Երեխաներին վտարել են տնից՝ ծնողների հետ

Երեխաներին վտարել են տնից՝ ծնողների հետ

Արարատի մարզի Վեդի քաղաքում շաբաթ օրը դժբախտ պատահարի զոհ դարձած երեխաների մասին տեղեկատվություն տարածվեց, թե նրանք անօթեւան էին, եւ դա էր պատճառը, որ քնած էին եղել այրվող մեքենայում։ Արարատի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը մեզ ասաց, որ երեխաներն անօթեւան չէին․ «Նրանք 6 երեխա են, եւ ինքը մեքենայի մեջ չի քնել (նկատի ունի՝ մշտապես), մայրը պարզաբանել է, որ այդ օրն իրենք հարեւանի տանն են քնած եղել, աղջիկը հարեւանի երեխայի հետ կռվել է, նեղացել է, գնացել է մեքենայի մեջ քնելու»։

Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, քանի որ վերջիններս պարտք են ունեցել, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն օտարել է նրանց բնակարանը, ինչից հետո ընտանիքը դիմել է Մասիսի քաղաքապետարան, նրանց հատկացված է եղել ժամանակավոր կացարան։ Ըստ խոսնակի՝ այդ ժամանակահատվածում ընտանիքն իրերի կեսը տեղափոխած է եղել ժամանակավոր կացարան, կեսը՝ ոչ, եւ գիշերելիս է եղել հարեւանի տանը։

Հիշեցնենք, որ 12-ամյա երեխան, որն այրվածքներ է ստացել, գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնում։ Երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար: