Թարգի, Նիկոլ, կինոն

Թարգի, Նիկոլ, կինոն

Նիկոլ Փաշինյանը  ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի արագաչափերի մասին տեսանյութին պատասխանել է․ նա իր թիմին  արագաչափերի մասին « հայելային»  մի տեսանյութ է պատրաստել տվել ու այն տեղադրել իր պատին։

Պողոսները պիտի նայեն ու տեսնեն, թե արագաչափերի մասին ինչ էր ասում հեղափոխական Նիկոլ Փաշինյանը  և ինչ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իբրև թե բան  չի փոխվել իր մոտեցումներում․

նախկինում ասո՞ւմ էր, որ Հայաստանի Հանրապետոuթյունում մարդու գործառույթը ոչ թե ապրելը,ստեղծագործելն  ու երջանիկ լինելն է, այլ տուգանվելը, նորից տուգանվելը, էլի տուգանվելը՝ տուգանքը ժամանակին չվճարելու համար, հիմա էլ՝ վարչապետի պաշտոնում արագաչափերի մասին լավ չի խոսում, ու ավելացնում, որ  եթե բանը, այնուամենայնիվ,  հասնում է տուգանվելուն ու տուգանքին, դրանք ոչ միայն իրենց չափով, այլև հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալական վիճակին և ընդհանրապես՝ տրամաբանությանը։

Այսինքն՝ տրամաբանությո՛ւն է փոխվել։ Եվ հետո, փաստ համար 43-ով Նիկոլ Փաշինյանը հասկացնել է տալիս,որ 159 հազար մարդ հեղափոխության սկզբում արդեն իսկ ազատվել է տույժ-տուգանքներից։  Այս հատվածը ևս խնամքով մոնտաժված, հանված ու  տեղադրված է արագաչափերի մասին Նիկոլ Փաշինյանի վերսիայում  Կապանի ասուլիսից։ Այս  կտորն ընտրված է, որպեսզի պողոսները ընկալեն, որ դա ընդամենը հեղափոխությունից ժողովրդի ավարն էր։ Կամ Նիկոլ Փաշինյանի  նվերը։ Արագաչափերի մասին նիկոլփաշինյանական վերսիայի ամենամեծ թերությունն այն է, որ թիմը որքան էլ ջանացել է, բայց չի կարողացել պեղել որևէ հատված, որով կչեզոքացներին Ռուբենի վերսիայի այն հատվածը, որում  2015 թվականի  Նիկոլն ասում է․

«Մենք վերջերս ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկել ենք այս հարցը և եկել ենք միանշանակ այն եզրակացության, մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Եվ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային, մեր նախընտրական ծրագրերի հիմքում »։  

Ավելին՝ Ռուբենի տեսանյութում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հիշողության մթագնում ունի և զարմացած՝  լրագրողներին հարցնում է․«Իսկ ի՞նչ ենք խոստացել մենք արագաչափերի հետ կապված»։  

Փաստորեն հենց Նիկոլի  «սրտի արագաչափերը», որոնց հետ  2018-ի ապրիլին առաջարկում էր անել այն, ինչ անում էին երևանյան սյուների մոտ իրենք, (սյան վրայից Նիկոլն իր աչքով տալով՝ սերդեչնի պրիվետ ատ Հարութինա զիմզիմովա) գրանցեցին նրա առաջին խայտառակ պարտությունը Ռուբենի չելենջին։ Դատելով Նիկոլ Փաշինյանի տեղադրած տեսանյութի տակ ՀՀ հպարտ քաղաքացիների գրառումներից՝  խիարը Փաշինյանի համար  սկսել է թարս աճել երկու տարի անց։ Դրանցից ամենախոսունը հետևյալն է․«Լավ, էլի կինոն թարգի, Նիկոլ»։ 

Ֆրունզ Մարգարյան․ «Ես էլ եմ  արդեն հիասթափվել ,ափսոսում եմ , որ ավտոս էդքան ջարդուխուրդ արի ու օրերով  քուչեքը մնացի ու հավայի ծեծ կերա ու վրես սպիեր թողեցի, հիմա եմ հասկանում, որ հանուն ոչնչի»։

Մայիս Մովսիսյան․«Մինչև Ձեր վարչապետ նշանակվելը դուք դեմ էիք արագաչափերին և նմանատիպ գրպանադատարկ անհարմարություններին, ըստ ձեզ՝ սխալ էր մեր քաղաքում արագաչափերի գոյությունը, իսկ Դուք հիմա կրկնում եք այն նույն սխալները, որ նախորդ իշխանությանն էր սազեկան, ինչպես որ ընտրել ենք ձեզ, կարող ենք նաև մերժել և ստեղծում եք դրա համար բոլոր հիմքերը»։ 

Աննա Խաչատրյան․« Սաղիս համոզել էիր որ արագաչափերը Սաշիկինն ա, բա պարզվեց որ չի ու պարզվեց, որ Ձեր սրտով են էտ արագաչափերը , հիմա պետք ա ասենք՝ Նիկոլի արագաչափեր»։
Մեկ այլ օգտատեր․«Սաղ «Իմ քայլը» պնդեց, որ Սաշիկը կապ չունի կամերաների հետ ու դու նորից Սաշիկ ես ասու՞մ. Մի հատ հավաքվեք իրար գլուխ, որոշեք հիմա Սաշիկը կապ ունի՞ թե չունի. Թե՞ պռոստը դե մարդկանց զբաղացնելու ձև ա»։ Կամ՝ « Պարոն Փաշինյան ձեր պատգամավորն էր ասում ,որ  Սաշիկը կապ չի ունեցել ու հիմա էլ չունի արագաչափերի հետ։ Ինչո՞ւ եք անվանումը դրել «Սաշիկի ա8ագաչափեր: Ամոթ ա, էլի, մարդ այդքան սուտասան ու էժան չի լինի»։

Լիլիթ Պողոսյան․«Պարոն Մեծն Մանիպուլյատոր, գլխներիս լոլո մի կարդա, ոչ էլ ականջներիցս մակարոնեղեն կախի. դու էն ասա` վերջը, էդ կամեռաները Սաշիկի՞նն էին, թե՞ չէ... Հա, մեկ էլ` 30 միլիոնի համը ո՞նց էր»։

Մեկն էլ, ի դեպ, « պաշտպանել է»՝ գրելով․«Առաջվա Սաշիկի կամերաները պետք է լինեին,300 մետրից արդեն չխկցնում էր, էնքան ես մոտենում, որ երևի 5 մետրից նոր նկարում»։

Նաիրա Բարսեղյան․«Լավ էս մարդը ինքը իրե՞ն է  ձեռ առնում ՞՞՞ առանց էտ ել սաղ ֆեյսբուքը ողողված ա քո հին ու նոր ստերի վիդիոներով մի բան էլ քո էջում էս տեղադրում ՞՞՞՞ լավ ամոթա պետք ունենալ»։

Կամ՝ «Տո , արա, ա'յ  էժան մարդ, էն ժամանակ Սաշիկն էր, հիմա էլ քոնն ա, հիմա քո բալերն են թաղում»։

Եվ մի «ռոմանտիկ» գրառում․«Դուք էլ եք սկսել հին Նիկոլին սիրե՞լ, Ես էլ եմ կարոտել հենց այս հոլովակի Նիկոլին»։

Օգտատեր Ռուզաննա Ավագյան․«Դուք էդ կամերաների փոխարեն նենց օրենք հորինեք, որ օգնեք բոլորին, ոչ թե  100 ծրագիր հանեք ու չկարողանան  օգտվենք, դուք ձեզ համար հանում եք, դուք՝ ստանում, բա շատ հետաքրքիր ա, մենք ի՞նչ ենք անելու»։

Բոլոր մյուս գրառումները անվերջ բողոքներ են, որ Նիկոլ Փաշինյանի ծրագրերից, որոնց մասին խոսելու համար օրական տասն անգամ եթեր է մտնում, որևէ մեկը չի կարողանում օգտվել։