Ու՞ր է երեսուն տարվա մեր ռազմատեխնիկան․․․

Ու՞ր է երեսուն տարվա մեր ռազմատեխնիկան․․․

Շատ է հրապարակվել, թե 44-օրյա պատերազմից հետո ինչքան շեն բնակավայրեր են հանձնվել, ու դա սահմռկեցուցիչ է։ Թվարկմամբ չզբաղվեմ, որովհետև հնարավոր չէ անգամ դրա սարսափը պատկերացնել։ Բայց երբևէ չեմ լսել, որ կապիտուլյացիայից հետո պատասխանատու կազմի կողմից հայտարարվեր, թե Հայաստանը ինչքան ռազմամթերք է կորցրել։ Այսօր Սևակ Հակոբյանը իր հաղորդման մեջ ասաց, որ յութուբում կարելի է գտնել պատերազմի ժամանակ մեզանից խլված, գրեթե նվիրված զինտեխնիկայի շքերթը։ Երանի՜ բացած չլինեի ու չտեսնեի։

Ստացվում է, որ մենք միլիարդների արժողությամբ զենք, զինամթերք, զինտեխնիկա անվնաս նվիրել  ենք թշնամուն։ Այդ ինչպե՞ս, կամավոր մեր ռազմական տեխնիկան, պահեստները  թշնամու՞ն ենք հանձնել։ Նույնիսկ մի փոքրիկ տունը, որ պիտի մնար թշնամուն, մարդիկ չէին ցանկանում, վառում էին, ո՞նց եք առանց խղճի խայթի այդ միլիարդները, մեր անվտանգությունն ապահովող ռազմամթերքը հանձնել թշնամուն։ Գժվել կարելի է։ Ու այսքանից հետո  խոսել, որ երեսուն տարի լափել են ու զենք չեն գնել, Բանակը չեն զինել, մարդկանց ապակողմնորոշելու գագաթնակետն է։

Եթե ուզում եք իմանալ, թե երեսուն տարի ինչ զինտեխնիկա ենք ունեցել, բացեք յութուբը, այնտեղ ամեն ինչ տեղադրված է։ Դուք կցնցվեք, թե որտեղ, ում ձեռքին  է երեսուն տարվա արյուն- քրտինքով ձեռք բերած զինտեխնիկան։ Այդպիսի ահռելի քանակությունը սարսափեցնող է։ Մեր զենքի ողջ պահեստները անվնաս նրա՞նց եք նվիրել, որ մեր զենքով մեզ ոչնչացնե՞ն։ Սարսափելի է։ Ու երեսուն տարվա կուտակած ռազմատեխնիկան հանձնողներից որևէ մեկը չի՞ պատժվել։