Հայաստանի ապագան բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է ․ Բագրատ Ասատրյան

Հայաստանի ապագան բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է ․ Բագրատ Ասատրյան

1994-98 թթ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ, դասախոս, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ադրբեջանական Caliber.Az պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի ապագան հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է եւ որ «մենք դատապարտված ենք դրան»։ Ներկայացնում ենք այդ հարցազրույցը․

Հարց․- Վերջին շրջանում արդիական են դարձել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հեռանկարներ ունեն դրանք։

Պատասխան․- Անձամբ ես հավատում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, թեեւ հասկանում եմ, որ անցյալ տարվա իրադարձությունները մեզ հեռացրել են այդ հնարավորություններից։ Հայաստանի ապագան բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է, մենք դատապարտված ենք դրան։ Մնում է հուսալ, որ մեր երկրների քաղաքական էլիտաները ոչ միայն դա կհասկանան, այլ նաեւ գործուն քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Իհարկե, շատ բան կախված է Թուրքիայից, որը ամենից հզոր պետությունն է ռեգիոնում։

Հարց․- Անցյալ տարի Հայաստանը պաշտոնապես արգելեց թուրքական ապրանքների ներկրումը։ Ինչպե՞ս դա անդրադարձավ շարքային հայ սպառողի վրա։ Եւ արդյո՞ք կարողացավ տեղական արդյունաբերությունը, կամ այլ երկրների ներկրումները փոխարինել թուրքական ապրանքներին։

Պատասխան․- Ես արդեն իմ դիրքորոշումն հայտնել եմ այս առնչությամբ։ Արգելքները գերազանցապես էմոցիաներ են, որոնցից տուժում են կոնկրետ մարդիկ՝ եւ հայ սպառողները, եւ թուրք արտադրողները։ Ավելին, նրանք կորցնում են հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, չէ որ առեւտուրը միակ թելն է, թերեւս, որ կապում է մեր ժողովուրդներին։ Ինչ վերաբերում է մասշտաբներին, ապա դրանք մեծ չեն՝ ներկրումների 5 տոկոսը, ինչը Հայաստանի տնտեսությանը հատուկ բաց կեցվածքի պայմաններում, բավականին արագ լրացվում է։

Հարց․- Հայաստանին քաղաքակա՞ն թե՞ տնտեսական առումով է ձեռնտու հարաբերությունները նորմալացնել Թուրքիայի հետ։

Պատասխան․- Առաջին հերթին, իհարկե, քաղաքական։ Ես վստահ եմ, որ այստեղ է գտնվում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանալին։ Իսկ տնտեսական օգուտները արդեն կարող են հետեւել դրան։ Ես անձամբ կարծում է, որ Թուրքիան, իր դինամիկ զարգացող տնտեսությամբ, կարող է էականորեն ազդել ողջ ռեգիոնի զարգացման վրա։

Հարց․- Հավանաբար կհամաձայնեք, որ հայկական տնտեսության աճն անհնար է առանց ապաշրջափակման։ Բաքուն առաջարկում է Երեւանին բացել տրանսպորտային հաղորդակցության ուղիները, վերականգնել տնտեսական կապերը՝ մեկմեկու սահմանների փոխճանաչման եւ տարածքային ամբողջականության ճանաչման հիմքի վրա։ Ինչպե՞ս եք Դուք տեսնում այս հարցի լուծումը։

Պատասխան․- Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է՝ բաց տնտեսությունը չի կարող զարգանալ նման սահմանափակումների պայմաններում։ Հիշեցնեմ, որ այս դիրքերից ես հանդես եմ եկել ներքաղաքական բանավեճերի ժամանակ, որոնք ծավալվել են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման հարցով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություննրի վերականգնմանը, կոմունիկացիաների բացմանը, ապա պետք է գիտակցել, որ անվստահության մթնոլորտը, որը ձեւավորվել է մեր միջեւ, բավական բարդ ճանապարհ է, որը, համոզված եմ, որ պետք է անցնենք, հանուն մեր ժողովուրդների ապագայի։ Հարեւանությունը անհնար է չեղարկել, իսկ բարիդրացիության վերականգնման համար հարկավոր է հաղթահարել անվստահությունը։ Մեխանիզմը՝ տարբեր մակարդակներում ուղիղ բանակցություններն են ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այստեղ անհրաժեշտ է ոչ միայն կամք, այլ նաեւ շատ ավելին։ Մինչեւ հիմա մենք գտել ենք ուժեր՝ առճակատման խորացման համար, իսկ հիմա պետք են շատ ավելի ուժեր՝ հասկացողության համար, այլընտրանքը ավելի շատ տառապանքներն են, իսկ արդյունքները՝ երրորդ կողմերի եւ անբարեխիղճ միջնորդների օգուտները։

Հարց․- Դուք ինքներդ կարո՞ղ եք պատկերացնել, որ հայերը կարող են, ինչպես եւ նախքան 1988 թվականը, գնալ Ռուսաստան Ադրբեջանով, իսկ ադրբեջանցիները՝ Նախիջեւան։

Պատասխան․- Ես ոչ միայն պատկերացնում եմ, այլ նաեւ հնարավոր եմ համարում դա։ Ես նմանատիպ փորձառություն ունեմ։ 1991-93 թթ ես գլխավորել եմ Հայաստանի պատվիրակությունը Նախիջեւանի հետ բանակցություններում եւ առնվազն մեզ հաջողվել է Ղարաբաղում հակամարտության խորացման պայմաններում զսպել էմոցիաները եւ զերծ մնալ ինչ որ լուրջ բարդություններից։ Կար քաղաքական կամք ղեկավարների մոտ, ուղիղ մասնակցություն, բազմաթիվ հանդիպումներ եւ դետալային քննարկումներ բոլոր առաջացած հարցերի հետ կապված։ Կարծում եմ, որ մեր երկրների նոր ղեկավարների մոտ կլինի բավարար ողջամտություն, կամք եւ խիզախություն։

Հարց․- Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է ավելանալ։ Սրանով հանդերձ, Երեւանն ու Մոսկվան պայմանավորվել են նոր սպառազինությունների մատակարարման մասին։ Ամենայն հավանականությամբ, դա կլինի վարկով։ Դուք գլխավորել եք Հայաստանի ԿԲ-ն, եւ, հետեւաբար, ամենայն հավանականությամբ, կկարողանաք ենթադրել, թե ինչպես է Հայաստանը կարողանալու վճարել այդ պարտքերը։

Պատասխան․- Հայաստանի պետական պարտքը անխուսափելի է։ Հայաստանի տնտեսության նման տնտեսությունների զարգացումը առանց փոխառությունների անհնար է, այդ թվում նաեւ՝ արտաքին։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես են այդ միջոցները օգտագործվելու, եւ արդյոք պայմանավորելու են երկրի ՀՆԱ աճը, եւ հետեւաբար նաեւ՝ քաղաքացիների բարեկեցության աճը, թե հաջորդ սերունդներին փոխանցվելու է որպես լուծ։ Այս առումով 9 միլիարդի հասնող պետական պարտքն, իհարկե, շատ է եւ գերազանցում է օրենսդրությամբ սահմանված սահմանաչափը, իսկ տարեկան ծախսերը, որոնք իրականացվում են դրա սպասարկման համար, նույնպես շատ են։ Սակայն իրական խնդիրը ՀՆԱ անբավարար մակարդակի եւ աճի անբավարար տեմպերի մեջ է։ Հայաստանի պարտքը մեծ չէ, այլ ՀՆԱ ծավալն է քիչ։ Իսկ պաշտպանական ծախսերը, անկախ դրանց աղբյուրներից, անհրաժեշտություն են, որոնք պայմանավորված են արտաքին պատճառներով։ Հենց դրա համար եւ այդ թվում նաեւ որպես ամենից խաղաղ մասնագիտության ներկայացուցիչ, ես կողմ եմ հնարավորինս շուտ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը, որոնց պայմաններում այդ միջոցների զգալի մասը եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում կուղղվեն մեր ժողովուրդների սոցիալական եւ մշակութային զարգացմանը՝ հարգանքով եւ հույսով ավելի խաղաղ ապագայի։