Աննայի արտասահմանյան այցերն ավելի խորքային են․․․

Աննայի արտասահմանյան այցերն  ավելի խորքային են․․․
Վարչապետի արտասահմանյան ամեն այցից հետո նույն խոսակցությունն է՝ ու՞մ հաշվին է վարչապետի կինը, դուստրը կամ նրանց ընտանիքի հետ կապված որևէ մեկը մեկնել վարչապետի հետ։ Դա դառնում է քննարկումների առիթ։ Մամուլը հիմնականում միակողմանի է մոտենում հարցին՝  ո՞ւմ հաշվին է Բրյուսել մեկնել վարչապետի տիկինը,  դուստրը կամ․․․ Հետո հաջորդում է հերթական պատասխանը՝ մամուլի խոսնակի կամ անձամբ իրենց միջոցով․ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, դստեր կամ․․․ այցը բյուջեի, հարկատուների հաշվին չի եղել, նրանք իրենց անձնական միջոցներով են դա արել, հետևաբար այս առումով մտահոգություններն անտեղի են:
Վարչապետը նույնպես այդ տեսանկյունից է նայում հարցին։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշում է․
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Արա էս ի՞նչ էր։ Սրանք ընտանիքով կերան երկրի բյուջեն։ Ուտել-պրծնելու վրա են: Հասե՜ք, փրկեք..․

 

Լրագրողական, ընդդիմադիր դաշտում գտնվող մարդու հուզական գրառում է, դժվար է դա անվանել վարչապետի գրառում։ Բայց դա մի կողմ թողնենք, և փորձենք զգայական դաշտից դուրս կիսվել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։   

 

Սևեռվել միայն բյուջեի վրա, ճիշտ չէ։ Այստեղ կա ավելի լուրջ, խորքային խնդիր, որը ոչ մի բյուջե չի կարող լցնել։ Հասարակությունը՝ կապված ձեր ամուսնու  պաշտոնի հետ, խոշորացույցով է նայում ձեզ ու ձեր  ընտանիքին։ Այդպես է․ միայն դուք չեք, դա բոլոր առաջին դեմքերին է վերաբերվում։  Այն ինչ առաջ կարելի, թույլատրելի էր, պաշտոնից հետո՝ ուզեք, թե չուզեք, սահմանափակուներ պետք է լինեն, խիստ սահմանափակումներ։

Պատկերացրեք ձեզ  խոշորացույցի առաջ, որ անընդհատ խոշոր պլանով ձեզ ներկայացնում է, ու էլ ասելիք պետք չէ։

Այդ խոշորացույցը ժողովրդի աչքն է, չասեք, որ այն չար է, նախանձ, դա մշտապես ձեզ ուղեկցող լույս է։ Այդ լույսը պիտի ուղենիշ լինի, որպեսզի իմանաք՝ ինչ կարելի է անել ու ինչ չի կարելի։ Այդ աչքը նկատում է ամենափոքրիկ բիծը, ստվերը, թրթիռը։

Հաշվի չնստել այդ աչքի հետ, անչա՜փ ծանր է նստում։ Եթե դուք պատկերացնեք, որ անընդհատ զննման տակ եք, տեսախցիկի առաջ,  ինչպե՞ս կպահեք ձեզ։

Գիտե՞ք վատը որն է։ Ձեր ամուսնու այցը, նպատակը զրոյանում է, երբ դուք մեծ տեսադաշտով հայտնվում եք տեսախցիկի առաջ։ Խոսում են ձեր, ձեր ընտանիքի անդամների մասին, հետաքրքրվում, թե դուք, ձեր ընտանիքի որևէ անդամ, ընկերուհի, բարեկամ այնտեղ ինչ էր անում, ինչ էր գնում, ուտում, որտեղ էր գիշերում ու ստվերում է մնում, թե երկրի առաջին դեմքը՝ վարչապետը, ինչի համար էր մեկնել։

Երկրի համար այս կարևորագույն, ծանր  շրջանում քննարկվում են հարցեր, որոնք ոչ էական են, հարցի հետ կապ չունեցող, բուն նյութը շեղող․․․ Ինչպիսի պատճառաբանություններն էլ արվեն, դուք օրակարգ եք շեղում։ Դա ներանձնային խնդիր չէ, դա միայն ձեր անձնական խնդիրը չէ ու ստիպված եմ բարձրաձայնել։ Աշխատեք ոչ մի դեպքում խոշոր պլանով չերևալ։ Մենք լուրջ հարցերի պատասխան ենք ակնկալում։