Հոգնել եմ

Հոգնել եմ

Այո, հոգնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Փաշինյան Նիկոլի մենախոսություններից: Մոտավորապես ճիշտ այնպես, ինչպես հոգնում էի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր տեքստերը լսելուվ կամ կարդալով: Նրա տեքստերը նորմալ գրական հայերենով էին, և ինքն էլ կարդալու խնդիր չուներ: Ի վերջո՝ բանասիրականն էր ավարտել: Բայց քանի որ Սերժի օրոք հաստատվել էր լճացման ժամանակաշրջան, տեքստերը չէին կարող չկրել դրա ազդեցությունը՝ որքան էլ գրագետ գրված լինեին: Ի տարբերություն Սերժի գրավոր տեքստերի՝ Նիկոլի բանավոր խոսքն ավելի կենդանի է: Բայց հոգնեցուցիչ է ոճական և հատկապես բովանդակային առումներով:

Հոգնեցուցիչ է իր «արձանագրումներով», որոնցում որևէ էական բան չի արձանագրվում, և իր «նրբություններով», որոնց առկայությունն այդպես էլ չզգացվեց: Ինչ մնում է բովանդակությանը, ապա կառավարության հերթական նիստի 30 րոպեն նվիրելով Իլհամին պատասխանելուն, այնուհետև ավելի քան երկու ժամ մեկնաբանում է իր ներկայացրածը: Ինչն արդեն դարձել է ավանդույթ, և հենց դա էր պատճառը, որ հանրայինին նրա կողմից տրված ինքնահարցազրույցի սկիզբը մի քանի րոպե նայելուց հետո անցա այլ գործ անելուն: Իսկ վերջում ընդամենը ծանոթացա «Հրապարակ»-ում և տեղեկատվական այլ կայքերում հատվածաբար ներկայացված նյութերի վերնագրերին: 

Ներկայացնեմ Նիկոլի ինքնահարցազրույցի առումով հետաքրքիր մի դրվագ. վերը նշված՝ այլ գործերին անցնելուց հետո մի պահ մտա ֆեյսբուք և տեսա «Հրապարակ»-ի լրագրող Էդիկ Անդրեասյանի «Երկիրը ինքնահարցազրույց է լսում...» գրառումը և դրա մեկնաբանությունները: Որոնցում մարդիկ ասում էին, որ իրենք Նիկոլին չեն լսում: Ու հասկացա, որ միայն ես չեմ, որ հոգնել ու ձանձրացել եմ նրա մանիպուլյացիաները, ինքնարդարացումներն ու այլոց նկատմամբ մեղադրանքները լսելուց: Որովհետև գալիս է մի պահ, որ գրագետ անձնավորության համար՝ թեկուզ լինի նա լրագրող կամ հրապարակախոս, Նիկոլին լսելը վերածվում է ժամանակի անիմաստ վատնումի՝ համեմված տհաճությամբ: Կարծում եմ, որ Նիկոլը տեղյակ է դրա մասին, բայց ինքը թքած ունի դրա վրա: Որովհետև նրա լսարանը ոչ թե գրագետ անձնավորություններն են, այլ կիսագրագետները, որոնք վստահաբար տառասխալով են գրում իրենց անուն-ազգանունները ու Լոնդոնի ու Մադրիդի մասին լսել են միայն հիանալի ֆուտբոլիստ Հենոյի շնորհիվ:   

Քանի որ այս հոդվածը «նվիրել» եմ Նիկոլին, ապա չեմ կարող անտարբեր մնալ ոչ քպկական, սակայն Նիկոլի մերձավոր զինակիցներից մեկի ֆեյսբուքյան գրառմանը: Խոսքը Նիկոլից ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն ստացած Մարուքյան Էդմոնի մասին է: Մի մարդ, որ ժամանակին Նիկոլի գործընկերն էր, հետո դարձավ ընդդիմադիր և այն աստիճանի, որ զերծ չէր մնում քպկականների հետ խիստ «հարգալից» տոնով միմյանց վիրավորելուց: Բայց այդ ամենը մոռացվեց, երբ համապատասխան աշխատավարձով ու պարգևավճարով պաշտոն ստացավ Նիկոլից: Եվ ուրեմն, այդ անձի խոստովանությամբ ինքը «դժվարանում է պատկերացնել, թե ի՞նչ կմնար Հայաստանից, եթե պատերազմի պարտության այդ ողբերգությանը գումարվեր նաև հեղաշրջումը»: Տվյալ դեպքում խոսքը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարական մեկ երկու շենք բողոքավոր (՞՞՞) զանգվածի մուտքի մասին էր: Հարցականով բողոքավոր, քանի որ խիստ կասկածելի էր իրավապահների բացակայությունն այդ շենքերում, երբ ամբոխն անարգել ներս էր մտնում և կահույքի այս կամ այն իրն էր ջարդում:

Ինչևէ, խոսքի մակարդակում Նիկոլին պաշտպանելու հատուկ հանձնարարություններ ստացած դեսպանն այնուհետև շնորհակալություն է հայտնում խորհրդարանում գտնվող իր թիմին և այլ մարդկանց, «ովքեր ցուցաբերում էին բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն՝ պահելով պետականության հիմքերը»: Փաստորեն ՀՀ առաջին նախագահի հիշատակած «ազգակործան պատուհասի» անձնական իշխանության պահպանումը Մարուքյան Էդմոնի կարծիքով պետականության հիմքերի պահպանում է: Հետաքրքիր է՝ Նիկոլին պաշտոնից վռնդելուց հետո Մարուքյան Էդմոնը կրկին կվերափոխվի՞ հականիկոլականի, թե կշարունակի նրան համարել հայոց պետականության երաշխավոր: