«Ոչ»-ի  կողմնակիցների հայելային պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ բոյկոտ

«Ոչ»-ի  կողմնակիցների հայելային պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ բոյկոտ

Փետրվարի 17-ից կմեկնարկի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Եթե սահմանադրական «այո» -ի հարցում ամեն ինչ պարզ է, «Ոչ»-ի հարցում՝ ոչ։ Էդմոն Մարուքյանի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ ՍԴ չի դիմում (պակաս ստորագրությունների պատճառով ), ակնհայտ է, որ ԼՀԿ-ն այն չի գլխավորելու։Եվ այս խնդիրը մնում է երդվյալ «ոչ»-ականներին՝ ՀՀԿ-ի ու Քոչարյանականների վրա, որոնք էլ, սակայն, հասկանալի պատճառով, չեն մտնելու  այդ բեռի տակ։ Բավական է, այս երկուսը միավորվեն, և 7 դատավորի տուն ուղարկելու օրինագծը վերածվելու է «սևի ու «սպիտակի» ճակատամարտի, որից Նիկոլ Փաշինյանը գերքաղաքականացնելով մեկ հարցով հանրաքվեն ու գեներացնելով ատելությունը նախկինների նկատմամբ՝ դուրս է գալու հաղթած։ Դրա համար, չի բացառվում՝ «ոչ»-ի շատբը մնա անտեր։

Ինչպես կատակել էին  «Արմքոմեդիի»- Նարեկն ու Սերգեյը՝ ««ոչ»-ի կողմնակիցները ձևավորում են «ուֆ, դե ինչ ուզում եք արեք» շտաբը»։ Իսկ եթե լուրջ, ապա դատելով «Ոչ»-ի «շահառուների», առայժմ՝ գաղտնապահական պատասխաններից, բոլոր այն ուժերը, որոնք «Ոչ»-ի կողմնակից են, մարտավարական առումով ավելի ճիշտ են համարում բոյկոտը մի քանի պատճառներով․ նախ․ցածր մասնակցոթյան պարագայում  «Այո»-ի ամենաջախջախիչ հաղթանակը կառավարող ուժի թունավորվելու։  Երկրորդ՝ Սահմանդրության պահանջով  առանց «Ոչ» քարոզչական կողմի սահմանադրական հանրաքվեն չի կարող կայանալ․ ԿԸՀ-ում պետք է գրանցվի մեկական «Այո» եւ «Ոչ»՝ որպես կողմ։ Իհարկե, սա ելք չէ, քանի որ համոզված ենք, որ  այդ դեպքում կառավարող ուժին աջակից որևէ քաղաքական կուսակցություն ինքը կգնա և կգրանցվի որպես «Ոչ»-ի կողմ։

Մոտավորապես այնպես, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու պարագայում, երբ նա կողմնակիցներին բացատրեց, որ իրեն պետք է երկու անգամ չընտրեն, որպեսզի խորհրդարանը ցրվի։

Այստեղ ավելի կարևոր է հարցի բովանդակային կողմը, որ «Ոչ»-ի կողմնակիցները կհաղորդեն իրենց բոյկոտին։ Այն է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծ օրակարգով է ։Եվ սա կլինի Հանրապետականների ու մյուս «ոչ»-երի հայելային պատասխանը Նիկոլ Փաշինյանին, ում «Քաղաքացիական պայմանագիրը» 2015-ին հայտարարեց, որ չի մասնակցում սահամանդրական փոփոխությունների կեղծ օրակարգին։ Ալեն Սիմոնյանին, ՀԺ-ի թղթակիցն այն ժամանակ հարցրել էր․ «Պարոն Սիմոնյան, բայց առաջարկ է եղել «Ոչ»-ի ճակատ ձեւավորել եւ հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի անվստահության գործընթացի: Հնարավո՞ր է, դուք այս հարցով համագործակցեք», ինչին ի պատասխան՝ ԱԺ ներկայիս փոխխոսնակն ասել էր․«Մենք մեր պատմության ընթացքում այդ դառը փորձը ունենք. երբ դու «Ոչ» ես ասում, ինչ-որ ձեւով դառնում ես այդ գործընթացի, այդ օրակարգի մասնակից, թեկուզ բացասական կողմից, դա այնուամենայնիվ, այդ օրակարգին ուժ եւ եռանդ է փոխանցում: Մենք չենք ուզում ընդհանրապես իրենց առաջ բերած օրակարգի մեջ մտնել: Հիմա պարզ է չէ՞, որ իշխանությունը իր առաջարկով փորձում է օրակարգ ձեւավորել եւ շեղել գալիք ընտրություններից»։ Այսօր էլ Ուրեմն՝ «եղիցի բոյկոտ» ( ԻՔ-ական պատգամավորի ականջը կանչի), և սա․ ի դեպ, կլինի հանրապետականների ու «ոչ»-ի մյուս կողմնակիցների հայելային պատասխանը Նիկոլ Փաշինյանին։ 

Հայաստանն սահմանադրական հանրաքվեների բոյկոտի 3 փորձ ունեցել է՝ 2003, 2005 և 2015 թվականներին։ Ի դեպ, ռաջին անգամ՝ 2003-ին դա իրեն արդարացրել է, երբ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվեց  ընտրողների՝ քվեարկությանը հայտարարված համատարած բոյկոտի պայմաններում : Սրանից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին փորձեց 2005-ին և այս անգամ այդ փոփոխություններն անցան՝ չնայած նրան, որ  հանրաքվեի անունը դրվեց՝ «ուրվականների հանրաքվե»։ Հիմա, փոփոխությունների անցկացման համար անհրաժեշտ է 650 հազար «այո»։ Այն ժամանակ Քոչարյանին ընդդիմադիր խոհրդարանական «Արդարություն» դաշինքի կուսակցություններից ՀԺԿ-ի քարտուղար Գրիգոր Հարությունյանը, մեզ հետ զրույցում չհամաձայնեց, որ ներկայիս բոյկոտն ու այն ժամանակվա բոյկոտները նույնն են։ « Տարբերությո՞ւն․․․․ հեչ նմանություն չկա, ինչի մասին է խոսքը, դրանք լրիվ ուրիշ բաներ են։ Մենք բոյկոտել ենք ու ճիշտ ենք արել, որովհետև էն ժամանակ երկրում չկար օրինական ձևավորված իշխանություն, թքած ունեին ժողովրդի քվեի վրա։  Սա միանշանակ «այո» է, մտածելու բան չկա, էս հարցը պիտի կարգավորվի․․․ չէ, և լրիվ անընդունելի է այն վիճակն, ինչ կա Սահմանադրական դատարանում։ Ի՞նչն ենք ափսոսում, ու սա մի հարց չէ, այլ այն, որ մարդիկ, որոնք այս 20 տարիներին երկիրը հասցրել են էս վիճակի՝ դա արել են էդ Սահմանադրական դատարանի օգնությամբ»։ Գրիգոր Հարությունյանը, ի դեպ, իր անձնական կարծիքն էր ներկայացնում, ոչ կուսակցության։