Գաղափարի հարց չեմ տեսնում, այլ փաստաբաններ, որոնք համաձայնել են վստահորդի շահեր ներկայացնել

Գաղափարի հարց չեմ տեսնում, այլ փաստաբաններ, որոնք համաձայնել են վստահորդի շահեր ներկայացնել


Տեղեկացրել էին, որ մի քանի տասնյակ փաստաբաններով որևէ մեկին պաշտպանելու նախադեպ Հայաստանում եղել է միայն մեկ անգամ՝ նախկին փաստաբան, ներկայում «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպանության շուրջ։ Այն ժամանակ պարոն Բաղդասարյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, և 200 փաստաբաններ հաջակցություն նրա ակցիա էին անում։ «Հրապարակը» զրուցեց և Նիկոլայ Բաղդասարյանին մի շարք հարցեր ուղղեց։

Պարոն Բաղդասարյան, Դավիթ Գրիգորյանին այսօր պաշտպանող փաստաբաններից շատ-շատերն այն փաստաբանների թվում են, որոնք 2015-ին ի պաշտպանություն Ձեզ էին նմանատիպ ակցիա անում։ -Փաստորեն, հիմա նրանց հետ բարիկադի մյուս կողմու՞մ եք, թե իրենց դիրքորոշումը Ձեզ համար հասկանալի է։

-Իմ կարծիքով՝  Հայաստանի Հանրապետությունում բարիկադներ չկան։ Հայաստանի Հանրապետությունում կա մարդու իրավունքների պաշտպանության խնդիր և ես չեմ կարող լինել բարիկադների որևէ կողմում, փաստաբաններ էլ չեն կարող լինել, քանի որ անձի պաշտպանությունն ապահովելը պետության պարտականությունն է։ Քրեական դատավարության օրենսգրքում Ձեր հարցի պատասխանը տրված է․ պաշտպանը պետք է օրենքով չարգելված բոլոր միջոցներով  ներկայացնի իր վստահորդի շահերը և դա նորմալ է։ Եվ փաստաբանները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պետք ներկայացնեն իրենց վստահորդի շահերը։

-Բայց սա անձի պաշտպանության խնդիր չէ, հասարակ վստահորդի շահ ներկայացնել չէ, ակցիա է հանուն գաղափարի

-Ես չեմ տարբերակում հասարակ մարդկանց ոչ հասարակ մարդկանցից։ Բոլոր մարդիկ յուրահատուկ են անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, կրոնական պատկանելությունից, սեռից․․․

-Հասկանալի է, ես դա նկատի չունեմ, ոչ հասարակ, ոչ էլ ոչ հասարակ վստահորդի շահերի հարցը, այլ  գաղափարը և այն ի ցույց դնելը։

-Ես, անկեղծ ասած, գաղափարի հետ կապված որևէ հարց չեմ տեսնում։ Ես տեսնում եմ փաստաբաններ, որոնք համաձայնել են վստահորդի շահեր ներկայացնել։ Այսինքն՝ ըտեղ գաղափարը ո՞րն է։

-Պարզ է, չէ՞ որ գումարով չեն 50 հոգով ստանձնել այդ պաշտպանությունը։

-Ես այդպիսի տվյալներ չունեմ։

-Գոնե իմ մոտ և շատերի մոտ տպավորություն է, որ սա գաղափարական ակցիա է։

-Լավ էլի։ Ես Ձեր հարցին պատասխանել եմ, եթե գտնում եք, որ գաղափարի հարց է, դա Ձեր կարծիքն է, ես էլ կրկնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է։ Եվ այդ պաշտապանության ապահովումը պետության պարտականությունն  է։