Երեկ չցավակցեց, իսկ 2015-ին Ծիծեռնակաբերդում բոցաշունչ ելույթ ունեցավ

Երեկ չցավակցեց, իսկ 2015-ին Ծիծեռնակաբերդում բոցաշունչ ելույթ ունեցավ

Պուտինն այս տարի չցավակցեց հայերին կամ ուղերձ չհղեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակացությամբ։ 

Եթե նախորդ տարիներին Կրեմլի ղեկավարը պարբերաբար հանդես էր գալիս ապրիլքսանչորսյան ուղերձով, ապա այս տարի ոչ մի ձայն։

Վերջին անգամ, ի դեպ, Վլադիմիր Պուտինն անցյալ տարի է համերաշխություն հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ։

Ճիշտ է, դա հնչել էր Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ապրիլի 24-ից երկու օր անց։
Ավելի վաղ, 2015-ի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, Ռուսաստանի նախագահը համաշխարհային մի շարք առաջնորդների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշամալիր և բոցաշունչ ելույթ ունեցավ։ Նա ընդգծեց, որ իրենք միշտ ասել են՝ զանգվածային անկարգություններին արդարացում չկա:

«Ավելի քան 1,5 մլն խաղաղ բնակիչներ զոհվեցին, մյուսները աքսորվեցին, ենթարկվեցին զանգվածային խոշտանգումների: 1915թ. դեպքերը ցնցեցին ողջ աշխարհը: Հենց ռուսական դիվանագիտությունն է հասել տեղի ունեցած դեպքերի միջազգային դատապարտմանը: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է նույնը: Մենք միշտ ասել ենք, որ զանգվածային սպանություններին չկա և չի կարող արդարացում լինել», – նշեց նա:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ այժմ մի քանի տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, հակառուսականությունը: «Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի անցյալի դեպքերը չկրկնվեն: Ցավոք, հիմա շատ տարածաշրջաններում գլուխ են բարձրացնում նեոֆաշիզմը, հակառուսականությունը: Պետք է հարց տալ, թե ինչու է դա տեղի ունենում և որն է պատճառը: Պետք է մտածել հետևանքների մասին, հիշելով ոզղբերգությունները` պետք է առաջ քայլենք, հավատանք գործընկերությանը, բարությանը: Միայն այդպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել, մենք ձեզ հետ ենք, ընկերնե´ր», – եզրափակեց նա:

Թե որքանով էր և է՛ նա մեզ հետ, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ նրանց՝ մեր դարավոր բարեկամների ու ռազմավարական դաշնակիցների հետ, առանձին թեմա է, որովհետև թշնամուն անգամ վշտի պահին կարելի է ցավակցել, այն, ինչ արեց նույն Էրդողանը երեկ, թեկուզ խեղաթյուրված մատուցմամբ, պատմության նենգափոխմամբ և կոնկրետ հասցեագրված Թուրքիայի հայերին։

Ի դեպ, 2015-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում Պուտինի հնչեցրած խոսքերը մեծ աղմուկ էին հանել Թուրքիայում, որտեղ պաշտոնական մակարդակով դատապարտել էին նրա հայտարարությունները։

Իսկ այսօր Թուրքիան և Ռուսաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը շահերի միևնույն ծիրում են․ հավերժական թշնամիներ չկան, կան հավերժական շահեր բազմադարյա օրինաչափությանը համահունչ։ Իսկ մենք Նիկոլի շուրթերով հայտարարում ենք, թե տեղահանությունն ու ցեղասպանությունը դատավճիռ չեն և որ պետք է հաղթահարել այդ հոգեցնցումը (բառն իրենն է)։

Մի ողջ ժողովրդի՝ բնավեր արցախցիներից մինչև Հայաստանում ապրողներ, տավուշյան ճակատամարտի առաջամարտիկներ հոգեցնցման մեջ գցածը խոսում է այն հաղթահարելուց։ Եվ այստեղ, իրոք, Պուտինի ցավակցական ուղերձը այլևս չի փոխի իրերի դրությունը․․․