Համալսարանները ողողված են անտաղանդներով

Համալսարանները ողողված են անտաղանդներով

Նոյեմբերի 17-ն ուսանողների միջազգային օրն է։ Աշխարհի բազմաթիվ համալսարաններում ուսանողները մեծ հանդիսավորությամբ նշում են այս օրը՝ կազմակերպելով տոնախմբություններ, սեմինարներ, քննարկումներ, երթեր և տարատեսակ այլ միջոցառումներ։ Արձանագրենք, որ օրվա խորհուրդը ոչ թե տոնախմբությունն է, այլ՝ ուսանողների իրավունքների, սոցիալական ապահովության, որակյալ կրթության, աշխատանքի ապահովման և տարատեսակ այլ հիմնախնդիրների վերհանումն ու վերարժևորումը։

Հայաստանի համալսարաններն ու ուսանողները նույնպես չափազանց կարևորում են այս օրը՝ կազմակերպելով տարատեսակ տոնախմբություններ ու միջոցառումներ։ Ցավոք սրտի մեր միջավայրում օրվա խորհուրդը սահմանափակված է միայն «քեֆի» ու համերգի շրջանակներով։ Եվ ոչ միայն ուսանողների միջազգային օրը, գրեթե բոլոր տոնական օրերը Հայաստանում կորցնում են իրենց բուն էությունը։ Օրինակ՝ մայիսի 1-ը, որը աշխատավորների իրավուքների պաշտպանության օրն է, փոխակերպվել է զվարճանքների, երգ ու պարի երեկոյի, այն դեպքում, երբ աշխատավորները պետք է բարձրաձայնեին իրենց իրավունքների մասին, ինչպես նաև բողոքեին «պրոլետարիատին» շահագործող խավի դեմ։ Նույն տրամաբանությամբ ըստ էության պետք է գործեին նաև ուսանողները, բայց ոչ՝ առաջնային պլան պետք է մղվի ԵՊՀ ՈՒԽ-ի կազմակերպած համերգը և այդքանով ամեն ինչ կարելի է ավարտված համարել։ Կարծես թե չկան կրթության որակի, դասապրոցեսի ճիշտ կազմակերպման, վարձավճարների թանկացման և տարատեսակ այլ խնդիրներ։ Այս բոլորը ուսանողների հետ չեն առնչվում, նրանք այլ մոլորակից են, որտեղ բարի համերգներն ու պոզիտիվ ժպիտները մոռացության են մատնում ամեն ինչ։

Մի փոքր խոսենք ուսանողների առջև ծառացած տարաբնույթ խնդիրների մասին։ Արձանագրենք, որ երիտասարդների մեծ մասի համար համալսարան ընդունվելը դիտարկվում է որպես ինքնանպատակ, ինչու չէ նաև՝ ծնողների վաղեմի երազանքի իրականացում կամ էլ քաղքենի նորաձևության պարտադրանք: Մեծ մասը ԲՈՒՀ են ընդունվում հենց այս պատճառներով՝ չունենալով մասնագետ դառնալու որևէ իրական ցանկություն։ Սովորել ընդամենը սովորելու համար, նորաձևության համար, ծնողների համար և աբսուրդային այս շարքը անվերջ կարելի է շարունակել։ Սկսենք նրանից, որ պարտադիր չէ դպրոցն ավարտելուց հետո անպայման համալսարան ընդունվել: Կարելի է սպասել, մի փոքր աշխատել, հասունանալ և նոր մասնագիտություն ընտրել: Համոզված եմ Եվրոպայում և շատ այլ տեղերում այդպես է՝ գոնե մեծամասնության համար: Օրինակ՝ Պետերբուրգում ընկերներիս զվարճացնում էր այն միտքը, որ ես 16 տարեկանից սովորում եմ: Տղերքից մեկը 16 տարեկանից աշխատել էր, կայացել էր, փող էր հավաքել ու 22 տարեկանում նոր պատրաստվում էր համալսարան ընդունվել՝ իր հաշվին: Թե չէ մեր մոտ համալսարան ընդունվելը դարձել է իսկական խեղկատակություն: Դպրոցում աշակերտները մտնում են ինչ-որ ծիսակարգի կարգավիճակ ունեցող մրցավազքի մեջ, քնում են կրկնուսույցների տներում, հաճախ հստակ չեն էլ կարողանում որոշել, թե որ մասնագիտությունն է իրենց հոգեհարազատ, զուտ նորաձևության պահանջներից ելնելով՝ գեղեցիկ հնչերանգով մասնագիտություն են ընտրում՝ որպես վերջնական արդյունք փորձանք ու գլխացավանք դառնալով տվյալ ֆակուլտետի համար: Այդպիսի մարդիկ հետագայում էլ որևէ ցանկություն չեն ունենում աշխատել տվյալ մասնագիտությամբ: Նշենք, որ իրենց չկայացվածության պատճառով ֆինանսական բեռ են դառնում նաև ծնողների համար, խե՜ղճ հայրիկներ ու մայրիկներ: Առավոտից գիշեր տքնում են, ինչ ասես չեն անում, որ իրենց երեխաների ուսման վարձը հասցնեն և հիմնականում այն դեպքում, երբ այդ երեխաները ձևի համար են գնում համալսարան, պարզապես գնում են գնալու համար, երկու տող անգիր են սովորում ընդամենը գնահատական փախցնելու համար՝ առանց մասնագիտության էության մասին պատկերացում կազմելու: Ես իմ աշակերտներին միշտ ասում էի. անհատը դժբախտանում է երկու դեպքում՝ սխալ զուգընկեր ընտրելու և սխալ մասնագիտություն ձեռք բերելու պատճառներով: Այսինքն՝ աննպատակ համալսարան ընդունվածները դառնում են դժբախտ, անհետաքրքիր ու ոչ պիտանի։

