Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել

Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ է սահմանել

Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հայտնում է Transfermarkt-ը :

35-ամյա Մխիթարյանը մասնակցել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին (1-0) և այսպիսով 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը շրջանցեց Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացավ առաջին տեղ։

Լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը (143):

Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն 4-րդն է (142):

Լավագույն հնգյակը եզրափակում է Ուկրաինայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» ու ռուսական «Զենիթի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը (137):

Մխիթարյանը եվրագավաթներում անցկացրած 144 խաղում դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ: