Ինչո՞ւ են հանում Օպերայի տնօրենին և պահում Կոմիտասի թանգարանի տնօրենին

Ինչո՞ւ են հանում Օպերայի տնօրենին և պահում Կոմիտասի թանգարանի տնօրենին

Երեկ վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց օպերային թատրոնի արտիստները բողոքի ցույց էին անում՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի։ Նրանք անձնապես ներկայացրին իրենց բողոքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հանդիպելով նրա հետ, այն է՝ չեղյալ համարել մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը՝ ազատել Օրբելյանին տնօրենի պաշտոնից։ 

Շուրջ մեկ ժամ տեւած քննարկումից հետո արտիստները դուրս եկան շենքից եւ դրական գնահատեցին հանդիպումը։ Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, որ վարչապետը երաշխավորել է, որ «դրսից» որեւէ մեկը չի գա ու չի լինի տնօրեն, առժամանակ տնօրենի պարտականությունները դրվում են օպերային թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի վրա։ «Նախարարությունը վարչապետին է ներկայացրել բոլոր խնդիրները՝ թատրոնի հետ կապված, վարչապետը դրանք փոխանցելու է մեզ, որին գրավոր պատասխանելու ենք եւ նորից հանդիպելու ենք՝ ներկայացնելով մեր հակափաստարկները։ Վարչապետը նաեւ ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, անմիջապես ներկայացնողը կպատժվի եւ կազատվի աշխատանքից։ Ըստ Ղարիբյանի ներկայացրած թղթերի, թվում է՝ ամեն ինչ օրինական է արվել, բայց մենք կներկայացնենք մեր հակափաստարկները»,- ասաց դիրիժորն ու հավելեց, որ վարչապետի հետ նոր հանդիպումը լինելու է շատ շուտ։ 

Ինչ վերաբերում է նրան, որ թատրոնը պատրաստվում էր դատի տալ Նազենի Ղարիբյանին, ապա առայժմ կսպասեն։ «Եթե առանց դրա խնդիրը լուծվի, չենք դիմի դատարան։ Միգուցե օրենքներում շտկումներ արվեն, դրանք, ի վերջո, մարդկանց կողմից են գրված»,-ասաց դիրիժորն ու հավելեց, որ վարչապետին են ներկայացրել նաեւ, թե Օրբելյանի գալով ինչ փոփոխություններ են կատարվել թատրոնի ստեղծագործական քաղաքականության մեջ, ինչպես է դահլիճը լցվել։ «Պարոն Փաշինյանի ամենամեծ անհանգստությունն այն էր, որ հաճախ մշակութային միջոցառումները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում, եւ լավ մենեջմենթ չի արվում»,- ասում է Արզումանյանն ու նկատում, թե հանդիպումից այնպիսի տպավորություն է ստացել, որ վարչապետն էլ տեղյակ չի եղել, թե ում պետք է նշանակեին Օպերայի տնօրեն։     

Կոմիտասագետ, երգահան Արթուր Շահնազարյանը տարիներ առաջ նույնպես հավակնում էր օպերային թատրոնի տնօրենի պաշտոնին, այն ժամանակ նա մասնակցել էր մրցույթին, անցել 2-րդ փուլ, բայց նշանակվել էր մեկ ուրիշը։ Մինչեւ Օպերայի շուրջ ստեղծված աղմուկին անդրադառնալը, Շահնազարյանն անկեղծանում է՝ իր համար Օպերայի հարցերն այդքան կարեւոր չեն, հատկապես այն ֆոնին, երբ մեր ողջ ժողովուրդը թաղված է արեւելյան կլկլոցի մեջ․ «Շրջաններից սկսած, Երեւանի կենտրոնով վերջացրած՝ դրա մոտ այդ խնդիրը համարյա զրոյական է դառնում»։  

Նա օրինակ է բերում Համազգային թատրոնը, երբ ամիսներ առաջ ուզում էին կոլեկտիվի կարծիքը շրջանցել եւ այլ ղեկավար նշանակել․ «Սակայն կոլեկտիվը պայքարեց, եւ հիմա բնականոն աշխատում են։ Հիմա նույնն այստեղ է․ եթե կոլեկտիվը ոտքի է կանգնել, պատրաստ է եւ ուզում է Օրբելյանի հետ աշխատել, թող գտնեն միջոցներ ու ձեւեր՝ այդ հարցը հարթեն, իսկ եթե պետք է, թող օրենք փոխեն։ Իհարկե, խնդիրներ էլ են եղել, եթե լսեք Զավեն Վարդանյանին, նա բողոքում է Օպերայի վիճակից, որ ազգային երաժշտությանը պատշաճ չափով ուշադրություն չի դարձվում»։ 

Շահնազարյանն ընդգծում է՝ Նազենի Ղարիբյանի դիրքորոշումը, աշխատաոճն այնպիսին են, որ ինչ էլ անի, սխալ է անելու․ «Այսինքն՝ նրա գործելակերպն այն աստիճան աբսուրդ է, որ եթե այդ մարդուն թողնի էլ, հանի էլ՝ սխալ է, որովհետեւ ինքն է սխալ այդ պաշտոնում։ Հիմա մեկը հարցնի, թե դու ինչի՞ չես հանում Կոմիտասի թանգարանի տնօրենին, որը մասնագետ չէ եւ Կոմիտասի հետ ընդհանրապես կապ չունի, ավելին՝ կրիմինալ կա այստեղ, քանի որ կեղծ գիտության թեկնածություն է պաշտպանել, այն էլ՝ կոմիտասագիտություն։ Այսօր խոսում են կոռուպցիայից, բայց մեծ կոռուպցիա կա այնտեղ՝ սուտ գիտություն, սուտ հոդվածներ, սուտ գրքեր են տպում, ծախսեր են անում, մարդիկ են ուղարկում Գերմանիա, որ ձեռագիր գտնեն, բայց այնտեղ Կոմիտասի ձեռագրերից չկա, քանի անգամ գնում գալիս են, ասում են՝ չկա, բայց նորից գործուղում են՝ հյուրանոցով, ճանապարհածախսով։ Ինչի՞ է նա այս կրիմինալին պահում, իսկ մեկ ուրիշ տեղ հանում։ Ավելին՝ Ղարիբյանը գնում է Կոմիտասի թանգարան եւ այդ կրիմինալի հետ հարցազրույց տալիս, որ ամեն ինչ շատ լավ է, եւ ինքն էլ պիտի գնա, դասախոսություն կարդա Կոմիտասի մասին, այսինքն՝ գնա ման գա»։ 

Շահնազարյանը կարծում է, որ Օպերայի կոլեկտիվը ճիշտ է արել, որ դուրս է եկել եւ պահանջում է Նազենի Ղարիբյանի հրաժարականը։ Այն, որ 600-700 հոգանոց կոլեկտիվից հազիվ միայն 150-ն էին ներկա կառավարության շենքի մոտ, Շահնազարյանն իր բացատրությունն ունի․ «Որովհետեւ այդտեղ 700 հոգի գործի չի գնում, սա էլ մի ուրիշ կրիմինալ է, դա ցուցակով է 700 հոգի, իսկ այնտեղ աշխատում է մի 200 մարդ։ Ես այդ հարցը ժամանակին դրել եմ, երբ մշակույթի նախարարության վարչության պետ էր։ Ձեզ պատահե՞լ է, որ գնաք Օպերա ու մի 500 մարդ տեսնեք, դահլիճն է մի 800 տեղ տանում, այսինքն, ստացվում է՝ ինչքան հանդիսատես կա, այնքան էլ հաստիք կա Օպերայում։ Եթե անգամ ենթադրենք, որ այդ 700 հոգին աշխատանքի է գնում, թող մնացած 500-ն էլ դուրս գա ու ասի, որ չենք ուզում Օրբելյանին, այսինքն՝ գոնե մի 40 հոգի էլ չկա հակադիր ճամբարից, որ ասեն՝ չենք ուզում։ Բոլոր դեպքերում, կոլեկտիվներին պետք է հարգել, հաշվի նստել մարդկանց կարծիքի հետ, ու դա բոլոր խմբերի մասին է խոսքը, եւ ինչ-որ բան անելիս պետք է գնան նախ կոլեկտիվների հետ հանդիպեն, ուղղակի մարդկանց են նշանակում պաշտոնների, ովքեր ընդունակ չեն մարդկանց հետ հանդիպելու, զրուցելու եւ խուսափում են հանդիպելուց, որովհետեւ, ինչպես Կոմիտասն էր ասում՝ այդ դեպքում իրենց մտքի մերկությունն ի ցույց կդրվի»։ 

Կոմիտասագետն անընդհատ զուգահեռներ է տանում Օպերային թատրոնի եւ Կոմիտասի թանգարանի միջեւ, ասում է՝ եթե Ղարիբյանը չունի ոչ մի շահագրգռություն, ինչո՞ւ է հանում Օպերային թատրոնի տնօրենին եւ պահում Կոմիտասի թանգարանի տնօրենին․ «Ինչո՞ւ է ոչ միայն պահում, այլ նաեւ մտերմիկ հարաբերություններ հաստատում՝ իրեն մտցնում թանգարանի ծրագրերի մեջ․ նա երաժշտության հետ կապ չունեցող մարդ է։ Սա Օպերային թատրոն է, իսկ նա՝ Կոմիտասի թանգարան, եւ Կոմիտասի անվան հետ է ամեն բան կապվում, էդ ինչո՞ւ մի հատ տնօրենի սանձերը չի քաշում, չի ազատում գործից։ Թող գործից ազատի, տեսնենք՝ բողոքողներ կլինե՞ն իր համար, թե՞ ոչ»։ 

Շահնազարյանի դիտարկմամբ, վարչապետը մի շարք պաշտոնների այնպիսի մարդկանց է նշանակել, որոնք փորձանք են հենց իր գլխին․ «Ղարիբյանն Օրբելյանին հանեց մի պարզ պատճառով․ անկախ նրանից՝ ճիշտ էր, թե ոչ, որովհետեւ համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերել իր հանդեպ, այնպիսի պրոֆեսիոնալ վերաբերմունք, ինչպիսին ցուցաբերեց Կոմիտասի թանգարանի ղեկավարությունը, ինչ կառավարություն գա, նրանք կգնան ու, պատկերավոր ասած՝ «կառնեն» այդ մարդուն։ Իսկ Օրբելյանը երեւի այդ մասնագիտությանը լավ չի տիրապետում՝ չի գնացել այդ հարցերը նման ձեւով կարգավորելուն, թե չէ հիմա գլխի վրա դրած ման կտար Նազենի Ղարիբյանն իրեն։ Թող մի հատ Օպերան իրեն էլ ներգրավեր հյուրախաղերի մեջ, իրենց հետ տաներ հյուրախաղերի, կամ ասեին՝ Օպերայում ձեզ կներգրավենք որպես արվեստաբան ռեժիսոր, ինչպես որ Կոմիտասի թանգարանն է անում, տեսեք ոնց էր ուսերին նստացրած պահելու»։