Համազգային թատրոնն ունի տնօրենի նոր ԺՊ

Համազգային թատրոնն ունի տնօրենի նոր ԺՊ

Համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել մինչեւ 6-ամսյա ժամկետով թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այդ մասին թատրոնին տեղյակ կպահեն արդեն այսօր։

Արման Նավասարդյանի համար դա անակնկալ չէր, քանի որ սա թատերախմբի որոշումն ու խնդրանքն է եղել նախարարին՝ ընդառաջել թատերախմբին եւ տնօրենի պաշտոնում նշանակել իրեն, իսկ գեղղեկավարի պաշտոնում՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանին․ «Որպեսզի դրանով թատրոնը սահուն կերպով գա բնականոն վիճակի եւ առաջընթաց արձանագրի։ Այս որոշումը, երբ թատրոնի կոլեկտիվի կողմից եղավ, իհարկե, նախապես քննարկվել է եւ բոլորի ցանկությունն է եղել, որեւէ մեկս չենք ինքնառաջադրվել, իսկ երբ նախարարին դիմեցինք այս հարցով, բնականաբար, նախարարը հարցրեց՝ իսկ ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնում։ Այդ ժամանակ էլ խումբն ասեց իր կարծիքը։ Սա, իսկապես, փորձաշրջան է եւ ժամանակավոր բնույթ է կրում՝ ապացուցելու համար, որ կարող է լինել նաեւ այսպիսի կառավարում, այսինքն՝ պարտադիր չէ, որ մեկը դրսից գա եւ ղեկավարի, որովհետեւ մենք մեր «հիվանդությունները», խնդիրները լավ գիտենք եւ մեկս մյուսին անգիր գիտենք, մենք գիտենք ինչից ենք «հիվանդանում», ինչից ենք բուժվում, եւ ինչ միջոցներ են մեզ պետք բուժվելու համար, այսինքն՝ մենք ավելի լավ գիտենք մեր խնդիրները»։  

Նորանշանակ տնօրենի ԺՊ-ն արդեն ունի որոշակի պատկերացումներ, թե թատրոնն առաջիկայում ինչ գործեր է բեմադրելու, ինչ հյուրախաղերի ու փառատոների է մեկնելու։ «Այս 6 ամսվա մեջ նախատեսվում է գոնե 3 ներկայացում ե՛ւ թատրոնի, ե՛ւ հրավիրյալ ռեժիսորների ուժերով, դեռ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետեւ քննարկման փուլում է։ Դրանցից մեկը հունվարի վերջ, փետրվարի սկիզբ կլինի»,- ասաց Նավասարդյանը։ 

Թատրոնում շատ արագ սկսվելու են նաեւ վերանորոգման աշխատանքներ՝ ինչպես ճեմասրահում, այնպես էլ բեմի հարդարանքի հետ կապված։ Ինչ վերաբերում է պարտքերին, ապա քանի որ այսօրվանից է ստանձնելու տնօրենի ԺՊ-ի պարտականությունները, չի կարող ասել, թե բյուջեում ինչքան գումար եւ պարտքեր կան, մի բան հստակ է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու են բարեգործական հիմունքներով․ «Մենք ունենք ընկերներ, տարբեր բնագավառներում՝ թե՛ շինարարության, թե՛ դիզայնի ոլորտում, ովքեր մեր կողքին կանգնած են եւ հանուն թատրոնի պատրաստ են անել այդ ամեն ինչը»։ 

Արման Նավասարդյանն ասում է, որ անկախ իր ԺՊ-ի կարգավիճակից, պարտավոր է նշանակել նաեւ գեղղեկավար․ «Թատրոնը պետք է ունենա գեղղեկավար, եւ այն թեկնածուի անունը, որ շրջանառվել է, միանշանակ, հպարտություն ու պարծանք կլինի ցանկացած թատրոնի համար, հենց Նարինե Գրիգորյանի նման արվեստագետը պետք է լինի թատրոնի ղեկավար»։

Նախօրեին Վիգեն Չալդրանյանը մամուլում բաց նամակով էր հանդես եկել, որը սկսել էր պատմահայր Խորենացու Ողբի ոճով․ ««Ողբում եմ քեզ», սիրելի Համազգային թատրոն, «ողբում եմ քեզ, որովհետեւ վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»»։ 

Արման Նավասարդյանը կարդացել է այդ նամակը։ «Ողբացողը թող ողբա, ցնծացողը թող ցնծա։ Այս դեպքում ես պետք է ասեմ՝ ցնծա, Համազգային թատրոն, ցնծա։ Այնուհանդերձ, թատրոնի ողջ ստեղծագործական կոլեկտիվն իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիգեն Չալդրանյանին համատեղ աշխատանքի համար, համատեղ ապրած օրերի համար, ինչը որ չստացվեց, ուրեմն չպետք է ստացվեր, եւ մեծ ողբերգություն դրանից պետք չէ սարքել։ Կյանքը շարունակվում է, եւ Համազգային թատրոնը ո՛չ Վիգեն Չալդրանյանով է ստեղծվել ե՛ւ ոչ էլ Վիգեն Չալդրանյանով պետք է ավարտվեր, Համազգային թատրոնը եղել է, կա, ու ամեն ինչ պետք է անենք, որ տարածաշրջանում լինի լավագույնը»,- ասաց նա ու ընդգծեց, որ իրենք շնորհակալ են Չալդրանյանին նաեւ հրաժարականի ողջախոհ քայլի համար․ «Ճիշտ է՝ կարելի էր ավելի շուտ անել այս ամեն ինչը, ամեն դեպքում՝ մենք իր հրաժարականը դիտարկում ենք, որ նա դա արեց հանուն թատրոնի զարգացման։ Եվ առաջիկայում՝ ինչու չէ, մենք պատրաստակամ ենք եւ գուցե նրան առաջարկենք վայր դնել սրերը եւ որեւէ բեմադրություն անել մեր թատրոնում։ Մենք նույնիսկ սրան ենք պատրաստ»։