Իսկ ի՞նչ է անում համալսարանը գավառական այս մրցավազքը կանոնակարգելու համար։ Թերևս ոչինչ։ Բոլորը կարող են համալսարան ընդունվել։ Որևէ արգելք չկա՝ ընդամենը պետք է շտեմարաններ անգիր սովորել։ Ավելին՝ ոչ միայն բոլորը կարող են համալսարան ընդունվել, այլ գրեթե ոչ ոք դուրս չի մնում համալսարանից։ Այսինքն՝ բոլորը ընդունվում են և ոչ ոք դուրս չի մնում, իսկ պատճառը մեկն է՝ նրանք վճարողունակ են, համալսարանը ուսանողներին պահում է զուտ գումարի համար։ Ուսանողները համալսարանի համար այնքանով են արժեք, որքանով շուկայի վաճառականի համար փողի քսակը: Արդյունքում ԲՈՒՀ-երը ողողված են մեծ թվով որևէ ապագա չունեցող ուսանողներով, որոնք մտադրված չեն մասնագետ դառնալ և չեն էլ կարող, պարզապես վարձավճարը տվել են ու հանգիստ ժամավաճառությամբ են զբաղվում։ Օրինակ՝ ֆակուլտետների դեկանների մեծ մասը այլևս չեն էլ հետաքրքրվում ուսանողների դասերով, նպատակներով ու երազանքներով։ Հանդիպելիս նրանք միայն մի հարց են տալիս, թե արդյոք ուսանողը վճարել է վարձավճարը թե՞ ոչ։

Հանուն արդարության պետք է նշենք, որ վերջերս «Մխիթար Հերացու» անվան բժկական համալսարանից մեծ թվով ուսանողներին էին հեռացվել։ Դե շնորհակալ լինենք, որ գոնե անտաղանդ բժիշկներին փողի համար չեն թողնում շարունակել ուսումը, մյուս մասնագիտությունները մի կողմ, բժիշկները մարդկային կյանքերի հետ գործ ունեն։

Իհարկե համալսարաններում խնդիրները բազմաթիվ են։ Մենք առանձնացրեցինք միայն մեկը, որի կարգավորման դեպքում երկրում կարող են որակական լրջագույն փոփոխություններև արձանագրվել։ Եթե բուհերում վերացնենք ասիական շուկաներին բնորոշ բարքերը, այսինքն՝ փակենք համալսարանի դռները անտաղանդների առջև, չեզոքացնենք արդեն սովորող անտաղանդներին և ավարտած որակյալ մասնագետներին բարձր աշխատավարձով նշանակենք համապատասխան ոլորտներում աշխատանքի, ապա երկիրը ոտքի կկանգնի։