Հետո չասեք, թե մեզ հիմարացրին՝ մենք միամիտ էինք

Հետո չասեք, թե մեզ հիմարացրին՝ մենք միամիտ էինք

Փաշինյան Նիկոլ. «Մենք պիտի Հայաստանում վերահասատենք ժողովրդի իշխանությունը։ Որովհետև մենք ձեզնից ստացած իշխանությունը վերադարձրել ենք ձեզ։ Էս ընթացքում ձեզ հայտնի ուժերը ուզում էին խլել իշխանությունը, բայց էդ իշխանությունը մենք ամեն գնով պահել ենք։ Մենք մեզ համար չենք պահել, ձեզ համար ենք պահել իշխանությունը։ Պահել ենք, որ մենք այսօր ձեզ վերադարձնենք։ Էսօր իշխանությունը հրապարակում կանգնած մարդիկ են»։

Իրականություն

Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 2.-ի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվել է 1995 թվականին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, փոփոխությունների է ենթարկվել 2005 (ՀՀ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան) և 2015 (ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյան) թվականներին: ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլի օրոք Սահմանադրությունում կատարվել են մի շարք հակասահմանադրական փոփոխություններ: Բայց երբևէ 2-րդ հոդվածը չի փոփոխվել, այն փոփոխման ենթակա չէ:

Իսկ այժմ փորձենք հետևել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյան Նիկոլի մտքի թռիչքին և վերլուծել այն: 2018 թվականի մայիսին բռնի իշխանություն վերցնելը և դեկտեմբերին այն վերահաստատելը Փաշինյան Նիկոլը  ներկայացնում է որպես ժողովրդի կողմից ստացած իշխանության վերադարձ ժողովրդին: Այսինքն՝ իր վարչապետության ընթացքը միաժամանակ և՛ ժողովրդի կողմից իշխանություն ստանալն է և՛ այն ժողովրդին վերադարձնելն է: Կյանքում այնպես չի լինում. որևէ մեկը չի կարող վարչապետ լինելով՝ միաժամանակ և՛ իշխանություն ստանալ, և՛ վերադարձնել այն: Դա անհեթեթություն է: Շարունակենք: 2018 թ.-ի մայիսի 8-ից մինչև 2020 թ.-ի նոյեմբերի 9-ը որևէ մեկը չի փորձել իշխանություն խլել  Փաշինյան Նիկոլից, և եթե համարենք, որ Փաշինյան Նիկոլը հենց ժողովուրդն է, որ կա, ապա՝ ժողովրդից: Այնպես, որ եթե խլող չի եղել, ապա պահելու խնդիր էլ չէր կարող լինել: Իսկ եթե պահելու խնդիր չի եղել, ապա անիմաստ է խոսել նաև, թե ում համար է պահվել այդ իշխանությունը: Սա թիվ 2 (ինչպես սիրում է արտահայտվել Փաշինյան Նիկոլը) անհեթեթությունն է:

Այնուամենայնիվ, շարունակենք. եթե, ինչպես Փաշինյան Նիկոլն է ասում, իշխանությունը պահվել է, որպեսզի վերադարձվի ժողովրդին, ապա ո՞վ էր այդ դեպքում իշխանություն այն երեք տարիներին, երբ պահվում էր այդ իշխանությունը: Ժողովո՞ւրդը. եթե ժողովուրդը, ապա ժողովրդին պատկանող իշխանությունը ինչպե՞ս կարող է վերադարձվել ժողովրդին: Անհեթեթություն (թվով երրորդը): Իսկ եթե Փաշինյան Նիկոլն էր իշխանություն, ապա չէ՞ որ ինքը հենց ժողովուրդն է, որ կա: Նորից ստացանք նույն անհեթեթություն՝ չորրորդը: 

Եվ վերջինը՝ եթե «իշխանությունը հրապարակում կանգնած մարդիկ են», ապա ո՞վ և ո՞ւմ է, ի վերջո, վերադարձնում իշխանությունը: Կրկին անհեթեություն (հինգերորդը): Եվ եթե «իշխանությունը հրապարակում կանգնած մարդիկ են», ապա ի՞նչ է նշանակում «մենք պիտի Հայաստանում վերահասատենք ժողովրդի իշխանությունը» արտահայտությունը. եթե հրապարակում կանգնած մարդիկ իշխանություն են, որ կան, ապա ի՞նչ է նշանակում  վերահաստատելու  ժողովրդի իշխանությունը… Կրկին անհեթեթություն (վեցերորդը)…
Այսպիսով, 5 տող արտասանված խոսքում առկա է վեց անհեթեթություն: Նման շարադրությունն գրած աշակերտին՝ էլ չեմ ասում ուսանողին, ուսոցիչը կնշանակեր ամենացածր գնահատականը: Բայց պետք է խոստովանել, որ դա դուր է գալիս հրապարակում կանգնած մարդկանց: Դուր է գալիս, որովհետև դժվար է հետևել բանավոր խոսքի տրամաբանական կապակցվածությանը: Որովհետև մարդիկ սովորաբար ընկալում են ամեն մի առանձին նախադասությունը, սակայն չեն  հետևում դրանց կապին: Եվ չեն կարող հետևել, որվհետև այդ կապը սովորաբար հռետորների բանավոր խոսքում բացակայում է: Դա որպես նախկին լրագրող եմ ասում, որը տարիներ շարունակ ընտրությունների քարոզարշավներին ստիպված էր հետևել հռետորների խոսքին ու այդ ամենը կապակցված ներկայացնել իր ընթերցողներին:
Իսկ հիմա վերադառնանք այն հարցին, թե ինչու 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին մարդիկ փորձեցին իշխանությունը խլել  Փաշինյան Նիկոլից: Որովհետև վերջինս առանց որևէ մեկիս տեղյակ պահելու ստորագրեց խայտառակ պարտության համաձայնության տակ:

