոչ մի այլ գնով չեն կարող հանդուրժել Մարտի 1-ի հեղինակներին կամ գոնսալեսների
Միքայել Հայրապետյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։


    • Խնդրում եմ՝ նշեք այն երեք հիմնախնդիրները, որոնց լուծումն առաջնահերթ է ներկա իշխանությունների համար։

    • Նախ, ըստ իս, անհրաժեշտ է կապիտալիզացիայի ենթարկել հեղափոխության առաջին փուլի հաղթանակի ոգեղենությունը. այն է՝ հանրային և անհատական մտքի հեղաբեկման հիմքերը դնել պետական կառավարման անխտիր բոլոր ոլորտներում: Երկրոդ՝ ձեռնամուխ լինել հոգևոր անվտանգության խնդրի լուծմանը, որից ածանցյալ են տնտեսական հեղափոխությունից մինչև աղբահանություն: Երրորդ՝ ճիշտ է՝ առաջնորդվել ավետարանական «Նոր գինին՝ նոր տակառներում» սկզբունքով, սակայն երբեք տակառը չշփոթել «բոչկայի» կամ «ուռնայի» հետ:


    • Կա մտավախություն, որ նախկին իշխանությունները ձգտում են ռևանշի։ Իրատեսակա՞ն է այդ վտանգը։ Արդյո՞ք դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շահարկելու միջոցով։

    • Չեմ կարծում, թե ձգտում են տևանշի (նույնիսկ հին իշխանավորները հայ մարդիկ են), սակայն, իհարկե, բաց չեն թողնի հարմար առիթը. իսկ այդպիսի առիթ, միանգամայն ճիշտ եք, կարող է լինել բացառապես Արցախի հարցը՝ պատերազմական վիճակում: Մնացյալ բոլոր դեպքերում ռեստավրացիայի խնդիր դրվել իսկ չի կարող, քանի որ մեր քաղաքացիները ոչ մի այլ գնով չեն կարող հանդուրժել Մարտի 1-ի հեղինակներին կամ գոնսալեսների:


    • Որպես արտախորհրդարանական ուժ՝ ո՞ր ուժերի հետ եք համագործակցում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը 2018թ.  հետապրիլյան Հայաստանում։

    • Ցայժմ որևէ ուժի հետ չենք համագործակցել, սակայն չենք բացառում նման համագործակցությունը ցանկացած չպղծված, ոչ օտար շահեր սպասարկող ուժի հետ: Հուսամ՝ հարցն իմ անձնական գործունեության մասին չէ. ես կարող եմ անել այն, ինչ կթելադրի իմ միտքն ու խիղճը, իսկ ինչ վերաբերում է, թե ինչպես ենք պատկերացնում մեր կուսակցական գործունեությունը հետհեղափոխական Հայաստանում, ապա այդ հարցի պատասխանն իմ կողմից առավել պարկեշտ կլինի տալ, երբ լրանա Կառավարության 100 օրը:

 
    • Ներկա խորհրդարանում ո՞ր գաղափարախությունը կրող քաղաքական ուժն է պակասում, ըստ Ձեզ։

    • Թե՛ ներկա, թե՛ նախորդ բոլոր խորհրդարաններում մշտապես պակասել է իրապես պահպանողական աշխարհընկալումը, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր երկրին: Կարելի է այդ բացակայությանն ըմբռնումով մոտենալ, որովհետև հազարամյա պետականազրկությունն իր բացասական սելեկտիվ դերակատարումն ունեցել է մեր քաղաքական մտայնության, ընկալման, գործունեության վրա: Ժամանակն ամեն բան իր տեղը կգցի, եթե, իհարկե,  այդ ժամանակը տրված լինի համաշխարհային այս մեծ անցուդարձում քննությունը պատվով բռնելու համար: