Կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան սպանեն․ոստիկանության շտաբի պետ

Կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան սպանեն․ոստիկանության շտաբի պետ

Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին վեց ամսում նախորդ տարվա վեց ամսվա համեմատ շուրջ 9 տոկոսով աճել է հանցագործությունների թիվը։ Նաև ոստիկանությանը դիմողների թիվն է ավելացել։

«Նախորդ տարվանից՝ կապված իավիճակի փոփոխության հետ, բարձրացել է ոստիկանության հանդեպ վստահությունը, և մարդիկ չեն խուսափում դիմել ոստիկանությանը»,-ասաց ԱՐմեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ դեպքերի աճի վրա ազդեցություն են գործել նաև համաներմամբ ազատ արձակված անձանց կողմից նորից կատարած հանցագործությունները։ «Ազատ արձակված 658 անձանցից 178-ը համաներումից հետո կրկին հանցագործություն են կատարել»,-ասաց Արմեն Ղուկասյանը։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ իր կողմից ավելացրեց, որ արդարադատության նախարարի տվյալներով՝ բացի համաներումից, 1248 կալանավոր քիչ է եղել, այսինքն՝ նրանք նույնպես դրսում են եղել: Աճել է ծանր հանցագործությունների թիվը՝ 253-ով, ինչը, ըստ Ղուկասյանի, պայմանավորված է եղել բնակարանային գողությունների և կաշառքի դեպքերով։ 

Փոխարենը նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, այդ թվում՝ բռնաբարության, յուրացման կամ վատնման, կողոպուտի դեպքերը: 

Հանցավորության կառուցվածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Ոստիկանության շտաբի պետը սա դրական համարեց՝ նկատելով, որ Սահմանադրությամբ մարդու կյանքը բարձրագույն արժեք է։ «Կոպիտ ասած՝ ավելի լավ է գողանան, քան սպանեն»,-ասաց Արմեն Ղուկասյանը։