Իսկ մինչ այդ, եթե հիշում եք, Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարում էր, որ առանց մեզ հետ խորհրդակցելու ինքը երբեք որևէ բան չի անելու և այդ թվում՝ որևէ թուղթ չի ստորագրելու: Ու երդվում էր: Սակայն նոյեմբերի 9-ին ինքը դրժեց իր խոսքը՝ մեզ «պարգևելով» ծանր ու խայտառակ պարտության համաձայնություն: Իսկ հետո սկսեց արդարանալ՝ թե ինչու է այդպես անել: Իսկ մարդկային պատմության մեջ չկա այնպիսի դեպք, երբ նման թուղթ ստորագրողն առնվազն հրաժարական չտա, եթե ինքնասպանություն չի գործում: Սակայն Փաշինյան Նիկոլը զուրկ է պարզ մարդկային արժանապատվությունից, և նա ո՛չ ինքնասպանություն գործեց և ո՛չ էլ գոնե հրաժարական ներկայացրեց: Դրա փոխարեն ինքը շարունակեց մեր հայրենիքը մաս-մաս նվիրել ադրբեջանցիներին՝ թույլատրելով նրանց սպանել կամ գերեվարել մեր տղաներին: Ու այսօր էլ մեզ հիմարի տեղ դրած՝ փորձում է վերահաստատել իր, անձնապես իր իշխանությունը, որպեսզի չկանգնի դատարանի առջև: Որովհետև հաստատ գիտի, որ իշխանություն կորցնելու դեպքում կորցնելու է դատարանի առջև:   

Եվ վերջում մեկ-երկու խոսք այն մասին, թե ինչ է նշանակում ժողովրդի իշխանություն Փաշինյան Նիկոլի պատկերացմամբ: Նրա պատկերացմամբ ժողովրդի իշխանությունը նշանակում է, որ այդ ժողովուրդը պետք է շարունակի կռացած վիճակում երթևեկել «մարշրուտկում», երբ ինքն առնվազն 10 մեքենայով է շրջում Երևանում կամ մարզեր այցելելուց: Փաշինյան Նիկոլի պատկերացմամբ, ժողովրդի իշխանությունը նշանակում է, որ այդ ժողովուրդը կարող է օրը ցերեկով դանակահարվել կամ հրազենով սպանվել փողոցում, երբ ինքը կառավարության մի շենքից մյուսն է գնում հարյուրավոր ոստիկաններով շրջապատված: Փաշինյան Նիկոլի պատկերացմամբ, ժողովրդի իշխանությունը նշանակում է, որ այդ ժողովուրդը մի կերպ հացի խնդիր է լուծում, իսկ իր կինն իր ղեկավարած մասնավոր հիմնադրամի հաշվին, որին մուծվում են գործարարները՝ փոխանակ հարկեր վճարեն պետությանը, իր զավակների հետ ֆրֆռում է ռուսաստաններում, ամերիկաներում և այլուր: Փաշինյան Նիկոլի պատկերացմամբ, ժողովրդի իշխանությունը նշանակում է, որ այդ ժողովրդին պատկանող՝ ինձ նման մարդիկ նոր տարի չեն նշում (չնայած իմ ընտանիքում զոհեր չեն եղել), իսկ իր կինը զավակների հետ միասին 2021թ.-ի հունվարի 12-13-ին հին նոր տարի էր նշում Մոսկվայի ռեստորաններից մեկում: 

Ցանկության դեպքում կարելի է այս շարքը շարունակել, և դա կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, թե ինչ է նշանակում ժողովրդի իշխանությունն իսկապես ժողովրդի համար, և այդ նույն իշխանությունը Փաշինյան Նիկոլի ընտանիքի համար: Եվ եթե ժողովուրդը ցանկանում է, որպեսզի այդ ամենը շարունակվի՝ նա կարող է հունիսի 20-ին իր ձայնը տալ Փաշինյան Նիկոլին: Եվ վերջապես՝ եթե ժողովուրդը ցանկանում է, որ իրեն հիմարի տեղ դնեն՝ կեղծ սիրո և խոնարհության խոստովանությամբ՝ ինչպես դա անընդհատ անում է Փաշինյան Նիկոլը, ապա կարող է ձայն տալ նրան հունիսի 20-ին: Բայց հետո չասի՝ թե մեզ խաբեցին, մեզ հիմարացրին՝ մենք միամիտ էինք: