ՌԴ մեկնելուց առաջ լավ մտածեք․ ՆԳՆ-ն «անակնկալ» ունի այնտեղ ապրողների համար

ՌԴ մեկնելուց առաջ լավ մտածեք․ ՆԳՆ-ն «անակնկալ» ունի այնտեղ ապրողների համար

Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիներից կարող է պահանջվել ստորագրել «չեզոքության համաձայնագիր», որն արգելում է վարկաբեկել Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև՝ քարոզել ոչ ավանդական սեռական հարաբերությունները: Սա բխում է ՌԴ ՆԳՆ-ի մշակած օրինագծից։

Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիներին կարգելվի «խոչընդոտել Ռուսաստանի պետական ​​իշխանությունների գործունեությունը, ցանկացած ձևով վարկաբեկել երկրի, պետական ​​իշխանությունների և նրանց պաշտոնյաների արտաքին և ներքին պետական ​​քաղաքականությունը»։

«Չեզոքության համաձայնագիրը» նաև արգելում է օտարերկրյա քաղաքացիներին «չարաշահել տեղեկատվության ազատության իրավունքը, այդ թվում՝ տեղեկատվություն տարածելու միջոցով, որն ուղղված է սահմանադրորեն կարևոր բարոյական և այլ արժեքների նսեմացմանը կամ ժխտմանը, ներառյալ՝ տղամարդկանց և կանանց միությունն ու նրանց ամուսնության գաղափարը»:

Արգելքը կներառի նաև «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն», ինչպես նաև «Հայրենիքի պաշտպանության գործում խորհրդային ժողովրդի սխրանքի մասին պատմական ճշմարտության խեղաթյուրումը»։
Ստորագրելով «չեզոքության համաձայնագիր»՝ օտարերկրացին կհաստատի, որ իրեն զգուշացրել են Ռուսաստանում գտնվելու կանոնների խախտման հետևանքների մասին։ Բացի այդ, նա պարտավորվելու է վճարել համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում երկրից իր հնարավոր արտաքսման հետ կապված ծախսերը։